Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդի ճաշակն ընկե՞լ է

Սեպտեմբեր 14,2010 00:00

\"\"Դերասան Արա Դեղտրիկյանը կարծում է, որ սրանում մեղավոր են անհաջող ներկայացումները, ֆիլմերը, եթերի գռեհիկ հումորը:

Սեպտեմբերի 15-24-ը ԹԳՄ-ի եւ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ կանցկացվի Վ. Փափազյանի անվան շեքսպիրյան միջազգային 8-րդ փառատոնը, որն այս տարի նվիրվելու է հայ մեծ թատերագետ, ակադեմիկոս Ռուբեն Զարյանի 100-ամյակին: Փառատոնը կմեկնարկի «Լեգենդ Մակբեթի մասին» բեմադրությամբ, որով կբացվի նաեւ Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի աշնանային թատերաշրջանը: Երեւանում անցկացվող փառատոնին այս տարի կլինի Ցյուրիխի դրամատիկական թատրոնը՝ բեմադրիչ Փիթեր Բրուկի «Warum-Warum» ներկայացմամբ, Լվովի «Վոսկրեսենիե» եւ Իտալիայի «Ինսթաբիլի Վագանտի» թատրոնները: Շեքսպիրյան փառատոնին իրենց ներկայացումներով հանդես կգան նաեւ երեւանյան եւ մարզային մի քանի թատրոններ:
Խոսվեց «Լեգենդ Մակբեթի մասին» ներկայացման մասին, որը բեմադրել է երիտասարդ ռեժիսոր Վահան Բադալյանը, գլխավոր դերում էլ Արա Դեղտրիկյանն է: Երեկ Վ. Բադալյանը եւ Ա. Դեղտրիկյանը «Հենարան» ակումբի հյուրը պետք է լինեին, սակայն ռեժիսորը ինչ-ինչ պատճառներով հրաժարվել էր հանդիպել լրագրողների հետ: Չի բացառվում, որ պատճառը հարցերից խուսափելն էր: Չնայած երիտասարդ ռեժիսորին հասցեագրված հարցեր, այնուամենայնիվ, հնչեցին: Մասնավորապես, արդյո՞ք Վ. Բադալյանը կարողացել է բարձրակարգ Շեքսպիր բեմադրել… Այս առիթով Ա. Դեղտրիկյանը երիտասարդ ռեժիսորի ներկայացումը հաջողված համարեց: Նշենք, որ դերասանը, բացի թատրոնում խաղալուց, նաեւ նկարահանվում է ֆիլմերում: Մերօրյա սերիալների մասին ասում է՝ դրանցում վատ բան չի տեսնում, կարծում է, որ այդ ֆիլմերում նկարահանվելով շատ պրոֆեսիոնալ դերասաններ հնարավորություն են ունենում աշխատել իրենց մասնագիտությամբ եւ գումար վաստակել: Բանախոսը, սակայն, գտնում է, որ սերիալների որակի վրա պետք է աշխատել: Նա համոզված է, որ սերիալներում պատահական մարդիկ շատ են հայտնվում ու պետք է մտածել՝ ինչպես անել, որ էկրանին հաճելի դեմքեր երեւան. «Սերիալներում առաջին հերթին պրոֆեսիոնալ մարդկանց պակաս կա, մենք չունենք սցենարիստներ, իսկ ֆիլմի հաջողության 90%-ը գալիս է հենց գրական նյութից: Եթե նյութը եղավ տափակ ու գռեհիկ, վատ գրական լեզվով, որակ չի կարող լինել»: Դեղտրիկյանին մտահոգում է այն, որ հայ հանդիսատեսը հեռացել է թատրոնից, ցավ է ապրում, երբ լսում է, որ 20-25 տարեկան երիտասարդը ներկայացում չի դիտել: Չնայած ինտերնետի այս դարաշրջանին, նա վստահ է՝ «Եթե հետաքրքիր, մարդուն հուզող բեմադրություններ լինեն, բեմի վրա մարդը տեսնի պրոֆեսիոնալ դերասանի խաղ, կամաց-կամաց կսկսի վերադառնալ թատրոն»: Մեր հարցին, մի՞թե այդքան մռայլ է մերօրյա թատրոնը՝ դերասանը պատասխանեց. «Ստացված ներկայացումներ իհարկե կան, բայց քիչ են, մատների վրա կարող ես հաշվել»: Ըստ նրա, պետության եւ մասնավորապես մշակույթի նախարարության աջակցությունն է կարեւոր, որպեսզի շնորհալիները ստվերում չմնան. «Թացն ու չորը խառնվել են իրար, չափանիշների մասին՝ էլ չեմ խոսում, ժողովրդի ճաշակն ընկել է ու այն պետք է բարձրացնել: Սրանում մեղավոր են նաեւ անհաջող ներկայացումները, ֆիլմերը, գռեհիկ հումորը, որ տեսնում ենք եթերում»: Ինչ վերաբերում է Գ. Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար ունենալ-չունենալու հարցին, բանախոսը գտնում է, որ ղեկավար ունենալը պարտադիր է. «Թատրոնն ինքը մի փոքր պետություն է ու գլխատված մնալ չի կարող: Թատրոնը պետք է ունենա լիդեր, որն իր հետեւից կտանի համախոհներին, դերասաններին»: Դերասանի խոսքերով, ինքը ցանկություն ունի խաղալ լավ ֆիլմում, նկարահանվել լավ ռեժիսորի մոտ, ներկայացումների մեջ էլ՝ աշխատել պրոֆեսիոնալ ռեժիսորի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930