Նոյեմբերյան քաղաքում մետրային 7-րդ ալիքով հեռարձակվող «հ2» հեռուստաընկերության հաղորդումների ժամանակ նշմարվում է ադրբեջանական AZ TV հեռուստաընկերության լոգոտիպը: Պատճառն այն է, որ Ղազախի շրջանում տեղակայված է 1000 վտ հզորությամբ հաղորդակ, որով մետրային նույն ալիքով հեռարձակվում են ադրբեջանական նշված հեռուստաընկերության ծրագրերը: Նոյեմբերյանի հեռուստաաշտարակի տնօրեն Վոլոդյա Ազատյանն ընդունեց, որ Նոյեմբերյանում 7-րդ մետրային ալիքի հաղորդակի հզորությունը ընդամենը 100 վտ է, եւ Նոյեմբերյանի առանձին հատվածներում ադրբեջանական ալիքի ազդանշանն ազդում է «հ2»-ի հաղորդումների վրա: Վոլոդյա Ազատյանն ասաց, որ ադրբեջանական ալիքը «ճնշում» է այն դեպքում, եթե բնակչի հեռուստատեսային ընդունող ալեհավաքը՝ անտենան ուղղված է դեպի Ադրբեջան: Հեռուստաաշտարակի տնօրենի խոսքերով, այս իրավիճակը նոր չէ. արդեն երկու տասնամյակ է, որ մետրային այս ալիքի ադրբեջանական հաղորդակը անհամեմատ հզոր է Նոյեմբերյանում գործողից՝ հայկականից: