Լրահոս
Օրվա լրահոսը

Շոկոլադե ռեկորդ

Սեպտեմբեր 14,2010 00:00

Գինեսի աշխատակիցներն էլ ախորժակ են պահում, որ հայկական այս շոկոլադից համտեսեն

Հայաստանը Գինեսի համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել՝ «Ամենամեծ շոկոլադե սալիկը» անվանակարգում: Սա առաջին արդյունաբերական ռեկորդն է մեր երկրի համար: Գինեսի գրքում գրանցված այս ռեկորդը պատկանում է «Գրանդ Քենդի» ընկերությանը, որն իր գործունեության տասնամյակի առիթով արտադրել է 5600 մմ երկարությամբ, 2750 մմ լայնությամբ եւ 250 մմ հաստությամբ, բնական հումքով, էկոլոգիապես մաքուր դառը շոկոլադ: Հայ հրուշակագործները 4 տոննա 410 կգ-անոց այս շոկոլադը պատրաստել են Աֆրիկայի Գանա երկրից ներմուծված հատիկավոր կակաոյից՝ 4 օրվա ընթացքում: Այս անվանակարգում Գինեսի նախորդ ռեկորդը 2007-ին է գրանցվել՝ իտալացիների կողմից, որոնք ներկայացրել էին 3 տոննա 580 կգ-ոց շոկոլադե սալիկ: Հայաստանցիները հնարավորություն կունենան շոկոլադը համտեսել հոկտեմբերի 16-ին՝ ընկերության 10-ամյակի տոնախմբության ժամանակ, Հանրապետության հրապարակում: Իսկ մինչ այդ՝ բնական հումքից պատրաստված շոկոլադը կպահպանվի +16-20 աստիճանի պայմաններում: Գինեսի ռեկորդների գրքի իրավական ներկայացուցիչ Էլիզաբեթ Սմիթը օրերս «Գրանդ Քենդի» ընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր Կարեն Վարդանյանին հանձնեց ռեկորդի սահմանումը հաստատող փաստաթուղթը, ինչպես նաեւ անձամբ համտեսեց «ռեկորդակիր» շոկոլադից: Առաջին անգամ Հայաստան ժամանած Է. Սմիթը տպավորված է մեր երկրով եւ հատկապես հայերի հյուրասիրությամբ: Անկեղծացավ, որ Հայաստանի մասին գրեթե ոչինչ չգիտեր եւ ստիպված էր մինչ այցը փոքր «տնային աշխատանք» կատարել: Նա նաեւ նշեց, որ այս ռեկորդը իր հավաստագրած ամենազարմանալի ռեկորդն է. «Բոլորը՝ ընտանիքի անդամները, մեր աշխատակազմը խնդրել են, որ ինձ հետ տանեմ այս շոկոլադից»:
Կ. Վարդանյանի խոսքով՝ այս սալիկը շոկոլադ սպառող մեկ հայաստանցուն կբավարարի 450 տարի, բայց դրա պահպանման ժամկետը 6 ամիս է: «Առավոտը» Կարեն Վարդանյանից փորձեց ճշտել, թե ինչքան է արժեցել «ռեկորդակիր» շոկոլադը: ԱԺ պատգամավորը խուսափեց կոնկրետ արժեքը հրապարակել. «Մարդիկ կարող են մտածել՝ հացի, ձեթի գումար չունեն, մի քանի միլիոն դրամանոց շոկոլադ են պատրաստում»: Կ. Վարդանյանն ասաց, որ անցյալ տարի՝ ճգնաժամով պայմանավորված, 15%-ով կրճատվել է ընկերության արտադրանքի ծավալը, հույս ունեն, որ այս տարի գոնե նախորդ տարվա ցուցանիշը կպահպանեն: Հարցին, թե առաջիկայում ընկերության ապրանքների գների բարձրացում սպասվո՞ւմ է, նա պատասխանեց. «Եթե հատիկ կակաոն եւ շաքարը թանկանան, գները չբարձրացնել չենք կարող, միտումները թանկացման են տանում»:
Մտավոր սեփականության իրավունքների պահպանության վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններով հանդես եկած այս պատգամավորին վրդովեցնում է տեղական շուկայում տիրող վիճակը. «Ներմուծողները՝ ուկրաինացիներն ու ռուսները, շարունակում են իրենց ապօրինի ներմուծումները: Նամակներ ենք ուղարկել, պատասխան չկա, արհամարհում են, պետք է դատի տանք»: Կ. Վարդանյանից հետաքրքրվեցինք, թե որ երկրներ է «Գրանդ Քենդին» արտահանվում: Ըստ նրա, այս հարցում ընկերությունը մի շարք խնդիրներ է ունենում, արտահանման ծավալներն էլ փոքր են՝ 80%-ը Վրաստան, 20%-ը՝ ԱՄՆ եւ Կանադա: Ընկերությունը Եվրոպա չի արտահանում, որովհետեւ, Կ. Վարդանյանի համոզմամբ. «Եվրոպայում այնպիսի բարդ պետական պաշտպանություն կա, իսկ մեր երկիր ինչ ժամկետանց, անորակ ապրանք ասես, բերում-լցնում են, գրված է՝ «Կրասնի օկտյաբր», բայց արտադրված է Ադրբեջանում: Մինչդեռ մենք չենք կարողանում ոչինչ արտահանել, որովհետեւ ամեն երկիր իր մաքսայինով, որակի տեսչությունով, սննդի անվտանգության վարչությունով վերահսկում է շուկան ու ամեն ինչ անում, որ օտարերկրացին իր ապրանքով չկարողանա, օրինակ, Գերմանիա կամ ԱՄՆ մտնի: Իրենք գիտեն ինչպես պահել իրենց աշխատատեղերը, մենք մեր աշխատատեղերը արտահանում ենք: «Գրանդ Քենդին» Հայաստանի ամենամեծ կոլեկտիվն է՝ 2000 հոգի, եթե ռուսներն ու ուկրաինացիները հաղթեն, 2000 հոգի անգործ կմնա»: Պատգամավորն ասաց, որ այժմ ԱԺ տնտեսական հանձնաժողովում քննարկվում է այս հարցերի լուծմանը միտված օրենքի մի նախագիծ, որով նախատեսվում է ժամկետանց կամ առանց ժամկետի որեւէ սննդամթերքի ներմուծումն արգելել, ինչպես նաեւ ավելացնել տուգանքները որեւէ սննդից թունավորվելու դեպքում եւ այլն: «Ժամկետանց կամ ժամկետի ավարտին մոտ ապրանքները մեր հայ շուստրի բիզնեսմենները էժան գնում ու հայկական ինքնասոսնձվող թղթիկներով նոր ժամկետ են կպցնում ու խաբում ժողովրդին»,- ասաց պարոն Վարդանյանը: Նրա խոսքերով, կառավարությունը դեմ է հանդես եկել այդ նախագծին: Թե ինչո՞վ է պայմանավորում դեմ լինելը մեր հարցին, նա ասաց. «Կառավարությունում կան մարդիկ, որ լոբբինգով են զբաղված: Դեմ է մասնավորապես էկոնոմիկայի նախարարությունը, պատճառաբանում է, որ այդ օրենքը կա ուրիշ օրենքների մեջ: Իսկ «Հեղինակային իրավունքների պաշտպանության մասին» օրենքում սա շատ թեթեւ է գրած՝ «գալոչկայի» համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել