Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ ՓՈՐՁԵԼ ԷԻՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՑՆԵ՞Լ

Սեպտեմբեր 15,2010 00:00

\"\"

Նրանց ասվել է, թե ԵԽ Վենետիկի հանձնաժողով ուղարկված «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը մշակվել է ընդդիմության հետ համատեղ՝ նախկինում գործող աշխատանքային խմբում:

ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրական հարցերով փորձագետներ Նիկոլա Շմիթը, Դրյու Հիսլոփը եւ Սիմոնա Գրանաթա-Մենգինին երեկ առանձին հանդիպումներ են ունեցել խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ: Քննարկման թեման «Ընտրական օրենսգրքում» նախատեսվող փոփոխություններն էին: Սակայն առավել անդրադարձել են այն հարցին, թե արդյոք իշխանության կողմից Վենետիկի հանձնաժողով մասնագիտական խորհրդատվության համար ուղարկված երկու նախագծերը արտացոլո՞ւմ են «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի առաջարկները:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, որը Ստյոպա Սաֆարյանի եւ Զարուհի Փոստանջյանի հետ միասին մասնակցել էր այս հանդիպմանը՝ «Առավոտին» պատմեց. «Սխալ տեղեկություն էր նրանց մատուցվել, թե ներկայացված օրինագծերը 2 տարի առաջ գործող ԱԺ աշխատանքային խմբի մշակած առաջարկներն են, ինչն իրականում այդպես չէ: Եվ ասվել էր, թե ընդդիմությունն իբր այդ նախագծերից մեկին համաձայն է: Հանդիպման ժամանակ փորձագետները մեզ հարցրին այդ մասին: Ըստ նրանց՝ 2 առաջարկներից մեկը տրվել է ԱԺ մեծամասնության, մյուսը՝ ԿԸՀ կողմից»:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, որն էլ Արմեն Ռուստամյանի եւ Արտյուշա Շահբազյանի հետ էր հանդիպել եվրոպական փորձագետներին՝ մեզ հայտնեց, թե նրանց ցանկությամբ՝ առաջարկների բովանդակային քննարկում չի եղել, քանի որ դրանց առանձին են անդրադառնալու: Առավել արծարծել են փոփոխությունների ընթացակարգին առնչվող հարցեր, ու նաեւ՝ այս հանդիպման ժամանակ էլ են փորձագետները փորձել պարզել նույն հարցը Վենետիկի հանձնաժողով ուղարկված նախագծերի վերաբերյալ. «Ասացինք, թե դրանք չեն կարող ներկայացվել որպես աշխատանքային խմբի նախագծեր, քանի որ խումբը չի մշակել այդ նախագծերը՝ համենայնդեպս, ՀՅԴ ներկայացուցիչները: Եվ այդ նախագծերը պետք է դիտել իբրեւ բացառապես իշխանության տեսակետ, որին պետք է հակադրել ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» ներկայացրած առաջարկները: Սա՝ 1-ին սկզբունք: 2-րդ սկզբունքը՝ առանց մեր մասնակցության մեր առաջարկները չեն կարող քննարկվել իշխանությունների հետ: Եվ 3-րդ կարեւոր սկզբունքը՝ անհրաժեշտ է հաշվի առնել Եվրոպայի խորհրդի պահանջը, թե ընտրական օրենսդրությունում փոփոխությունները պետք է իրականացվեն համախոհության սկզբունքով, այլ կերպ ասած՝ ընդդիմությունը պետք է մասնակցություն ունենա: 4-րդ սկզբունքը՝ մեր պահանջն է, որ քննարկումները լինեն բազմակողմանի, հնարավորինս ընդգրկուն եւ լայն մասնակցությամբ: Նաեւ ասացինք, թե ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի նիստում նախատեսվող լսումներում մեր կուսակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը պահանջելու է, որ ընտրական օրենսդրության փոփոխությունները հիմնված լինեն վերոհիշյալ սկզբունքների վրա»:

Հարցին, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել եվրոպական փորձագետների հետ՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Եվս մեկ անգամ մեր առաջարկները հայտնեցինք «Ընտրական օրենսգրքի» վերաբերյալ՝ հիմնավորելով, թե հատկապես ինչու են դրանք կարեւոր: Նաեւ մեր պատրաստակամությունը հայտնեցինք, որ եթե լինի համապատասխան աշխատանքային մթնոլորտ՝ համատեղ աշխատենք ի նպաստ այդ օրենսդրական բարեփոխումների: Բայց այդ աշխատանքային խումբը պետք է լինի իսկապես միտված աշխատանքային բնականոն հարաբերությունների, եւ մշակված առաջարկները պետք է ներառվեն նախագծում: Այլ ոչ թե՝ ինչպես 2 տարի առաջ եղավ, բավական մեծ թվով առաջարկներ մշակվեցին, բայց դրանք որեւէ կերպ չարտացոլվեցին «Ընտրական օրենսգրքում»:

Արծվիկ Մինասյանը պատմեց, որ եվրոպացի փորձագետները ՀՅԴ-ի հետ հանդիպման ժամանակ ասել են, որ սեպտեմբերի 15-ին հանդիպելու են իշխանության ներկայացուցիչների հետ եւ քննարկելու առաջարկները. «Եվ անպայման պնդելու են, որ լինի նաեւ քաղաքական լայն մասնակցություն ու ընտրական օրենսդրության փոփոխությունների շուրջ երկխոսություն ծավալվի իշխանության եւ ընդդիմության միջեւ: Նաեւ հայտնեցին, թե իրենք չեն ասելու՝ որն է լավը, որը՝ վատը, ուղղակի նշելու են ընտրական հանձնաժողովների կազմավորման երկու լուծումների թե՛ առավելությունները, թե՛ թերությունները: Եվ վերջապես՝ ծանոթ լինելով առաջարկներին, համակարծիք են, թե լուծումը բացառապես պետք է տրվի լայն քննարկումների միջոցով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել