Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՆԳՐԵՍԸ ԲԱՆԱՁԵՎԻ ՆԱԽԱԳԻԾ Է ՄՇԱԿԵԼ

Սեպտեմբեր 15,2010 00:00

Ու վստահեցնում է, թե իշխանությունների կողմից այն ՄԱԿ-ին ներկայացնելու դեպքում ՀԱԿ-ը չի չարախնդա ու չի խանդի

Հայ ազգային կոնգրեսը ՀՀ իշխանություններին տարիներ շարունակ մեղադրում է արտաքին քաղաքականության ասպարեզում Հայաստանին եւ Ղարաբաղին վերաբերող զարգացումներին ընդամենը արձագանքելու, նախաձեռնություն չդրսեւորելու մեջ: Երեկ ՀԱԿ-ը հանդես է եկել հերթական նախաձեռնությամբ: Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հետ կապված իրավիճակի վերաբերյալ բանաձեւի նախագիծ է ներկայացրել՝ որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում Հայաստանի կողմից հնարավոր նախաձեռնության օրինակ:

Կոնգրեսի առաջարկած ավելի քան 4 էջանոց այդ բանաձեւի նախագծում մեջբերված են ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները, այլեւ ՄԱԿ-ում ԼՂ վերաբերյալ ընդունված բոլոր 4 բանաձեւերը, ինչպես նաեւ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի առանձին դրույթները: Ընդգծված է, թե ԼՂ «հակամարտության անհերքելի սկզբնաղբյուրն ու անվիճելի պատճառը եղել եւ մնում են ադրբեջանական իշխանությունների կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հայազգի բնակչության դեմ՝ ի պատասխան նրա սահմանադրական իրավունքները, այդ թվում՝ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն իրականացնելու օրինական փորձին», հիշեցում կա առ այն, որ «Ադրբեջանի կողմից ԼՂ շրջակա տարածքների կորուստը ուղղակի հետեւանք» է վեճը ՄԱԿ-ի կանոնադրության սահմանած՝ խաղաղ միջոցներով կարգավորելու նրա համառ մերժման եւ հակամարտության սկզբնական փուլում հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու նրա փորձի»:

ՀԱԿ-ի ներկայացրած բանաձեւի նախագիծը եզրափակվել է 9 կետից բաղկացած դիտարկումներով եւ կոչերով: «Դիտարկելով ագրեսիայի այս դրսեւորումները որպես Ադրբեջանի վերադարձ հակամարտության խաղաղ կարգավորման մերժման իր քաղաքականությանը, որը հակասում է Ադրբեջանի միջազգային պարտավորություններին, խոչընդոտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցությունների գործընթացին եւ վտանգում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը»՝ ՀԱԿ-ի ներկայացրած բանաձեւի նախագիծը «վերահաստատում է շարունակական կիրառելիությունը բոլոր համապատասխան միջազգային իրավունքի նորմերի, այդ թվում՝ մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների միջազգային իրավունքի, ԼՂ հակամարտության իրավիճակին վերաբերող», «կրկին ողջունում եւ բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված հակամարտության վերջնական կարգավորման եւ Լեռնային Ղարաբաղում կայուն ու բանակցված խաղաղության ու հաշտեցման հասնելուն», «վերահաստատում է նաեւ, որ հակամարտության տեւական կարգավորման եւ կայուն խաղաղության համաձայնության կարելի է հասնել միայն, երբ հակամարտության իրական պատճառները ճիշտ հասցեագրվեն եւ վերացվեն», «վճռականորեն կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին խստորեն պահպանել եւ հարգել միջազգային իրավունքի կանոնները եւ սկզբունքները, մասնավորապես վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքը, վերացնել ազգային կամ ռասայական անհանդուրժողականության, ատելություն պարունակող խոսքի եւ բռնություն հրահրելու ցանկացած դրսեւորում», «կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ռազմատենչ հայտարարություններից, ուժի կիրառման սպառնալիքներից կամ կիրառումից, եւ հիշեցնում է, որ ուժի կիրառման սպառնալիքը կամ կիրառումն անթույլատրելի են միջազգային իրավունքի շրջանակներում, վտանգում են միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, չեն կարող հանդուրժվել եւ հանգեցնում են միջազգային պատասխանատվության», «դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերը եւ ափսոսանք է հայտնում կյանքերի կորստի կապակցությամբ», «կոչ է անում ներգրավված կողմերին խստորեն կատարել զինադադարի համաձայնագիրը, անմիջապես հասնել այնպիսի լրացուցիչ համաձայնությունների, որոնք կարող են անհրաժեշտ լինել այս հարցում եւ ձեռնպահ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են նպաստել բռնությունների կրկնությանը եւ կարող են խանգարել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին», «խնդրում է Գլխավոր քարտուղարին ներկա բանաձեւը հանձնել բոլոր կառավարությունների, Միավորված ազգերի կազմակերպության իրավասու մարմինների, մասնագիտացված գործակալությունների եւ տարածաշրջանային միջկառավարական կազմակերպությունների ուշադրությանը» եւ «որոշում է մնալ այս հարցով շահագրգռված»:

ՀԱԿ-ի ներկայացուցիչների պնդմամբ, Կոնգրեսը չի չարախնդա, եթե իշխանությունները կյանքի կոչեն ընդդիմության ներկայացրած փաստաթուղթը: «Եթե իշխանությունները խելք ունենային, ապա վաղուց ՄԱԿ ներկայացրած կլինեին բանաձեւեր, որոնցով կհակակշռեին Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւերը: Մենք այդ շանսը իրենց տալիս ենք եւ չենք չարախնդալու, եթե իրագործեն: Մենք չենք ասելու՝ տեսեք, մենք իրենց սովորեցրինք սա: Հանուն գործի՝ թո՛ղ անեն: Բայց եթե չանեն էլ, ապա գոնե ժողովուրդը կտեսնի, որ երկրում կա քաղաքական ուժ, որն ունի կառավարման ծրագրեր, ստեղծված ծանր իրավիճակներից ելքեր եւ ելքերի առաջարկներ: Երբ դու ցույց ես տալիս, որ կարող ես երկիր կառավարել, ժողովուրդը սկսում է քեզ վստահել»,- մասնավորապես հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Երեկ «Առավոտը» փորձեց ճշտել ՀՀ ԱԳՆ-ի վերաբերմունքն այս նախաձեռնությանը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հրաժարվեց մեկնաբանել այդ նախաձեռնությունը՝ այն անհեթեթ համարելով: Այլ աղբյուրներ, սակայն, հայտարարեցին, թե ՀԱԿ-ի առաջարկն ուշադրության արժանի չէ հենց միայն նրանով, որ ՀՀ-ն ՄԱԿ-ում Ադրբեջանի նմանատիպ նախաձեռնությանը հակադրում է այն պնդումը, թե ԼՂ վերաբերյալ հարցը, բացի ԵԱՀԿ ՄԽ-ից, որեւէ այլ ձեւաչափով քննարկման առարկա դառնալ չի կարող, որովհետեւ հնարավոր է, որ այն խոչընդոտի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Հիմա, ըստ էության, Հայաստանին նույնն անելու ճանապարհը ՀԱԿ-ն է ցույց տալիս, ինչը, առնվազն, անտրամաբանական է:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը ՀԱԿ-ի նախաձեռնությունը համարեց որպես իշխանությունների այլընտրանքային մոտեցում, բայց եւ քննադատության ենթարկեց բանաձեւի այս նախագիծը՝ համարելով, որ այն ադրբեջանական նախագծի չափ վտանգավոր է Հայաստանի համար եւ կարող է մեր երկրի նկատմամբ հավելյալ ճնշումների առիթ դառնալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել