ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը երեկ տարածել էր հաղորդագրություն՝ կապված սեպտեմբերի 11-ին «youtube» ցանցում շրջանառվող մի տեսանյութի հետ: Ըստ այդ տեսանյութի, ճնշումների եւ ծեծի են ենթարկվում ՀՀ ԶՈՒ համազգեստով երիտասարդներ: Տեսանյութի ցածր որակը թույլ չի տալիս պարզորոշ տեսնել դեմքեր, հստակ լսել հայերեն խոսքեր կամ արտահայտություններ: Պաշտպանության նախարարությունը արձանագրում է. «ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույն դատապարտում է ՀՀ զինված ուժերի վարկաբեկմանն ու հեղինակազրկմանն ուղղված նման կարգի նյութերի պատրաստումը եւ կանխամտածված տարածումը»: ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ միջոցներ է ձեռնարկել տեսանյութի հավաստիությունը ճշտելու, պատկերվածների ինքնությունը պարզելու եւ հեղինակներին հայտնաբերելու, բռնություններ կիրառողներին պատժելու ուղղությամբ: