Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ԿԱՅՔՈՒՄ ՄԻՆՉ ՕՐՍ ՉԿԱ

Սեպտեմբեր 14,2010 00:00

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքների փոփոխությունների առնչությամբ ԱԺ-ում լրագրողներին ասել էր. «Մեր բոլոր քննադատների համար, որոնք նորից փորձում են անցնել քննադատության գործին, մի պարզ խորհուրդ ունեմ՝ կարդալ 2-րդ ընթերցմամբ ներկայացված նախագիծը, որը վաղուց տեղադրված է ԱԺ պաշտոնական կայքում»: Հարցին էլ, թե ինչ գիտի, որ չեն կարդացել՝ պատասխանել էր. «Ոչ ոք մեր քննադատներից չի կարդացել օրենքը, որն օգոստոսի 12-ից տեղադրված է կայքում: Այսօր սեպտեմբերի 8-ն է: Եթե կարդային, շատ կարեւոր փոփոխություն այնտեղ կտեսնեին»: Եվ հավելել էր. «Սա՛ է մեր համատեղ ինտելեկտուալ աշխատանքի որակական չափանիշը, այն է՝ քննադատել այն, ինչ որ չես կարդացել»:
Սակայն անգամ երեկ՝ սեպտեմբերի 13-ին, այդ նախագիծը չկար ԱԺ կայքում՝ կար միայն առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակը: ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը մեր խնդրանքով պարզաբանելով, թե ինչու հնարավորություն չի ընձեռվել ծանոթանալ 2-րդ ընթերցման ներկայացված նախագծին՝ ասաց. «ԿԳ նախարարը ճիշտ է նշել, որ կառավարությունն ԱԺ ներկայացրել է 2-րդ ընթերցման նախագիծը: Նրանք որոշակի փոփոխություններ կատարել են այդ նախագծում: Իսկ թե ինչու կայքում չի տեղադրվել՝ պատճառը չգիտեմ»:
Արտակ Դավթյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե երբ են նախատեսում լսումներ անցկացնել այս փոփոխությունների վերաբերյալ. «Մինչեւ հոկտեմբերի 4-7-ի քառօրյան լսումները կանցկացվեն»:

Հ. Գ. Ի դեպ՝ արված փոփոխություններից մեկը, պրն Աշոտյանի մատուցմամբ, հետեւյալն է՝ «Օտար լեզվի դասավանդումը չի կարող իրականացվել հայերեն»: Նույնն է, թե գրեին. «Անգլերենը չի կարող դասավանդվել հայերեն»: Եվ ուշագրավն այն է, որ այս «հանճարեղ» ձեւակերպումը, դատելով նախարարի պարզաբանումներից՝ մշակվել է իրավաբանների հետ միասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել