Լրահոս
Օրվա լրահոսը

10 ՏԱՐԻ ՀԵՏՈ ԷԼ ԵՆՔ ԱՍԵԼՈՒ, ԹԵ ԼՂՀ-Ն ՃԱՆԱՉԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ

Սեպտեմբեր 14,2010 00:00

\"\"Վստահ է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, որը հիշեցնում է, թե այժմ հնչող այդ փաստարկը կիրառվել է նաեւ 1992-ի խորհրդարանական քննարկումներում:

– Թերեւս կարելի է անսխալ կանխատեսել՝ ինչ ճակատագիր է ունենալու «Ժառանգություն» խմբակցության կողմից արտահերթ ճանաչված «ԼՂՀ-ն ճանաչելու մասին» օրենքի նախագիծը, որը քննարկվելու է հոկտեմբերի 5-ին: ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն արդեն իսկ նշեց, թե չեն կարծում, որ «Հայաստանի կողմից ԼՂ ինքնանպատակ ճանաչումը կարող է օգուտ տալ ԼՂ միջազգային ճանաչման գործընթացին»: Նաեւ հեռակա հարց ուղղեց «Ժառանգությանը»՝ «Ինչո՞վ է ՀՀ ԱԺ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը նպաստելու միջազգային ճանաչմանը»: Ի՞նչ կպատասխանեք:
– Կարծում եմ, մենք մինչ այժմ անհրաժեշտ աշխատանք չենք իրականացրել Արցախի անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ: Եվ դրա հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանն ինքը մինչ այժմ դե-յուրե չի ճանաչել Արցախի անկախ պետության գոյության փաստը: Եվ որեւէ պետության հետ աշխատանք տանել Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ, երբ ինքդ ձեռնպահ ես մնում այդ հարցում, կարծում եմ՝ թե՛ քաղաքականապես եւ թե՛ բարոյապես հիմնավորված եւ արդարացված չէ:
– Քաղաքական մեծամասնության այս մոտեցումները կիսում են նաեւ ԼՂՀ-ում: Ասենք, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը «Ժառանգության» նախաձեռնության առնչությամբ նշել էր, թե ԼՂՀ ճանաչումը չպետք է «միայնակ կրակոցի պես հնչի՝ Հայաստանը ճանաչի մեզ ու վերջ»:
– Անշուշտ, Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը չպետք է լինի ինքնանպատակ եւ հնչի «միայնակ կրակոցի պես»: Դրան պետք է հաջորդի Հայաստանի եւ Սփյուռքի հայկական լոբբիի կողմից համակարգված եւ ամենօրյա լուրջ աշխատանք՝ այլ պետությունների եւ միջազգային կառույցների կողմից Արցախի անկախությունը ճանաչելու ուղղությամբ:
– Իշխող կուսակցության մեկ այլ փաստարկն է, որ Հայաստանի գլխավոր նպատակը ԼՂՀ անկախության ճանաչումն է, եւ եթե ժամանակը գա՝ չեն սպասի, որ քաղաքական փոքրամասնությունն այդ հարցն օրակարգ մտցնի. «Եվ թող որեւէ մեկը Հռոմի պապից կաթոլիկ իրեն չերեւակայի»: Ի դեպ, նույն տեսակետին են նաեւ ընդդիմադիր դաշտում «Ժառանգության» գործընկերները, թե սա ժամանակավրեպ քայլ է:
– Եթե քաղաքական մեծամասնությունը Հռոմի պապի դիրքերից է ուզում հանդես գալ, ապա չեմ կարծում, թե որեւէ մեկը կփորձի նրանից խլել այդ տիտղոսը: Բայց ուզում եմ հիշեցնել, որ ԼՂՀ ճանաչման հարցն օրակարգ է մտել դեռ Գերագույն խորհրդի օրոք:
Ուզում եմ համառոտ հիշեցնել ժամանակագրությունը: 1992 թվականին՝ Շուշիի ազատագրումից հետո, ձեւավորվել էր մեծ, հզոր ընդդիմադիր միավորում՝ «Ազգային դաշինքը», եւ հունիսից սկսվեցին հանրահավաքներ՝ ԼՂՀ ճանաչման հիմնական պահանջով: Այդ ժամանակ ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով, հայտարարելով, որ ստեղծված բարենպաստ պայմաններում հասունացել է պահն Արցախի անկախությունը ճանաչելու համար: Դա շատ լուրջ ազդանշան էր քաղաքական դաշտի համար ու նաեւ մեծ սատարում էր ընդդիմությանը:
Այդ ճնշումների ներքո հարցը մտավ Գերագույն խորհրդի օրակարգ: Փակ եւ շատ ծանր քննարկումներ էին: Ընդ որում՝ այդ հարցը երկու անգամ հայտնվեց օրակարգում. մեկը՝ հունիսի 22-24-ն էր, մյուսը՝ հունիսի 30-հուլիսի 1-ին: Երկու դեպքում էլ տեղի ունեցան բավականին սուր եւ լարված քննարկումներ: Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ էր մասնակցում մի քննարկմանը: Հիշում եմ, որ նա իր ելույթն ավարտեց այսպես, թե այո՛, ճանաչման հարց կա, բայց ժամանակ խնդրեց: Եթե չեմ սխալվում՝ Մոսկվա էր մեկնում: Եվ ակնկալվում էր, որ առաջիկայում արդեն պետք է ճանաչվի ԼՂՀ անկախությունը:
Բայց հուլիսի 8-ին, երբ Գերագույն խորհրդի նիստում նորից այդ հարցը դրվեց, այն վերածվեց քաղաքական շոուի: Բաբկեն Արարքցյանը հայտարարեց, թե ինքը հրաժարական է տալիս խորհրդարանի նախագահի պաշտոնից, քանի որ նպատակահարմար չի գտնում, թե այդ հարցը պետք է մտնի օրակարգ ու քննարկվի: Եվ փաստորեն, ԼՂՀ ճանաչման հարցը վերածվեց Արարքցյանի հրաժարականն ընդունել-չընդունելու հարցի: Բնականաբար՝ չընդունվեց հրաժարականը, եւ այսպես ճանաչման հարցը դուրս եկավ օրակարգից: Կարծում եմ, որ մենք այդ ժամանակ կորցրեցինք լավագույն պահն Արցախի անկախությունը ճանաչելու համար: Կարծես թե բոլոր ժամանակների իշխանական մեծամասնությունը նույնն է, եւ նույն բառամթերքն է օգտագործվում, թե դեռ ժամանակը հասունացած չէ եւ այլն, ինչպես եւ հիմա են անում: Նրանք, ովքեր այն ժամանակը հարմար չէին նկատում՝ հիմա ասում են, թե մենք կորցրել ենք պահը: Ու նույնը կրկնվում է այսօր: Վստահ եմ, որ 10 տարի հետո էլ ենք ասելու նույնը, թե հարմար պահը չէ:
– Այսուհանդերձ՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանն առայժմ ձեռնպահ մնաց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կտրուկ գործողություններից՝ որքանո՞վ եք տեղին համարում, որ միջազգային հանրության կանխատեսելի հակազդեցությամբ՝ նման քայլեր գործադրի Հայաստանը:
– Ադրբեջանը ձեռնպահ չի մնացել, այլ հարցը տեղափոխել է հաջորդ նստաշրջանի օրակարգ, եւ իր նախապայմանները Մինսկի խմբի կողմից չկատարվելու դեպքում պատրաստ է հարցը նորից քննարկել ասամբլեայում: Եվ այդ մասին բացահայտ հայտարարել է: Ուստի իզուր են մեր իշխանավորներն այս փաստը դիտում իբրեւ ադրբեջանական դիվանագիտության պարտություն: Ադրբեջանն այս քայլով իր համար ստեղծեց դիվանագիտական «զորաշարժերի» ավելի մեծ տարածություն: Համարժեք մարտավարություն պետք է որդեգրենք նաեւ մենք: Եվ հակակշռող քայլը, կարծում եմ, հետեւյալը կլինի, որ ԼՂՀ ճանաչման մասին հարցն ընդգրկվի ԱԺ մեծ օրակարգում: Այս հարցում կարելի է փոխհամաձայնության գալ, որ հարցը միանգամից չքննարկվի, քանի որ հասկանալի է՝ եթե ԼՂՀ ճանաչման հարցը քննարկվի Հայաստանի խորհրդարանի կողմից եւ չընդունվի՝ մեծ հարված կլինի ամե՛ն առումով: Թող ընդգրկվի օրակարգում, եւ սպասենք հարմար պահի, երբ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունն այս հարցի վերաբերյալ կունենան հստակ, միակարծիք դիրքորոշում:
Իշխող ուժը, եթե հրաժարվի եսակենտրոնությունից ու քաղաքական լայնախոհություն ցուցաբերի, կարծում եմ, կընդունի այս փոխզիջումային տարբերակը, որը Հայաստանի համար նույնպես «զորաշարժերի» լայն դաշտ է ապահովում՝ միջազգային ամբիոններում Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում:
– Խորհրդարանում «Ժառանգության» ընդդիմադիր գործընկերը՝ ՀՅԴ-ն, մեկ այլ առաջարկ արեց՝ ռազմաքաղաքական դաշինք կնքել ԼՂՀ-ի հետ: Ինչպե՞ս եք վերաբերվում այս գաղափարին:
– Դա կարելի է անել այն դեպքում, եթե Հայաստանը դե-յուրե ճանաչում է ԼՂՀ-ն՝ որպես անկախ միջազգային սուբյեկտ: Արցախի անկախությունը ճանաչելուց հետո «Ժառանգությունը» նույնպես գտնում է, որ Հայաստանի եւ Արցախի միջեւ պետք է կնքվի ռազմա-քաղաքական դաշինք՝ դրանից բխող համագործակցության բոլոր ձեւերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել