Տարիներ առաջ, երբ աշխատում էի ԽՍՀՄ Գերագույն խորհրդում, Արցախի հարցը միակ գերխնդիրն էր Հայաստանի պատգամավորական խմբի օրակարգում: Հսկայական միջոցներ, ժամանակ ու նյարդեր էր պահանջում ամեն պստիկ քայլ, ամեն անգամ ամբիոն նվաճելը Ավարայր էր ու օգտագործվում էր միայն Արցախի հարցը օրակարգ մտցնելու համար: Իր գործն այսպես, արժանապատվորեն անող Հայաստանի պատգամավորական խումբը, սակայն, չէր էլ հասցնում տոնել իր պստիկ ձեռքբերումները, մշակել հաջորդ քայլը, երբ Հայաստանի ՀՀՇ-ական իշխանության վերին Դռնից գալիս էր հերթական հրահանգը՝ եթե Ղարաբաղը մի օրում Շահումյանով ու Գետաշենով չեն տալիս, ուրեմն բոյկոտել Մոսկվան, բոյկոտել ԳԽ նիստերը, բոյկոտել բոլոր ամբիոնները, համագումարները, վերադառնալ, ձեռքերը ծալել, հանգիստ խղճով նստել տանը:
Ու տեսնել, թե ադրբեջանցիները ոնց են քո նահանջից հզորանում, գրավում քո թափուր տեղը: Վազգեն Մանուկյանի սիրած զբաղմունքն է: Ժամանակին նա էր բոյկոտում իր ստանձնած բոլոր պաշտոնները՝ վարչապետից մինչեւ ռազմական նախարար, մինչեւ ԳԽ պատգամավոր: Ի՞նչ շահեց: Չգիտեմ:
Մինչդեռ մնալ ու պայքարել էր պետք: Կռիվ տալ: Երկրի տիրոջ ու զինվորի մտահոգությամբ:
Հիմա էլ նրա ղեկավարած Հանրային խորհուրդն է երկրին կոչ արել բոյկոտել ուխտագնացությունն ու աղոթքն առ Աստված՝ Սբ. Խաչ եկեղեցում: Շքեղ ու արհամարհական: Հային վայել արժանապատվությամբ: Իսկ ես կասեի՝ դատարկ սնապարծությամբ:
Եթե էդքան արժանապատիվ ու հպարտ լինեինք, Սուրբ Խաչը մեր հողում կլիներ: Ոչ թե թուրքի: Եթե չի, ուրեմն պիտի ընդունենք մեր վիճակի անհարմարությունն ու օգտվենք եղած հնարավորությունից: Անձամբ ես չեմ արդարացնում բոյկոտը, փախուստը, քանի որ համոզված եմ՝ միշտ կարելի է մի պզտիկ օգուտ քաղել չեղած տեղից: Աչքիս առաջ են մեր տղերքը. անհաց, անջուր, անհագուստ ու երբեմն անզեն են կռվել Արցախում: Չեղած տեղից հաղթեցինք: Պատերազմի տրամաբանությանը հակառակ՝ ետ բերինք մեր երկիրը: Ու չեմ հասկանում, թե խելքը գլխին մարդը ինչու պիտի վեհերի ու չգնա Սուրբ Խաչի պատարագին: Մտածում էինք, թե գորգ ու կարպե՞տ պիտի փռեն մեր ոտքերի տակ: Էդքան կարեւորություն որ ունենայինք էս հողագնդի վրա, թուրքը մեզնից վաղուց ներողություն խնդրած կլիներ: Ու խաչն էլ վաղուց եկեղեցու գլխին կլիներ: Բայց քանի դեռ մեր «լայնալիճ կուրծքն ու անվարան խոսքը» «Հայլուրի» թղթակառույց հաթաթաներից դենը չի անցնում, ուրեմն մեր ոտը մեր յորղանի գյորա պարզենք: Գնանք լոկ որպես հավատացյալ, առանց քաղաքական ենթատեքստի: Թուրքերը պիտի՞ որոշեն, թե իմ հոգու խորքում ես ինչ կարգավիճակով եմ աղոթում այնտեղ: Աստծո հետ առնչվելու իմ կանոնը ես եմ սահմանում: Թուրքերը խաչ դնեն, չդնեն, ինձ մեկ է: Ես գիտեմ, որ դա իմ ու իմ պապերի եկեղեցին է: Հենց էդ պիտի ցույց տանք: Ցույց տանք, որ ժամանակի վերքը բաց է ու երբեք չի փակվելու սերունդների հիշողության ծալքերում: Կարո՞ղ ենք այդքանը գոնե արժանապատվորեն, բայց ոչ երբեք զոհի կարգավիճակով անել:
Կարող ենք: Մի լեզու բերան ունեցող հալբաթ կգտնվի մեր անտիրական երկրում: Նա էլ թող գնա ու ասի մեր սրտի խոսքը: Թե չէ կպել ենք, թե որ խաչ չկա՝ չենք գալիս: Քի՞չ ենք անխաչ ու ավերակ եկեղեցիներում աղոթել: Հենց բուն Հայաստանում: Մինչեւ հիմա էլ լիքը կան: Խաչ դնել, չդնելը Սուրբ Խաչի կարգավիճակը փոխո՞ւմ է, ախր նրա կարգավիճակը դարերով ու ամենքին է հայտնի: Աշխարհն էլ գիտե, որ դա բուն հայկական եկեղեցի է: Հիմա թուրքը իր թրքությունն է անում, խաչը չի դնում: Հետո ինչ: Դա իր սահմանադրական իրավունքն է իր աշխարհագրական տարածքում: Հո մեզ չի՞ հարցնելու: Ուրիշ բան է, որ թուրքի գծած աշխարհագրական սահմանն ու իմ հոգու սահմանն իրականության մեջ իրար հետ կապ չունեն: Եկեղեցում իմ դեմը հո չի՞ կանգնելու, ասի՝ մի աղոթիր, դու սրտով սահման ես խախտել: Իսկ եթե թուրքերը վերջին պահին մտափոխվեն ու դնե՞ն խաչը: Էդ ժամանա՞կ ինչ ենք անելու: Էդ բոյկոտ քարոզողը, որ էդքան խելոք է ու քաջ, ու Հայաստանի պատիվն ու արժանապատվությունն է ուզում պաշտպանել, լուրջ քաղաքական հայտարարություն ունի, թող գնա էնտեղ, աղոթելուց առաջ անի իր խրոխտ հայտարարությունը: Ո՞վ է ձեռը բռնել: Փառք Աստծո, լրագրողների պակաս էլ այնտեղ չի լինի: Կնկարեն, կգրեն: Ու աշխարհն էլ կիմանա մեր կարծիքը: Կհարգի մեզ:
Իսկ թուրքի հետ 182 տարվա կռիվ ունեցող բոյկոտի աշխույժ քարոզիչները, հիշում եմ, Ղարաբաղի ճակատն էլ իր ժամանակին չտեսան: Չտեսան ու մինչեւ հիմա մտածում են, թե ճակատը լքելով, թուրքերին բոյկոտ հայտարարելով Արցախը ետ բերինք: էս դժվար կյանքի ռազմադաշտի վրա, վտանգից հեռու տարիներով կաքավելն էլ արհեստ է, ինչ արած:
Մինչդեռ Սուրբ Խաչը, մեր Տեր Աստծո տունն ու մեր հոգու տաճարը բնավ մեղք չունի, որ մեր նման անարժանները չկարողացան պաշտպանել իրեն ու թողին թուրքի բերան: Նրա խոցված հոգին մեր զղջումի, մեր շնչի, մեր ջերմեռանդ աղոթքի, մեր անկարելի սիրո կարիքն ունի այսօր: Կարիքն ունի իր իսկական Տիրոջ: Իրեն խոսք ու երդում տված Անկեղծ զինվորի:
Այլ ոչ մարած օբլիգացիաներ թափահարող քաղաքական վնասապարտ սուրհանդակների:
Որ մեր բազում մեղքերից, ոսոխի սեւ բռնություններից ու հոգնած կարոտից հոշոտված նրա հոգին գոնե այդ օրն իրեն անդառնալի միայնակ ու մոռացված չզգա: Որ նրա լուսատեսք ճակատը վերստին վառվի անմարելի հույսի ու հպարտ սպասման ոսկե բոցով: Որ տարիների ուխտ պահած, մեր Տեր Աստծու անունը թուրքի մեջ ապահով պահող մեր բարեպաշտ հավատացյալները, իրենց լքված ու անտիրական չզգան, ինչպես այսօր Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ: Թուրքահայ համայնքի կարգավիճակն առանձնակի է: Նրանց թիկունքին երկրի ներկայություն է պետք: Գոնե այդ մեն միակ օրը: Թեկուզ ձեւական:
Քանի որ գնանք ուխտի, թե չէ, թուրքը, մեկ է, եվրախորհուրդներում մի օգուտ մեր հաշվին անպայման քաղելու է: Սփյուռքի տարբեր վայրերից ժամանած մի քանի կարոտ հայ կգտնի, կխոսեցնի ու կհայտարարի՝ հազարավոր հայեր էին եկել սուրբ արարողությանը:
Արդյունքում՝ Սուրբ Խաչը կհանձնենք անվերադարձ գերության: