Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը՝ ի դեմս վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի, ներկայացրել էր Սահմանադրության բարեփոխումների փաթեթ, որը սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի արդյունքում հավանության է արժանացել: News.am-ի մատուցմամբ, հանրաքվեի մասնակիցների 57,93%-ն «այո» է ասել սահմանադրական բարեփոխումների փաթեթին, դրանց դեմ է քվեարկել 42,06%-ը:
Թուրքիայի քրդաբնակ հարավ-արեւելյան նահանգների բնակչությունը ի գիտություն է ընդունել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կոչը եւ բոյկոտել է հանրաքվեն: Դիարբեքիրում հանրաքվեն բոյկոտել է ընտրելու իրավունք ունեցողների մոտ 70%, Շրնաքում եւ Թունջելիում՝ 80%-ը, Հաքքարիում՝ 93%-ը, Բոզչալըում ոչ ոք չի մասնակցել քվեարկության՝ 100%-ով բոյկոտելով հանրաքվեն: Նշված բնակավայրերում քվեարկության չմասնակցողների մեծ քանակի հետեւանքով, գերակշռել է «այո»-ն: Հանրաքվեից մեկ օր առաջ Թուրքիայի տարբեր նահանգներում հանրաքվեն բոյկոտողների զանգվածային ձերբակալություններ էին եղել: Հանրաքվեի օրը ձերբակալվածների թիվը հասել էր 200-ի: Դրանց մեծ մասը քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամներ էին:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, տանը դիտելով հանրաքվեի իր համար ցանկալի նախնական արդյունքները, շտապել է իր կուսակցության Ստամբուլի նահանգային գրասենյակ՝ հայտարարությամբ հանդես գալու: Իր խոսքում նա նշել է, թե Թուրքիայում հաղթեց ժողովրդավարությունը, եւ շնորհակալություն է հայտնել սահմանադրական բարեփոխումների աջակիցներին: Ըստ Էրդողանի, հաղթել են թե՛ «այո», թե՛ «ոչ» քվեարկողները, քանի որ երկրի ընտրելու իրավունք ունեցողների 75-78%-ը մասնակցել է հանրաքվեին:
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացրած սահմանադրական բարեփոխումների 30 հոդվածից բաղկացած փաթեթը մայիսին դրվեց խորհրդարանի քվեարկությանը: Չնայած իշխող կուսակցության՝ մեծամասնություն ունենալու փաստին, Էրդողանի համար երկու կարեւոր կետեր չընդունվեցին: Իսկ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կողմից փաթեթը չեղյալ համարելու հայցով Սահմանադրական դատարան դիմելն արդյունք չտվեց: Այդուհանդերձ, Սահմանադրական դատարանը չեղյալ էր համարել բարեփոխումների փաթեթում դատական համակարգի նշանակումների հետ կապված մի քանի կետեր:
Եվրամիությունն արդեն ողջունել է սեպտեմբերի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքները։ Եվրահանձնաժողովի անդամ, ԵՄ ընդլայնման հարցերով պատասխանատու Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ լրացումները, որոնց կողմ է քվեարկել թուրքերի մեծամասնությունը, «քայլ են ճիշտ ուղղությամբ»։ Համարվում է, որ սահմանադրական բարեփոխումները ավելի դյուրին կդարձնեն Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին: Սահմանադրական բարեփոխումների նախնական արդյունքների հայտնի դառնալուց հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անակնկալ է մատուցել Թուրքիայի վարչապետին: Milliyet-ի փոխանցմամբ, Օբաման հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ եւ նշել է, թե սահմանադրական հանրաքվեին ժողովրդի մասնակցության աստիճանը ցույց տվեց, որ Թուրքիայում ժողովրդավարությունը գործում է եւ հավելել, որ հավատացած է, թե ժողովրդի քվեարկության արդյունքն էլ ավելի կուժեղացնի թուրքական ժողովրդավարությունը:
Ընդսմին, հանրաքվեի արդյունքները հայտնի դառնալուց հետո, Դիարբեքիրի փողոցներ են դուրս եկել արդյունքներից դժգոհ քաղաքացիները: Նրանք հավաքվել են Բայնդըրըլըք պողոտայում եւ բարիկադներ կառուցել: Ոստիկանությունը միջամտել է ցուցարարների գործողություններին, որի արդյունքում բախում է տեղի ունեցել. մեկ ոստիկան դանակահարվել է, իսկ մեկ ոստիկան էլ՝ դաժան ծեծի ենթարկվել:
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն իրենց դժգոհությունն են հայտնել հանրաքվեի արդյունքների վերաբերյալ, բայց նշել են, որ հարգելու են ժողովրդի կամքը, գրում է թուրքական Hurriyet Daily News and Economic Review-ն: