Սեպտեմբերի երկրորդ կեսից հանրապետությունում կմեկնարկի խաղողի բերքահավաքը: Նրանք, ովքեր մթերող ընկերությունների հետ պայմանագիր ունեն, բերքի իրացման խնդիր առանձնապես չեն տեսնում: Այլ է, սակայն, այն այգեգործների վիճակը, որոնք ոչ պայմանագիր ունեն, ոչ էլ հույս, որ մթերող կազմակերպություններում իրենց բերքի վրա ուշադրություն կդարձնեն:
Էջմիածինցի Վարուժան Մուրադյանը շուրջ 10 տարի զբաղվում է խաղողագործությամբ, բայց չի հիշում տարի, որ բերքի իրացման հարցում փաստի առաջ կանգնած չլինի: Մթերող ընկերությունները, որոնք հիմնականում աշխատում են արդեն իրենց հաճախորդը դարձած՝ պայմանագիր կնքած խաղողագործների հետ, նորերի հետ կամ պայմանագիր չեն կնքում, կամ էլ՝ եթե նրանցից մթերում են, ապա՝ խաղողի ինքնարժեքից ցածր գնով: «Դրա համար էլ նպատակահարմար եմ գտնում բերքս կամ անհատ գինեգործի վաճառեմ, կամ էլ ինքս գինի արտադրեմ: Ափսոսում եմ ընտանիքիս էն չարչարանքն ու տանջանքը, որ ողջ տարին դնում ենք այգեգործության մեջ, իսկ վերջում չնչին վարձատրություն ստանում»,- ասաց երիտասարդ այգեգործը, ով պայմանագիր կապելու մի վերջին փորձ է անում, այս անգամ՝ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում գտնվող կազմակերպության հետ:
Երիտասարդ այգեգործը ՄԱՊ ընկերության հետ հույսեր չի կապում, «որովհետեւ այդ կազմակերպությունն իր այգիներն ունի, իր սեփական խաղողը մթերելուց հետո էլ կանցնի համագյուղացիների բերքին, իսկ մեզ՝ կամ հերթ չի հասնի, կամ էլ…Աստված գիտի»:
«Պեռնո Ռիկարի»՝ Երեւանի կոնյակի գործարանի հետ 10 տարվա պայմանագիր կնքած Վարդան Ադամյանն էլ դժգոհ չէ մթերման 130 դրամ գնից, այնուամենայնիվ, դժգոհություն ունի մթերման ծավալների վերաբերյալ: «Սովորաբար ավելի շատ խաղող եմ ստանում, քան պայմանագրով ֆիքսված թիվն է: Նախատեսված չափը հանձնում եմ, իսկ մնացածը մնում է: Անցած տարի, օրինակ՝ 800 կգ խաղող թափել եմ»: Սեփական ապրանքը շուկա հանելու համար Վարդանը ոչ միայն ժամանակ չունի, այլեւ գիտի՝ վերավաճառողները գրավել են շուկան եւ խաղողագործին այնքան ցածր գին են առաջարկում, որ ոչ մի կերպ ընդունելի չէ:
Պռոշյանի կոնյակի գործարանի հետ աշխատող, խաղողագործության բազմամյա փորձ ունեցող՝ 80-ամյա Արմենակ Մհերյանն էլ երբեւէ մթերման քաշքշուկներին չի ենթարկվել, վիրավորված է խաղողի ցածր գնից: Հաշվել է՝ 1 կգ խաղող ստանալու համար 100-110 դրամ ներդրում է անում, իսկ 120-ով մթերելու դեպքում մի կերպ է ծախսը հանում: «Էլ ի՞նչ շահույթի մասին կարելի է խոսել: Վաղ գարնանից մինչեւ ուշ աշուն խաղողագործն այգուց դուրս չի գալիս: Չափազանց խնամք ու միջոցներ պահանջող, աշխատատար այդ գործի արդյունքը պետք է որ դժգոհության առիթ չտար: Բայց այնքան էժան է գնահատվում, որ ձեռքդ չի էլ բռնում ծերացող այգին նորով փոխարինես: Դրա համար էլ տարեցտարի ավելանում են անմշակ այգիները: Տարիներ առաջ այգեգործներս այնքան շատ էինք, որ ազատ ժամերին, երբ իրար գլխի էինք հավաքվում, մի մեծ թիմ էր ստացվում: Էդ մարդիկ հիմա էլ կան, բայց այգում չեն. այգիները թողել են ամայի ու գնացել: Էդ որթատունկերն էնքան խղճուկ ու լքված վիճակում են, որ նայում եմ՝ լացս գալիս է»,- ասաց Արմենակ պապը, ում այգին գտնվում է Էջմիածնի շրջանի նախկին Լենինի սովխոզի տարածքում: Տարիներ առաջ այդտեղ խաղողի 400 հեկտար այգի կար, հիմա՝ 4 հեկտար էլ չի մնացել: Տարեց այգեգործին զարմացնում է գյուղատնտեսության նախարարության անտարբերությունը ոլորտի նկատմամբ: Նրա կարծիքով՝ եթերներից հայտարարություններ անելն այլ բան է, կոնկրետ գործը՝ այլ: «55 տարի այգեգործությամբ եմ զբաղվում, սակայն սովետական ղեկավարներից բացի, այլ ղեկավարների՝ այգիներում չեմ տեսել: 1942 թվականին ՀՍՍՀ ԳԽ նախագահ Մացակ Պապյանը, առանց ուղեկցողների, միայն վարորդի հետ եկել էր մեր բամբակի դաշտերը՝ բամբակագործների հետ անձամբ շփվելու, խնդիրներին տեղում ծանոթանալու: Իսկ մեր ներկայիս ղեկավարները «լայաղ» չեն անում ընդառաջ գալ հողագործին: Գյուղատնտեսությունն իրենց կաբինետներից են ղեկավարում, դրա համար էլ ոլորտը կաղում է»,- ասաց Արմենակ պապը:
Մեկ-երկու հեկտար խաղողի այգի ունեցողը շատ հաճախ բերքի իրացման խնդիր է ունենում՝ նաեւ կաբինետներում նստած պաշտոնյաների հետ անհավասար մրցակցության պատճառով: Պաշտոնյաները պաշտոնի օգնությամբ հաջողում են տասնյակ հեկտարներ հող «ձեռք գցել», այգի հիմնել ու էլի պաշտոնի օգնությամբ իրացնել ողջ բերքը, իսկ գյուղացին մնում է «դառը դատած, դատարկ նստած»:
Արմենակ պապի ու շատ այլ խաղողագործների համար լուրջ, շատ լուրջ մտահոգություն է Արարատյան դաշտ ներխուժած, խաղողի թշնամի ֆիլոքսերա վարակը: «Էդ վնասատուի պատճառով Խաթունարխում մի այգի արդեն կտրել-թափել են: Իմ այգում էլ եմ նկատել: Էսպես որ գնա, վարակն այգուց այգի կանցնի ու մի 3-4 տարի հետո ունեցածից էլ կզրկվենք: Եթե նման երեւույթ այլ երկրում նկատվեր՝ կարանտին կսահմանեին, իսկ մերոնք նստում-սպասում են, թե երբ չարիքն իր գործը մինչեւ վերջ կանի-կվերջացնի, հետո միայն մտածեն՝ ինչ անել: Չեն հասկանում, որ դրանից հետո մի 30 տարի է պետք վարակված հողը նոր այգիների համար նպաստավոր դարձնելու գործում»,- ամփոփեց Արմենակ պապը:
Հ. Գ. Հիշեցնենք, որ, ըստ Արարատի եւ Արմավիրի մարզպետների, հանրապետության նախագահը խիստ հանձնարարական է տվել խաղող մթերող կազմակերպություններին, որպեսզի 1 կգ խաղողը այս տարի մթերեն 120 դրամով եւ բացառեն պայմանագրերի կնքման եւ հերթերի գոյացման ժամանակ նախորդ տարիներին գրանցված անցանկալի երեւույթները («Առավոտ», 28.08. 2010, «Նախագահն ու մարզպետները խոստանում են»):