Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՆԱՉ» ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻՆ ՏԱՐԵԼ-ԿՈՐՑՐԵԼ ԵՆ

Սեպտեմբեր 14,2010 00:00

Օգոստոսի վերջին երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստները մամուլում տեղեկատվություն տարածեցին, որ Գուգարքի անտառտնտեսությունում՝ «Լոռի» հանգստյան տնից ոչ հեռու, լայնամասշտաբ անտառահատումներ են իրականացվում, փայտն անտառից դուրս է հանվում համարներով եւ առանց համարների մեքենաներով: Տեղեկատվությունը հագեցած էր լուսանկարներով: Գործին ընդգրկվեցին տեսչական եւ վերահսկողական մարմիններ: Ստուգումների արդյունքները չգոհացրին դեպքի ականատես Վահե Վարդումյանին, որը ապացույց ներկայացրեց, որ հատվել է ավելի շատ ծառ, քան արձանագրվել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից:
Անտառային մոնիտորինգի պետական կենտրոնը ակտիվիստներին հրավիրեց անցկացնել տեղանքի համատեղ մոնիտորինգ: Այդ պահից սկսվեց գրեթե դետեկտիվ պատմություն: Սեպտեմբերի 9-ին՝ ուշ երեկոյան մոտ 21:30-ին, «ԷկոԼուրը» կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանից հեռախոսազանգ ստացավ: Նա հայտնեց, որ իրենք անտառում մնացել են ոչ միայն առանց ուղեկցի, այլեւ առանց մեքենայի, որի մեջ էին նրանց տեխնիկան, փաստաթղթերը եւ գումարը: Նա նաեւ ասաց, որ հայտնվել են ոստիկաններ, եւ ակտիվիստների ու լրագրողների նկատմամբ ճնշում է գործադրվել: Հիմնական նպատակը եղել է հասնել նրան, որպեսզի ակտիվիստները թաքցնեն հատումների իրական մասշտաբները: Մարիամի խոսքերով՝ իրենք հայտնաբերել են 116 հատված ծառ, եւ որ իրականում դրանք ավելի շատ են, մնում է միայն հարեւան տարածքներում ուսումնասիրություն անցկացնել:
«ԷկոԼուրը» կապվեց Անտառային մոնիտորինգի պետական կենտրոնի հետ, որտեղից հայտնեցին, որ՝ ամեն ինչ լավ կլինի: Մեկ ժամ անց կենտրոնի ներկայացուցիչն ակտիվիստներին գտավ: Համաձայնության գալ այդպես էլ չի հաջողվել՝ դատելով այն մասին, որ սեպտեմբերի 10-ին ակտիվիստները հրապարակայնորեն հայտարարեցին տեղի ունեցածի մասին:
Հարց է մնում, թե ինչո՞ւ էր պետք ակտիվիստներին ներգրավել համատեղ մոնիտորինգի մեջ, եթե իրականում անհրաժեշտ էր թաքցնել հատումների իրական մասշտաբը, արդյոք ճնշումները ինքնագործունեությո՞ւն էր տեղական մակարդակով, թե՞ դա վերեւից հրաման էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել