ԳԱԱ օրգանական քիմիայի ինստիտուտի՝ Քանաքեռում գտնվող տարածքի վրա շատ «աչքեր» կան
ԳԱԱ օրգանական քիմիայի ինստիտուտը՝ Քանաքեռում գտնվող տարածքից Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ տեղափոխելու որոշումը ընդունվել է դեռեւս 2006-ին: Սակայն մինչ այժմ ինստիտուտը չի տեղափոխվել, քանի որ հույս կար, որ պաշտոնատար այրերն իրենց այդ որոշումից միգուցե հետ կկանգնեն: Սակայն վերջին շրջանում տեղափոխման հարցը լուրջ է դրված: «Առավոտի» հետ զրույցում ինստիտուտի տնօրեն Գագիկ Հասրաթյանն ասաց, որ տեղափոխման համար իրենց մինչեւ նոյեմբերի 10-ն է ժամանակ տրված: Կառավարության որոշմամբ, ինստիտուտները որոշել են միավորել՝ շենքային ծախսերի վրա գումար խնայելու համար, սակայն որոշ աղբյուրներից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ինստիտուտի տարածքում նախատեսվում է ժամանցային գոտի կառուցել՝ մոսկվաբնակ մի գործարարի ֆինանսական ներդրումներով:
«Առավոտը» այցելեց ԳԱԱ օրգանական քիմիայի ինստիտուտ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Ինստիտուտի՝ Զաքարիա Քանաքեռցու 167ա հասցեում գտնվող 6 հա տարածքը բավականին գրավիչ էր իր կանաչ գոտիներով եւ մաքուր օդով: Երբ հարակից շենքերի որոշ բնակիչներից հարցրինք՝ որտե՞ղ է Օրգանական քիմիայի ինստիտուտը, նրանք զարմացան՝ ասելով, որ այն վաճառվել է եւ դրա տեղում շուտով հյուրանոց են կառուցելու:
Մուտք գործելով ինստիտուտի տարածք՝ պարզվեց, որ դրա որոշ մասնաշենքերում դեռ գիտաշխատողներ կային, նրանց մի մասն ուզում էր գործն ավարտին հասցնել՝ հետո տեղափոխվել: Ընդհանուր առմամբ, այստեղ տիրում էին ճամպրուկային տրամադրություններ: Ինստիտուտի աշխատակիցների հետ զրույցում պարզ դարձավ, որ ինստիտուտի աշխատակիցները դեմ են Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ տեղափոխվելուն, քանի որ կարծում են, թե դրանք իրենց մասնագիտական ուղղվածությամբ անհամատեղելի կառույցներ են: Գիտաշխատողները նաեւ ցավով են լքում տարածքը, քանի որ ամեն ինչ սեփական ուժերով են կառուցել. 1974-ին այդ տեղում գտնվել է Լամպերի գործարանի աղբանոցը, որի տարածքում հետագայում կառուցվել է 6 գիտահետազոտական լաբորատորիա, հիմնվել պտղատու եւ դեկորատիվ ծառերով այգի, բարեկարգվել տարածքը: Ինստիտուտի աշխատակիցները կարծում են, որ հենց այդ բարեկարգ վիճակն է շատերի աչքը ծակում: Նրանք պատմեցին, որ երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանակին այցելել է ինստիտուտի տարածք, իրենք նախագահին առաջարկել են ինստիտուտի տեղափոխումից հետո այդ տարածքում գիտաշխատողների համար հանգստյան տուն կառուցել, որտեղ կարող են անցկացնել նաեւ գիտական սիմպոզիումներ: Սակայն նախագահը չի ընդունել առաջարկը՝ պատճառաբանելով, որ Աղվերանում ակադեմիան ունի հանգստյան տուն: Գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցներն «Առավոտին» տեղեկացրին, որ այժմ խոսակցություններ կան տարածքը վարձակալության հանձնելու մասին:
Բայց նրանք մտավախություն ունեն, որ վարձակալության տալու դեպքում տարածքի յուրացումն ավելի կհեշտանա: Մյուս կողմից էլ՝ ինստիտուտի աշխատակիցները հույսը կորցրել են, թե որոշումը հօգուտ իրենց կլինի, քանի որ կարծում են՝ եթե վերեւներում մի բան որոշվել է, հնարավոր չէ իրականություն չդառնա:
Նշված մտահոգությունների կապակցությամբ պարզաբանում ստացանք ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից: Նա վստահեցրեց. «Դա մեր տարածքն է, այդտեղ ամեն ինչ մեզ է պատկանում, ուստի ոչ մեկը չի կարող ոտնձգություն անել, այդտեղ ժամանցի կենտրոն կամ այլ բան հիմնել: Ամենապարզ դեպքում, եթե մենք այդ տարածքում չկազմակերպենք մեր արտադրությունը, կարող ենք այն իրացնել, եւ ստացված միջոցները տրամադրել նույն ինստիտուտին ու Օրգանական քիմիայի եւ դեղագործության կենտրոնին, որի մեջ մտնելու է Օրգանական քիմիայի ինստիտուտը: Քանի որ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը վաղուց զբաղվում է հանրապետությունում դեղերի ստեղծման հարցերով, ապա այդ պատճառով էլ մենք ուժերը կենտրոնացնում ենք, որ նոր դեղեր ավելի շատ արտադրենք: Բայց առայժմ որեւէ բան հստակ որոշված չէ, թե տարածքը ինչ պիտի արվի, միայն փաստ է այն, որ Քանաքեռում գտնվող նշված տարածքը, «Գիտության եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի համաձայն, ակադեմիայի տնօրինության տակ է, եւ ոչ ոք մեզնից այդ տարածքը չի կարող վերցնել»: