Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅԼԱՆԴԱԿ ԲԱՐՔԵՐ

Սեպտեմբեր 14,2010 00:00

Նախկին զինծառայողը սպառնում է վերջ տալ կյանքին

\"\"

«Առավոտի» մայիսի 14-ի «Նախկին զինծառայողը՝ հոգեբուժարանում» հրապարակումից հետո անցել է մի քանի ամիս: Հրապարակմանն անդրադարձել է միայն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը՝ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ: Պաշտպանության նախարարությունը որեւէ մեկնաբանություն կամ պարզաբանում չի արել հրապարակման մեջ բերված փաստերի առնչությամբ:
Հիշեցնեմ, որ 2007թ. մայիսի 16-ին Երեւանի Շենգավիթ համայնքի բնակիչ Դավիթ Թադեւոսյանը զորակոչվել է բանակ: 1 տարի 4 ամիս է, ինչ վերադարձել է տուն՝ հայրենիքի նկատմամբ իր պարտքը կատարած: Սակայն հայրենիքն իր պարտքը չի կատարել շարքային այս զինվորի նկատմամբ, եւ զինվորը զորացրվելուց անմիջապես հետո հայտնվել է հոգեբուժարաններում:
Նրա մոր՝ տիկին Ռուզաննա Գրիգորյանի տեղեկացմամբ, տղան 20 օրը մեկ հոգեմետ դեղեր է ստանում եւ հաշվառվել է Աղի հանքի հոգեբուժարանում: Մայրն անհանգստացած դիմել է ՀՀ զինդատախազություն, քանի որ Դավիթը պատմել է, որ պաշտպանության նախարարության մոտոհրաձգային գումարտակի մոտոհրաձգային վաշտում, զորացրվելուց հաշված օրեր առաջ, 5 րոպե ուշանալու համար զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Հովհաննիսյանը ծեծի է ենթարկել իրեն:
Տիկին Ռուզաննան ասաց, որ տղային տարել են բուժմաս, քանի որ քթի միջնապատը կոտրվել էր, իսկ հարվածներից ոտքերի վրա մնացել են հետքեր: Դավիթն իր ծեծի մասին այդ ժամանակ պատմել է զինծառայող Եփրեմին, որն իր հերթին հայտնել է հրամանատար Միշա Մկրտումյանին: Վերջինս, ըստ մոր, իր մոտ է կանչել Տիգրան Հովհաննիսյանին եւ հանդիմանել նրան:
Մինչ զորացրվելը, դրանից հետո, Դ. Թադեւոսյանը հայտնվել է 4 տարբեր բուժհաստատություններում:
ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը, սակայն, քրեական գործ չի հարուցել Դավիթի նկատմամբ ֆիզիկական եւ բարոյական խոշտանգումներ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու համար:
Ըստ գործը քննող ՊՆ քննչական ծառայության 9-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Հ. Հայրապետյանի. «Նշված անձինք ժխտել են իրենց կողմից Դավիթին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունները»:
Դավիթը, ըստ վերոնշյալ գումարտակի հիվանդների հաշվառման եւ բուժկետի ամբուլատոր եւ ստացիոնար մատյանների, ծառայության ընթացքում միայն մեկ անգամ՝ 2008թ. հունվարի 26-ին է դիմել բուժկետ՝ «թիկունքի շրջանի պիոդերմիկ վերքեր» ախտորոշումով, սակայն ստացիոնար բուժման անհրաժեշտություն, ըստ պաշտոնական տեղեկատվության, չի առաջացել:
Ինչպես նախորդ հրապարակման մեջ, այնպես էլ հիմա պիտի պնդեմ այն հարցը, թե Դավիթի ոտքերին այդ դեպքում ինչպե՞ս են առաջացել հետքերը, ինչո՞ւ կտրուկ վատացել է զինվորի վիճակը, երբ նա բարեխիղճ ծառայել է մինչ այդ:
Կամ ինչո՞ւ գնահատական չի տրվել դատաբժշկական փորձագետի թիվ 2883 եզրակացությանը. «Դ. Թադեւոսյանի ստացած մարմնական վնասվածքները՝ աջ եւ ձախ սրունքների շրջանների նախկին քերծվածքների ձեւով, հասցվել են բութ, կոշտ առարկայով, որոնք առողջությանը հասցված թեթեւ վնասի հատկանիշներ չեն պարունակում»:
Եվ դեռ այսքանից հետո գտել են, թե հանցադեպ չկա:
Դավիթը ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության  կողմից տրված 713820 տեղեկանքի համաձայն՝ ճանաչվել է 3-րդ կարգի հաշմանդամ:
Շուտով կճանաչվի 2-րդ կարգի, քանի որ նրա վիճակը կտրուկ վատացել է: Նախկին զինվորը երեկ մորը փոխանցել էր, թե ուզում է վերջ տալ իր կյանքին:  Նա անտարբեր է դարձել շրջապատի նկատմամբ, թույլ եւ դիմադրողականությունից զուրկ է:
Պաշտպանության նախարարությունը նաեւ պիտի պատասխանի, եթե Դավիթը հոգեկան հիվանդ է եղել, եւ իր հետ կատարվածը մտացածին է, հետեւաբար՝ անապացուցելի, այդ դեպքում ինչո՞ւ է զորակոչել բանակ:
Գուցե զորակոչման հանձնաժողովում նույնպիսի հիվանդներ են եղել, որոնք  զորակոչիկի հիվանդությունը չեն նկատել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել