«Դաշտային առաքելության» եւ բանակին վերաբերող տեսագրության առթիվ
«Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մտահոգություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ս.թ. սեպտեմբերի 6-ի եւ 9-ի հայտարարությունների առթիվ, որոնք, մասնավորապես, վերաբերում են, այսպես կոչված, «դաշտային գնահատման առաքելության այցին Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններ»: Նման առաքելություն հնարավոր է իրականացնել միայն մեկ դեպքում՝ եթե առկա է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների համաձայնությունը:
Այսպիսի մի փաստահավաք առաքելություն այցելել էր տարածաշրջան 2005 թվականին՝ ներկայացնելով զեկույց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին: Ի հեճուկս հայկական կողմի ջանքերի, այդ առաքելությունը չէր այցելել Ադրբեջանի կողմից զավթված շրջաններ՝ սահմանափակվելով միայն ԼՂ վերահսկողության տակ գտնվող տարածքների դիտարկմամբ:
Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում ԼՂՀ իշխանություններին՝ թույլ տալ առաքելության այցելությունը տարածաշրջան միայն այն դեպքում, եթե առաքելությունը կդիտարկի նաեւ Ադրբեջանի կողմից զավթված ԼՂ տարածքները: Հայաստանը իր կողմից պետք է քաղաքական աջակցություն ցուցաբերի ԼՂ իշխանությունների պահանջին եւ ապահովի ԵԱՀԿ Մինսկի խմբի դրական պատասխանը՝ համաձայն ՀՀ ԱԳ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների՝ Ադրբեջանի կողմից զավթված ԼՂ տարածքների վերաբերյալ վերջին շրջանում արված մի շարք հայտարարությունների»,- նշում է ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը:
ՀԱԿ-ի մեկ այլ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Վերջին օրերին ինտերնետային տարբեր կայքերում տարածվել է սահմռկեցուցիչ մի տեսագրություն՝ որպես բանակում տիրող բարքերի մի օրինակ: Անգամ ֆաշիզմի ու նրա ներկայացուցիչների գազանությունները, մարդկային արժանապատվությունը վիրավորելու ու ստորացնելու մասին նրանց արարքների ամենաչափազանցված պատկերումը գեղարվեստական ֆիլմերում իրենց զազրելիությամբ չեն կարող մրցել 3-4 րոպեանոց այդ տեսանյութի հետ: Եվ իսկույն հասկանում ես հատկապես վերջին շրջանում բանակում հաճախացած ողբերգական ու արյունոտ դեպքերի պատճառը: Այսօրինակ անմարդկային նվաստացման ենթարկված ցանկացած բանական մարդ, առավել եւս՝ 18-19 տարեկան երիտասարդ, կարող է դիմել ե՛ւ ինքնասպանության, ե՛ւ սպանության, ե՛ւ գերադասել փախուստը հակառակորդի մոտ: Լավագույն դեպքում՝ նա տուն կվերադառնա ֆիզիկապես, բարոյապես ու հոգեպես լիակատար խեղված վիճակում: Մի բան նա հաստատ չի անի՝ անհրաժեշտության դեպքում չի կռվի հակառակորդի դեմ: Այդպե՛ս են ոչնչացնում բանակը եւ հանձնում Ղարաբաղը:
Այս առիթով պաշտպանության նախարարության տարածած հապշտապ, անգրագետ ու հակասական հայտարարությունը ոչ այնքան իրողությունը բացահայտելու, որքան այն ծածկելու, պարտակելու նպատակ է մատնում: Համենայնդեպս, պատժի սպառնալիքներն ավելի շատ ուղղված են ոչ այնքան բռնության ու նվաստացումների հեղինակին, այլ, չգիտես ինչու, տեսանյութը «պատրաստողներին ու կանխամտածված տարածողներին»:
Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է, որ հիշյալ տեսանյութում բավարար հստակությամբ պատկերված երկու զինվորների եւ սպայի ինքնության ճշտումը տեխնիկական զինվածության ներկա պայմաններում եթե ոչ ժամերի, ապա ընդամենը մի քանի օրվա պարզագույն խնդիր է: Կատարվածը ոչ թե սովորական ծեծ կամ ոչ կանոնակարգային արարք է, այլ դավաճանության ծանրագույն հանցանք է՝ ուղղված երկրի արտաքին անվտանգությունն ապահովելու կոչված կառույցի՝ բանակի քայքայմանն ու բարոյալքմանը: Իշխանությունը պարտավոր է առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերել անասնակերպ այդ հրեշ սպային, գործի քննությունը տանել հրապարակային՝ դրան մասնակից դարձնելով նաեւ քաղաքացիական հասարակությանը՝ ի դեմս իրավապաշտպան կազմակերպությունների եւ լրագրողների: Ելնելով ՊՆ-ի տարածած հայտարարությունից՝ Կոնգրեսը խոր մտավախություն ունի, որ իշխանությունն արդեն իսկ սույն փաստը ծածկադմփոց անելու քաղաքական որոշում ունի»: