Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՏԱԼԱԿԱՆԻՆ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ

Սեպտեմբեր 14,2010 00:00

Հայաստանում խոհարարական արվեստում կեղծարարությունից խուսափելու
համար իտալացիներն անձամբ են ապրանք ներմուծում:

\"\"

«Հայերն ու սիցիլիացիները շատ նման են՝ ոչ միայն արտաքինով, այլեւ սնվելու, մտածելու ու շատ այլ գծերով: Հայերն էլ, սիցիլիացիների պես, սիրում են որակով ու համով սնունդ ուտել: Երեւանում ինձ երբեմն շփոթում են հայի հետ: Միակ տարբերությունն այն է, որ մենք ավելի տաքարյուն ենք»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է «Սիցիլիայի արտադրանքը» ընկերության տնօրեն Դավիդ Քուադերնոն: Նա օրերս Իտալիայի դեսպանատանը սիցիլիական խոհարարական ուտեստների ցուցահանդես էր կազմակերպել: Այդ նախաձեռնությամբ նա նպատակ ունի մեր երկրում տարածել իտալական սնունդը: Ասում է՝ Հայաստանն իր երկրորդ տունն է դարձել, բայց այստեղ չի կարողանում իսկական իտալական որակյալ արտադրանք ձեռք բերել. «Այն, ինչ ներկայացվում է որպես իտալական, ցածրորակ է ու բարձր արժեքով, եւ գինն ու որակը իրար չեն համապատասխանում»: «Սիցիլիական արտադրանքի» միջոցով հայերը կարող են ձեռք բերել ձիթապտղի յուղ, տարատեսակ «սալյամիներ» կամ այլ երշիկներ, պահածոյացված ապրանքներ, ձկնեղեն, սոուսներ եւ այլն: Ինչ վերաբերում է հայկական ուտեստներին, Դ. Քուադերնոն շատ է հավանել մեր խորովածը, իշխան ձուկը, շաուրման ու խաչապուրին, իսկ խմիչքներից՝ հայկական գինին: Նրա խոսքերով՝ հայկական ռեստորաններին ու հյուրանոցներին այս մտահղացումը դուր է եկել:
Ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին, սիցիլիական խոհանոցը միջերկրական խոհանոց է, այնպես, ինչպես ֆրանսիականը: Դեսպանը համոզված էր, որ հայկական խոհանոցն էլ է միջերկրական. «Վիճարկում եմ շատ հայերի այն կարծիքը, թե հայկական խոհանոցը միջերկրական չէ, որովհետեւ Կովկասում եք ու ծով չունեք, դուք ուտում եք այնպիսի սննդատեսակներ, որոնք այդ խոհանոցին են բնորոշ՝ շատ բանջարեղեն ու նաեւ մսեղեն»: Դեսպանը պատահական չհամարեց փաստը, որ միջերկրական խոհանոցի սննդակարգը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում, այսինքն՝ այն դիտարկվում է «Մշակույթի անբաժան մի մաս: Խոհանոցային մշակույթը անտիկ Հռոմի բանկետների ավանդույթից է գալիս, հռոմեական կայսրության անկումից հետո բանկետը կորցրեց հանրային լինելու իր ֆունկցիան եւ խոհարարական արվեստը նորից իր կարեւոր տեղը զբաղեցրեց վերածննդի դարաշրջանում՝ 14-15-րդ դարերում: Այդ ժամանակ էլ սկսեցին ի հայտ գալ իտալական տարբեր շրջանների խոհանոցային առանձնահատկությունները: Օրինակ՝ Հյուսիսային Իտալիայի խոհանոցն այսօր հիմնված է կարագի, իսկ հարավայինը՝ անարատ ձիթապտղի յուղի վրա»,- ասաց դեսպանը: Նրան զայրացնում է խոհարարական արվեստի մեջ ի հայտ եկած կեղծարարությունը: Նա պատմեց, որ Բրյուսելում վերջերս ականատես է եղել նման մի դեպքի, երբ որպես իտալական նարինջ իրեն մատուցել էին Իսպանիայից բերած նարինջը: Բ. Սկապինին պատահական չի համարում նաեւ այն փաստը, որ իտալացիներն ապրելու երկարակեցությամբ աշխարհում առաջիններից են: Դեսպանի հավաստմամբ, իր հայրենիքում կյանքի միջին տեւողությունը կանանց շրջանում 77 տարի է, տղամարդկանցը՝ 88: Ցուցահանդեսին ներկա էր նաեւ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Նախարարից «Առավոտը» հետաքրքրվեց, թե հայկական սնունդը որքանո՞վ է նպաստում կամ խոչընդոտում հայերի երկարակեցությանը: Նա հավաստիացրեց, որ մեր երկիրն էլ մոտ է դեսպանի նշած չափանիշներին. «Իտալիայում բուսական սնունդն ավելի տարածված է, եւ այդ կերպ նրանք կարողանում են կանխարգելել սննդի միջոցով հիվանդությունների՝ երիտասարդ տարիքում առաջացմանը»: Նախարարը հայերին էլ խորհուրդ տվեց շատ օգտվել բուսական սննդից. «Այն կալորիաների տեսակետից կազմակերպված է եւ միաժամանակ օգտակար է ու առողջարար»:
Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս, սիցիլիացի Անտոնիո Մոնտալտոն ծնվել է Պալերմոյում, բայց արդեն 20 տարի Հայաստանում է բնակվում: «Շատ հաճախ այստեղ հասած ապրանքները կամ իտալական չեն, կամ ուղղակի սարքված են իտալական ձեւով ու չունեն իտալական համն ու հոտը: Իտալացիների համար ուտելիքը մշակույթի մի մասն է կազմում»,- մեզ հետ զրույցում ասաց հյուպատոսը ու հավաստիացրեց, որ սիցիլիական արտադրանքը մեծ տարածում կունենա Հայաստանում, քանի որ, ըստ նրա, հայերն էլ մշակույթով հարուստ ազգ են եւ չեն կարող անտարբեր մնալ իտալական միջերկրական խոհանոցի, մասնավորապես՝ սիցիլիական խոհանոցի հանդեպ: Մեր զրուցակիցը նշեց, որ Իտալիայում ուտելու ժամը համարյա թե սուրբ մի բան է, մինչդեռ հայերը կարող են ուտել ցանկացած ժամի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել