Հաագայի արդարադատության միջազգային դատարանը երկուշաբթիից մինչեւ շաբաթավերջ՝ սեպտեմբերի 17-ը, կանցկացնի Վրաստանի կողմից Ռուսաստանի դեմ ներկայացված հայցի քննության հերթական փուլը: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, երկու տարի առաջ տեղի ունեցած օգոստոսյան կարճատեւ պատերազմից հետո դատարան ներկայացրած իր դիմումում Վրաստանը Ռուսաստանին մեղադրել էր «90-ականների սկզբից սկսված Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տարածքում բնակվող վրացի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումներ իրականացնելու մեջ»: Պաշտոնական Թբիլիսին դատարանին կոչ էր արել իր քաղաքացիներին պաշտպանել «ռուսական զինված ուժերի կողմից կիրառվող խտրականությունից»:
Բարձրացված հարցի համար, իբրեւ ժամանակավոր լուծում, Հաագայի միջազգային դատարանը 2008թ. հոկտեմբերին կողմերին՝ Ռուսաստանին ու Վրաստանին, կոչ էր արել ձեռնպահ մնալ խտրականության յուրաքանչյուր դրսեւորումից: «Պաշտոնական Թբիլիսին հույս ունի, որ Հաագայի միջազգային դատարանի՝ երեկ մեկնարկող նիստը իրենց համար դրական արդյունքներ կարձանագրի»,- հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Քալանդաձեն:
Ռուսաստանի ԱԳՆ-ն, գնահատելով Վրաստանի ներկայացրած հայցը, հայտարարել է, թե Վրաստանը «արհեստական դատական հայց է նախաձեռնել»: Պաշտոնական Թբիլիսին այդպիսով նպատակ է ունեցել «շեղել հասարակության ուշադրությունը 2008թ. պատերազմի ժամանակ միջազգային իրավունքի նորմերի՝ իր կողմից թույլ տրված կոպիտ խախտումներից»,- ասված է ՌԴ ԱԳՆ տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Լսումները երկու փուլով կընթանան՝ երկուական օր դատարանը կլսի վրացական եւ ռուսական կողմերի փաստարկները:
Հիշեցնենք, որ այս դատարանի արձակած վճիռը պարտադիր կատարման ենթակա չէ եւ ընդամենը խորհրդատվական բնույթ է կրում: Հաագայի արդարադատության միջազգային դատարանի կայացրած վերջին ամենաաղմկահարույց որոշումը վերաբերում էր Կոսովոյին: Դատարանը այս առնչությամբ որոշում էր կայացրել առ այն, որ Կոսովոյի անկախացումը չի հակասում միջազգային օրենսդրությանը: