Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՆԱԿԸ ՎԵՐԱԾՎԵՑ ՓԱԿ ՀԱՄԱԿԱՐԳԻ»

Սեպտեմբեր 14,2010 00:00

\"\"Համոզված է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը 

– Վերջին շրջանում բանակում շատ միջադեպեր եւ պատահարներ եղան, այդ թվում՝ մահվան ելքերով: Դեպքերի առատություն միշտ եղել է, պարզապես այս շրջա՞նն էր առավել թափանցիկ, թե՞ սա իսկապես արտառոց շրջան էր: Թե առաջին, թե երկրորդ դեպքում՝ ո՞րն է պատճառը:
– Բանակում միշտ էլ բռնությունների ու սպանությունների դեպքեր գրանցվել են: Բայց այն, ինչ արձանագրվում է այսօր, երբեք չի եղել: Թափանցիկության մասին խոսք անգամ լինել չի կարող: Ընդհակառակը՝ հասարակությունը դժվարությամբ է կարողանում տեղեկացվել դեպքերի մասին, իսկ հանգամանքները, որպես կանոն, անհայտ են մնում: Տխրահռչակ ինքնասպանությամբ աշխատում են կոծկել հնարավոր բոլոր դեպքերը: Ուղղակի վերջին դեպքերը այնքան հաճախ են ու ճչացող, որ անհնար էր թաքցնել: Միշտ էլ բանակի հրամանատարությունը փորձել է բանակում առկա թերությունները թաքցնել հասարակությունից՝ պատճառաբանելով, թե բանակը գերկարեւոր ու գերգաղտնի մի համակարգ է եւ պետք է դուրս մնա քննադատությունից: Ժամանակին, երբ դեռ նոր էր ձեւավորվում բանակը, պրոցեսի վրա հասարակական վերահսկողություն ընդհանրապես գոյություն չուներ: Մի կողմից՝ այն պատճառով, որ պատերազմի տարիներ էին, մյուս կողմից էլ, որ բանակի այն տարիների ղեկավարությունը նույնպես կտրականապես դեմ էր ու ամեն կերպ թույլ չէր տալիս բանակի նկատմամբ հասարակական որեւէ վերահսկողություն: Արդյունքում բանակը վերածվեց մի փակ համակարգի, որի ներսում կատարվող ցանկացած երեւույթ կամ հասարակության համար մնում էր անտեսանելի, կամ էլ աղավաղված էր ներկայացվում: Խիստ կարեւոր է այն հանգամանքը, որ նոր ձեւավորվող բանակ, դեռ պատերազմի տարիներից, տարբեր, նաեւ՝ բացատրելի պատճառներով ներթափանցեցին քրեական տարրեր՝ իրենց հետ նոր կազմավորվող բանակ բերելով իրենց քրեական բարքերը: Եթե 90-ականների ծանր ու պատերազմական շրջանում այս ամենի դեմն առնելը գուցեեւ դժվար էր, ապա հետագայում ողջ այս բացասականը պետք է վերացվեր: Սակայն տեղի ունեցավ հակառակը: Գնալով բացասականը այնքան խորացավ, որ այսօր այն գերիշխող է դարձել: Ըստ էության բանակում փոխհարաբերությունները դրված են քրեական հիմքերի վրա: Յուրաքանչյուր զորակոչիկ, ասել է թե՝ 18 տարեկան պատանի, պարտավոր է ենթարկվել իր համար նոր ու, որպես կանոն, խորթ այդ կանոններին: Արդյունքում ունենք քրեական աշխարհին յուրահատուկ դեպքեր՝ դաժան դրսեւորումներով, բռնություններով ու սպանություններով:  
– Իհարկե, մի քանի «սլաքավարի» ազատեցին զբաղեցրած պաշտոնից, բայց որեւէ բարձրաստիճան զինվորական կամ պաշտոնյա նախատինքի խոսք չլսեց: Ինչո՞ւ ՀՀ նախագահն ու կառավարությունը չեն պատժում բարձրաստիճան զինվորականներին:
– Անգամ սլաքավարներն իրական պատիժներ չեն ստանում: Աշխատանքից ազատումը կամ նախատինքի խոսքը  չեն կարող սպանության համար պատիժ համարվել: Սպանության համար պատժի հիմքում պետք է դրված լինի սպանության հանգամանքների բազմակողմանի բացահայտումը: Առանց սպանության հանգամանքների բացահայտման անհնար է իսկական մեղավոր գտնելն ու պատժելը: Այդ պատճառով էլ գտնվում են սլաքավարներ: Այդ պատճառով էլ այդքան հաճախ դիմում են ինքնասպանության վարկածի օգնությանը, նույնիսկ այն դեպքերում, երբ «ինքնասպան» եղած զինվորի մարմինը պատված է լինում բռնության հետքերով: Իսկ ՀՀ նախագահն ու կառավարությունը առաջին հերթին պետք է իրական ՀՀ նախագահ ու ՀՀ կառավարություն լինեն, որ կարողանան եւ իրենց խոսքն ասել, եւ հարկ եղած դեպքում՝ պատժել: Այսօր ՀՀ նախագահն իր այս դիրքին հասնելու համար երկու տարի առաջ օգտագործեց բանակն ու բանակի այսօրվա հրամանատարությանը: Սերժ Սարգսյանին իշխանության բերելու համար բանակն իր այսօրվա հրամանատարների գլխավորությամբ  Երեւանի փողոցներում դուրս էր եկել ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանությունը փոխելուն հավատացող մի քանի հարյուր հազար ցուցարարի դեմ՝ իր զրահատեխնիկայով ու իր զենքով: Ոչ միայն ներքին զորքերի ու ոստիկանության, այլ նաեւ բանակի բացարձակ անօրինական միջամտությունների արդյունքում ճնշվեց իր իրավունքների համար փողոց դուրս եկած հայ ժողովրդի պայքարը: Ցանկանում եմ ասել, որ բանակի այսօրվա հրամանատարությունը Ս. Սարգսյանին այնպիսի ծառայություն է մատուցել, որ նա ոչ մի դեպքում նրանց հասցեին նախատինքի խոսք ասել չի կարող, էլ ուր մնաց՝ պատժել:   
– Ինչո՞ւ քաղաքական ուժերը այս հարցը չեն բարձրացնում, մասնավորաբար՝ խորհրդարանական ուժերը:
– Այս հարցն առաջին հերթին հարկավոր է տալ հենց այդ ուժերին: Ինքս կարծում եմ, որ նրանք շարունակում են մնալ հնուց եկող այն տեսակետի ազդեցության տակ, ըստ որի՝ ինչ էլ որ լինի, բանակը պետք է մնա անձեռնմխելի ու անքննադատելի: Պատերազմով ու պատերազմի սպառնալիքով փորձում են զերծ պահել բանակը քննադատությունից եւ հասարակական վերահսկողությունից, չհասկանալով, որ այս բարքերով ու այս կարգի հակասություններով լի բանակի համար չափազանց դժվար է լինելու իր դերը կատարելը, էլ չեմ խոսում՝ 18-20-ամյա երիտասարդներին խեղելու մասին: Քաղաքական ուժերը պարտավոր են անդրադառնալ բանակում առկա այս հանցագործություններին, պարտավոր են պատասխանատուներից բացատրություններ պահանջել: Պարտավոր են ամեն ինչ անել, որ սպանությունների ու, ինչու չէ, նաեւ ինքնասպանությունների դեպքերը բացահայտվեն: Հասարակության ու սպանված զինվորի հարազատների մոտ պետք է մահվան հանգամանքների հետ կապված կասկածներ չմնան: Այստեղ խորհրդարանական ուժերը շատ բան կարող են անել: Հատուկ ցանկանում եմ անդրադառնալ ինքնասպանությանը: Ինքնասպանության դեպքերի բացահայտումը նույնքան կարեւոր է, ինչքան սպանությունների, որովհետեւ բանակային բարքերի արդյունքում են զինվորները, որպես կանոն, դիմում այս ծայրահեղ ու տխուր քայլին, եւ եթե ոչ յուրաքանչյուր, ապա շատ ինքնասպանությունների դեպքերի իրական մեղավորները ծառայակիցներն ու հրամանատարներն են:
– Բանակի թերությունների եւ բացերի մասին խոսողներին իշխանական գործիչներն ու իշխանամետ լրատվամիջոց-քարոզչամիջոցները պիտակավորում են՝ «Ադրբեջանի ջրաղացին ջուր եք լցնում»: Արդյոք սա շահարկում չէ՞ սեփական անկարողությունն ու անգործությունը քողարկելու համար:
– Սա սեփական հանցագործությունը կոծկելու կարճ ու հեշտ ճանապարհ է: Այս տարբերակով փորձ է արվում լռեցնել քննադատներին եւ լռության քողի տակ կոծկել եւ եղած, եւ դեռ սպասվող դեպքերը: Հին միջոց է՝ հայտարարել բանակի քննադատներին թշնամու ջրաղացին ջուր լցնող եւ դրանով ավարտել խոսակցությունը: Բայց ժամանակները փոխվում են, եւ այն, ինչ հնարավոր էր երեկ, այսօր դառնում է դժվար իրականանալի, իսկ վաղը դառնալու է անհնար: Գնալով հասարակության ներկայացուցիչները եւ ակտիվիստները բանակի վրա ազդելու շատ ավելի մեծ լծակներ ու հնարավորություններ են ունենալու: 90-ականների սկզբի փակ համակարգը այլեւս չի կարող գոյատեւել: Բանակը նույնպես մեր հասարակության մի մասն է եւ պետք է լինի հասարակության վերահսկողության ներքո, ու մահվան ցանկացած դեպք պետք է դառնա նաեւ հասարակական լայն քննարկման առարկա, ու յուրաքանչյուր մեղավոր պետք է պատժվի՝ ինչ բարձր պաշտոն ու կոչում էլ որ ունենա: Անկախ պիտակավորումներից ու Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու անիմաստ մեղադրանքներից՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պարտքը պետք է լինի իր ակտիվությամբ նպաստել, որ այս կարգի դեպքերն ու հանցագործությունները բացահայտվեն, իսկ ապագայում էլ՝ կանխվեն: Ոչ մի բանակի կարեւորություն, ոչ մի պատերազմի սպառնալիք եւ հայրենիքի պաշտպանության մասին ոչ մի ճռճռան գաղափար չարժեն դաժանաբար սպանված ոչ մի զինվորի կյանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել