Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն ՀՀ-ի վտանգավորության երաշխավորն է»

Սեպտեմբեր 15,2010 00:00

Ասում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը

«Գյումրիում ռուսական ռազմաբազայի ժամկետի երկարաձգման երկկողմ պայմանագիրը հերթական թակարդն է Հայաստանի համար». կարծիքի հեղինակը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն է: Երեկ նա այն հնչեցրեց Մամուլի ազգային ակումբում: «Դեռեւս 1995 թվականին կնքված պայմանագրում կա մի բացթողում, որն արվել է միտումնավոր»,- հավելեց Հայրիկյանը՝ պարզաբանելով, որ բացթողումն այն է, որ պայմանագրում չի նշվել, թե ինչ պայմաններով կարող է դադարեցվել այդ համագործակցությունը։ Մինչդեռ վկայակոչելով միջազգային փորձը՝ նա ընդգծեց, որ երկարաժամկետ պայմանագրերն առանց դադարեցման հնարավորության չեն կնքվում։ Այնուհանդերձ, «դառն իրականությունը» չի մթագնել քաղաքական գործչի իմաստնությունը, եւ հայ-ռուսական այդ պայմանագրում նաեւ դրական կողմեր է տեսնում, մասնավորաբար՝ այն, որ ըստ պայմանագրի, կողմերին չի արգելվում համագործակցել այլ կառույցների հետ: ԱԻՄ առաջնորդը դեմ չէ հայ-ռուսական հարաբերություններին, ինչպիսին դրանք անկախության առաջին տարիներին էին: Այդ ժամանակ, Հայրիկյանի համոզմամբ, Ռուսաստանը չէր առաջնորդվում բացառապես իր շահերով, այլ՝ արժեքներով: Բանախոսի կարծիքով՝ Ռուսաստանը Հայաստանի ոչ թե անվտանգության, այլ վտանգավորության երաշխավորն է. «Եթե հիշենք վերջին մի քանի հարյուրամյակը, ապա հայ ժողովրդի բոլոր փորձանքները եկել են Ռուսաստանից»:

ԱԻՄ առաջնորդի հրավիրած մամուլի ասուլիսի հիմնական թեման ՀՀ անկախությունն էր՝ Անկախության առաջիկա տոնի համատեքստում: Ավանդույթի համաձայն, Հայրիկյանն այդ առիթով երեկ էլ բարձրաձայնեց իր դատողությունները, գովերգեց ու փառաբանեց անկախության գաղափարը եւ անկախության մարտիկների շարքում գովասանքի ամենամեծ բաժինը, բնականաբար, հատկացրեց ԱՄԿ ժառանգորդ ԱԻՄ-ին ու ԱԻՄ անկրկնելի ղեկավարին՝ ի դեմս իրեն: Լրագրողների խնդրանքով անդրադառնալով հայկական բանակում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններին՝ մասնավորաբար, ինտերնետում հայտնված վերջին տեսահոլովակին՝ անկախության մարտիկը նկատեց, որ այս ամենը անկախությունից, ժողովրդավարությունից եւ բաց հասարակությունից հեռանալու հետեւանքներն են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել