Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԹԱՏԵՐԱԽՄԲԵՐ՝ ԳՈՐՇՈՒԹՅԱՆ ՖՈՆԻՆ

Սեպտեմբեր 14,2010 00:00

\"\"Կամ ինչո՞վ է բացատրվում դրանց ծնունդը

Աշխարհում սկիզբ առած փոքր ու էքսպերիմենտալ-փողոցային թատրոնների ավանդույթը վերջին շրջանում թափանցել է նաեւ Հայաստան: Սա առիթ է երիտասարդ դերասաններին՝ ստեղծելու նոր թատերախմբեր, այսպես նաեւ հակադրվելու այն պահպանողականությանն ու անհասկանալի, անծրագիր գործունեությանը, ինչը որդեգրել են շատ թատրոններ՝ իրենց դռները ամուր փակելով նորարարության առջեւ: Հորինելով «ազատ բեմ» կամ նման սպեկուլյատիվ արտահայտություններ, ոմանք, այդ թվում նաեւ ՀՀ մշակույթի նախարարությունը, փորձում են այն երեւակայությունը ստեղծել, թե մեզանում ամեն ինչ արվում է թատերական փորձարարության համար: Մինչդեռ իսկապես փորձարարները նախարարության տեսադաշտից դուրս են:
\"\"Ցոլակ Մլքե-Գալստյանի հիմնած «Միհր» թատրոնը, Կարապետ Բալայանի շրջիկ, Արա Հարությունյանի «Միմ ստուդիո» թատերախմբերը, Վանաձորում ստեղծված «Բոհեմը» (ղեկավար՝ Արամայիս Սարգսյան) երեւույթներ են, որոնք հնարավորություն են տալիս դիմելու տարբեր թատերաձեւերի, աշխուժացնելով մեր թատերական կյանքը: Ընդ որում, հիշյալ խմբերի առիթով «Առավոտի» հետ զրուցած մասնագետները ափսոսանք են հայտնում, որ նրանց բեմելները քիչ են, տառացիորեն՝ տարին 1-3 անգամ, ինչի պատճառը մեկն է՝ ֆինանսը:
Մեր զրուցակիցը՝ արվեստագիտության թեկնածու Վասիլի Գեւորգյանը (նկարում) համակարծիք էր վերը շարադրվածին: Նրան խնդրեցինք իր ընտրությամբ մեկնաբանել նշված թատերախմբերից որեւէ մեկի ցանկացած բեմադրություն: Մեր զրուցակիցը ընտրեց այս տարի ընդամենը երեք անգամ հանդես եկած «Միմ ստուդիոյի» «Համերգը» ներկայացումը: Այս թատերախումբը ստեղծվել է 2003թ. եւ ունի 3 դերասան՝ Արա Հարությունյան, Հայկ Իսրայելյան, Հովհաննես Հաջինյան:

Երգող միմեր
«Վերնագիրը կարդալով՝ ընթերցողը հավանաբար կպատկերացնի հերթական շոու-ծրագիրը, որի ժամանակ երիտասարդ արտիստները (Արա Հարությունյան, Հայկ Իսրայելյան, Հովհաննես Հաջինյան) ներկայացել են իրենց շնորհի մեկ այլ երանգով: Սակայն այս դերասանները մեղեդի ստեղծելու համար ձայնալարերը բանեցնելու կարիք չունեն: Նրանց երգը շարժման մեջ է: Կամ ավելի ճիշտ՝ երգ է հենց շարժումը: Երգարվեստում որոշիչ են տեմբրը, դիապազոնը, արտաբերած բառերի ու հնչյունների հստակությունն ու տոնը: Նմանապես «Միմ ստուդիոյի» ներկայացման համար կարեւոր է ամեն տարր-շարժում, կարեւոր է իր բնույթով, ռիթմով, կենսական լիցքով ու ավարտվածությամբ: Նապոլեոնը բեմում քայլում է ռոբոտի պես, բայց շարժումը կտրուկ չի ավարտվում. իրանը գրեթե աննկատ ճոճվում է, դերասանը կրում է իր վիճակը մինչեւ վերջ, մարեցնում աստիճանաբար: Սա ստեղծագործողի՝ Արա Հարությունյանի պատկերացումն է իր կերպարի մասին՝ ի՞նչ նյութից է նա, ի՞նչ եռանդով է շարժվում, ի՞նչ նպատակներով է մղվում: Նրա կողքին Հայկ Իսրայելյանի Հիտլերը՝ ավելի կոպիտ, գերմանական, նույնպես մեխանիզմի բնույթով: Բռնակալների խորհրդանշական պատերազմի ավարտին հայտնվում է Հովհաննես Հաջինյանը եւ տալիս է նախ ընթացքի տրամաբանական ավարտը՝ սանիտարը հանգստացնող դեղ է ներարկում հիվանդներին, հետո նաեւ գեղարվեստական ամբողջացումը՝ կատարում է մի քանի պարային շարժում, շատ պլաստիկ, ռիթմիկ, բնույթով ժամանակակից: Պարային շարժումները՝ երեք-չորս րոպեանոց տեսարանը բարձրացնում են անեկդոտի մակարդակից, իմաստավորում այլ ոլորտում:
Մյուս հատվածներում նույնպես սյուժեն ընդամենը մի առիթ է, որի վրա հավաքվում է իմաստային այլ շերտ: Իսկ պատումը կարելի է ներկայացնել մեկ նախադասությամբ. «երեք երիտասարդներ պարում են փողոցում դրամ հավաքելու հույսով» կամ «մի ծաղրածու ուզում է խաղալ փուչիկով, մյուս երկուսը պայթեցնում են այն»: Արդյո՞ք նման պատմությունն ի զորու է հանդիսասրահից բուռն, չընդհատվող արձագանք քաղել: Դիպուկ են գտնված հերոսների հարաբերություններն արտահայտող դետալները, ամեն վայրկյան բեմում տեղի է ունենում անսպասելի մի բան, եւ ամեն շրջադարձ կրում է կենսահաստատող ներուժ: Օճառաջրից փուչիկներն անսպասելի են հերթական պայթեցված ռետինե փուչիկից հետո, նրանք հանդիսատեսին տանում են դեպի մանկություն եւ խորքում ապրելու լիցք տալիս՝ դրանք անհաղթահարելի են երկու «խուլիգան» ծաղրածուների համար:
Կարելի է փորձել վերապատմել նաեւ այլ տեսարանների՝ վարդի հետ լիրիկական հատվածի կամ «Պայացների» ծաղրապատկերի բովանդակությունը, սակայն դրանով կկարողանա՞նք մեր ընթերցողի համար բացահայտել բովանդակ պատկերների արժեքը: Ինչպես երաժշտական ձեւավորման ամեն հնչյուն միմերի աշխատանքում գտնում է իրեն համահունչ շարժում, այնպես եւ այդ իմաստավորված շարժումները գտնում են իրենց արտացոլումը հանդիսատեսի հոգում եւ ծնվում է Թատրոն:
Գարնանը MIM STUDIO-ն հանդիսատեսին ներկայացավ երեք անգամ: Տղաները համեստաբար ասում են «համերգ», ես կպնդեմ՝ ներկայացում: Ներկայացումը չունի մեկ սյուժետային գիծ, բայց փոխարենը մեկ ռիթմով է ընթանում, մի մեղեդի, մի նուրբ երգ է հնչում բեմում, եւ երգիչները մունջ են մնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել