Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեզ անվանում են «ռեյդերներ»

Սեպտեմբեր 14,2010 00:00

ՌԴ քաղաքացու բաց նամակը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն նախագահ, Ձերդ արժանապատվություն, դիմում եմ Ձեզ, որպես երաշխավորի՝ ակնկալելով Ձեր անաչառ վերաբերմունքը եւ միջամտությունը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ծավալվող որոշ անօրինական գործընթացները կանխելու հարցում:
Հավատալով Հայաստանում ներդրումները խթանելու վերաբերյալ իշխանությունների որդեգրած քաղաքականությանը՝ ես իմ ռուս գործընկերների հետ Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնադրել եմ առեւտրային ընկերություն՝ «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ն, որի գործունեության նպատակն էր Երեւանի գեղատեսիլ վայրերից մեկում (Կասկադում) կառուցել առեւտրա-բնակարանային համալիր: Ծրագիրն իրականացնելու համար Կասկադում բնակվող առանձին անհատ քաղաքացիներից մեր ֆինանսական միջոցներով ձեռք է բերվել նրանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերը, ինչի կապակցությամբ կատարված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 4 մլն ԱՄՆ դոլար: Ընդ որում, ներդրումները կատարվել են բացառապես մեր՝ Դմիտրի Աֆոնինի, Ալեքսեյ Կորեպանովի, Դմիտրի Կոտովի կողմից:
Հաշվի առնելով Մոսկվա քաղաքում նախկին ՀՀ գլխավոր դատախազ Սուրեն Օսիպյանի որդու՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանի հետ ունեցած ընկերական հարաբերությունները, վերջինիս խնդրանքով նրան եւս ընդգրկել եմ ծրագրում, նրա մորը (Սուրեն Օսիպյանի կնոջը)՝ Լյուբով Փիլոյանին «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ում փայատեր դարձնելու միջոցով: Ընկերությունում Լյուբով Փիլոյանի փայաբաժնի արժեքը եւս ամբողջությամբ վճարել ենք մենք:
Բացի մորը փայատեր դարձնելուց՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանին եւս առանձին պայմանագրերով հնարավորություն ենք տվել մտնել ծրագրի մեջ եւ հետագայում կառույցն ավարտելուց հետո որոշ ակնկալիքներ ունենալ: Չնայած մեր բարյացակամ վերաբերմունքին՝ վերը նշված ընտանիքը իր կողմից ձեռնարկված գործողություններով ցույց տվեց, որ իր նպատակը մեզանից խոշոր դրամական միջոցների կորզումն է, ինչին հասնելու համար նրանք կանգ չեն առնում գրեթե ոչ մի միջոցի առաջ: Ներկայումս դատական ատյաններում ընթանում են մի շարք դատավարություններ, եւ մենք մտավախություն ունենք, որ ընտանիքի հայրը՝ նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպյանը, կօգտագործի իր բոլոր կապերը՝ դատարանների վրա ճնշում գործադրելու համար:
Մեր այս մտահոգությունը հիմնված է նախ նրա վրա, որ 2008թ. գարնանը, երբ իմացանք մեր ներդրած գումարների նկատմամբ Վիկտոր Տեր-Հովսեփյանի անազնիվ վերաբերմունքի մասին, Սուրեն Օսիպյանը զգուշացրեց Ալեքսեյ Կորեպանովին Հայաստանում իր ունեցած մեծ կապերի մասին եւ այն մեծ պրոբլեմների, որոնք մեզ համար կարող են առաջանալ Հայաստանում:
Բացի այդ, ասվածի վկայությունն է այն հանգամանքը, որ մեզ ստիպում են հաշտության համաձայնության քողի տակ Օսիպյանների ընտանիքին վճարել 1 մլն 500 հազար ԱՄՆ դոլար գումար, այն պայմաններում, երբ նշված ընտանիքը մեկ ցենտ անգամ չի ներդրել ընկերությունում:
Նշված խայտառակ առաջարկից մեր հրաժարումը որակվում է որպես «ռեյդերական» քայլ, իսկ մեզ անվանում են «ռեյդերներ»: Մինչդեռ հայտնի է, որ ռեյդերները նրանք են, ովքեր որեւէ գումար չներդնելով՝ ցանկանում են խլել ուրիշի ամբողջ ունեցվածքը: Հետաքրքրաշարժ եւ կարեւոր է այն հանգամանքը, որ նշված ընտանիքը վերջերս սկսել է խոստովանել ծրագրում գումար չներդնելու փաստը: Ստացվում է, որ գումարը պահանջվում է միայն նրա համար, որ ընտանիքի հայրը նախկին գլխավոր դատախազն է եւ «Օսիպյան» ազգանունն է կրում:
Մեծարգո պարոն նախագահ, հավատալով օտարերկյա ներդրումների բնագավառում Ձեր նախընտրական ծրագրով որդեգրած քաղաքականությանը, հայցում ենք Ձեր միջամտությունը՝ մեր նկատմամբ նախկին պաշտոնյայի անօրինական գործողությունները կանխելու հարցում: Թեեւ այս խնդրի վերաբերյալ մամուլում արդեն մեկ անգամ հրապարակվել է, սակայն կանխազգալով վտանգը, հարկադրված եմ Ձեզ դիմել բաց նամակով:
Հայաստանի Հանրապետությունում Ձեր բարձր խոսքից առավել երաշխիք չունենք:

«Առավոտում» ներկայացված նամակն ուղղարկվել է նաեւ Հայաստանում Ռուսասատանի Դաշնության դեսպանին: Նամակը, ըստ ԶԼՄ օրենքի, գրաքննության չի ենթարկվում, չի խմբագրվում: Կարծում ենք, ներկայացված նամակը կարող է դիտվել իբրեւ հաղորդում՝ հանցագործության մասին: «Առավոտը» պատրաստ է տպագրել իրավապահների ձեռնարկած միջոցառումների մասին տեղեկատվությունը, հանրությանն իրազեկելով նամակի հետագա ճակատագրի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել