«Վերջին շրջանում կառավարության նախաձեռնությամբ ընդունված մի շարք որոշումներից եւ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված օրինագծերից այն տպավորությունն է ստեղծվում, որ հասարակական միավորումների նկատմամբ վերահսկողության խնդիրը հրատապ է, իսկ առանձին հ/կ-ներ պնդում են, թե օրենսդրական նախաձեռնությունները պետական կառույցներին վերապահում են լրացուցիչ վերահսկողական լծակներ»՝ «Առավոտի» հարցին արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը պատասխանեց. «Կառավարության նախաձեռնությունը բացարձակապես միտված չէ վերահսկողական լծակների կամ լիազորությունների ավելացմանը, իսկ այդ առնչությամբ պնդումները հավանաբար թելադրված են քաղաքական կամ նմանաբնույթ այլ հաշվարկներով: Իրականությունը հետեւյալն է. մի շարք ոչ առեւտրային կազմակերպություններ (դա մասամբ վերաբերում է նաեւ հ/կ-ներին) օրենքով նախատեսված դեպքերում պարտավոր են արդարադատության նախարարություն ներկայացնել հաշվետվություններ, իսկ այդ գործընթացի նկատմամբ վերահսկողությունը օրենսդրությամբ վերապահված է նույն նախարարությանը: Ըստ էության, պատշաճ ինստիտուցիոնալ լծակների բացակայության պատճառով նախարարությունը տարիներ շարունակ մեկուսացված է եղել իր օրենսդրական գործառույթների իրականացումից, ուստի ավելի քան հասկանալի պետք է լիներ, որ կառավարությունը տվյալ դեպքում փորձել է սոսկ երաշխավորել օրենսդրության պահանջների կատարումը»:
Նախարարի հետ հարցազրույցը կարդացեք վաղվա «Առավոտում»: