Երեկ Սոցիալ-դեմոկրատական-հնչակյան կուսակցությունը հարցերի մի մեծ շարան է ուղղել ՀՀ գյուղատնտեսության նախարարին: Մնանք պատասխանին սպասող:
Երեկ ՍԴՀԿ (պերկուպերկյանական) Հայաստանի Վարիչ մարմինը հարցեր է հղել ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին:
ՍԴՀԿ-ին, մասնավորաբար, հետաքրքրում են. «Որքա՞ն գյուղացիական տներ են դատարկ Հայաստանի գյուղերում: Ինչո՞ւ է գյուղացին լքում գյուղը եւ հողը: Ինչո՞ւ է Հայաստանի համար գերթանկարժեք վարելահողի 50 տոկոսն անմշակ: Ինչո՞ւ է Հայաստանում 1 կգ կարագին համարժեք կաթը (21 լիտր) կարագից 3 անգամ թանկ:
Ինչո՞ւ է Հայաստանը տարեկան 400-500 մլն դոլար տալիս օտար գյուղացուն, եթե դրա կեսի մեկանգամյա ներդրումով ներկրվող սննդամթերքի 80 տոկոսը մշտապես կարող է արտադրել տեղում: Ինչո՞վ է բացատրվում հացի թանկացումը, եթե նույնիսկ թանկացած ալյուրի պարագայում հացը վաճառվում է իր ինքնարժեքից 2-4 անգամ թանկ: Ինչո՞ւ է մսի, կաթնամթերքի եւ այլ սննդատեսակների ներմուծումը 8 տարում կրկնապատկվել, երբ բնակչությունը զգալի նվազել է, միգուցե գյուղացի՞ն է դադարել արտադրել: Ինչո՞ւ է գյուղացին վճարում ինքնահոս, սպասարկման ոչ մի ծախս չունեցող ջրից օգտվելու համար: Կատարվե՞լ են, արդյոք, ձեր իսկ ծրագրով նախատեսված վերջին 3 տարում 5000 հա խաղողի այգետնկումների, 19000 հա անտառապատման խնդիրները, 30 տոհմաբուծարանների հիմնումը, եթե այո, ապա որտե՞ղ: Պատասխանատո՞ւ է, արդյոք, գյուղնախարարությունը երկրի պարենային անվտանգությունը ապահովելու համար, եւ վերջին 3 տարում ինչքանո՞վ է այն ամրապնդվել ներքին արտադրանքի հաշվին: Ինչի՞ հաշվին է ավելանում գյուղարտադրանքը՝ արտադրողի (գյուղացու), մշակվող հողի եւ անասնագլխաքանակի շարունակական եւ զգալի նվազման պարագայում: Քանի՞ տարում եք պատրաստվում ավարտել գյուղատնտեսական կենդանիների կանխարգելիչ պատվաստումները, եթե դրանց թիվն անցնում է 1 միլիոնից, իսկ պատվաստվում է տարեկան 10-12 հազար կենդանի: Ճիշտ չէ՞ր լինի, արդյոք, ԱԺ դահլիճի վերանորոգման վրա ծախսված դրամն ուղղել ծանրագույն գյուղատնտեսական տարվա հետեւանքները մեղմելու գործին: 200-ից ավելի երիտասարդներից քանի՞սն են վերադարձել Հայաստան՝ Գերմանիա, ԱՄՆ եւ այլուր գյուղմասնագիտացումն ավարտելուց հետո: Արդյոք 900 գյուղ ունեցող Հայաստանի համար շատ չե՞ն տարեկան 2500 դիպլոմավորված գյուղմասնագետները: Ի՞նչ համագործակցություն է հաստատվել Ագրարային ինստիտուտի եւ Ադրբեջանի գյուղինստիտուտի միջեւ «Բնօգտագործման էկոնոմիկան եւ Հարավային Կովկասում էկոլոգիական կրթության բարեփոխումները» նախագծի շրջանակներում»: