Հայ-ռուսական փաստաթղթերի «անկյունաքարային նշանակության մասին»
Դեռ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի երեւանյան այցի ընթացքում հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել, որ երկրների ղեկավարների մակարդակով եւս մեկ անգամ հաստատվեց հայ-ռուսական համագործակցության հետագա ամրապնդման փոխադարձ ձգտումը: Սերժ Սարգսյանը դեռ այդ ժամանակ էր ասել, որ այս տրամադրվածությունը համապատասխանում է երկու երկրների ռազմավարական հետաքրքրություններին եւ բխում է տարածաշրջանային մակարդակով անվտանգության եւ կայունության ամրապնդման շահերից, եւ որ ՌԴ-Հայաստան հարաբերությունները, իսկապես, ռազմավարական եւ դաշնակցային են եւ արտացոլում են մեր ժողովուրդների զգացմունքները:
Երեւանյան պետական այցից կարճ ժամանակ անց ՌԴ նախագահը մեկնեց Բաքու: Այդ ժամանակ ոմանք քմծիծաղեցին, թե Մեդվեդեւը գնացել էր Բաքվի հետ քննարկելու այն, ինչի մասին խոսվել է Երեւանում: Մինչդեռ այժմ, երբ ադրբեջանական այցից հետո ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունենում Հայաստանի նախագահի հետ, ի՞նչ է ուրեմն քննարկում: Գուցե ՀՀ նախագահի հետ էլ քննարկում է այն, ինչի մասին խոսվել է Բաքվո՞ւմ:
Ըստ ՌԴ նախագահի պաշտոնական կայքի, շաբաթ օրը տեղի ունեցած Դմիտրի Մեդվեդեւ-Սերժ Սարգսյան հեռախոսազրույցում քննարկվել են Մեդվեդեւի՝ Հայաստան կատարած առաջին պետական այցի արդյունքները: Նախագահները նշել են, որ բարձրագույն մակարդակով հանդիպման ժամանակ ստորագրված փաստաթղթերը անկյունաքարային նշանակություն ունեն երկու երկրների կառուցողական եւ բազմաշերտ փոխգործակցության հետագա զարգացման տեսանկյունից: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Դմիտրի Մեդվեդեւն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է հետագայում էլ աջակցություն ցուցաբերել Հայաստանի եւ Ադրբեջանի համար ընդունելի քաղաքական լուծում գտնելու ջանքերին: Հիշեցնենք նաեւ, որ Սերժ Սարգսյանը համատեղ ասուլիսում հայտարարել էր, որ Հայաստանի դիրքորոշումը տվյալ առանցքային հարցի շուրջ անփոփոխ է. «Մենք ելնում ենք այն բանից, որ ճգնաժամերն ու հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես, կրկնում եմ՝ բացառապես խաղաղ միջոցներով, առանց ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի, միջազգային նորմերի խստիվ պահպանմամբ, այնպիսի ձեւաչափերի շրջանակում, որոնք վերջին ժամանակներս կիրառվում են: Ես շնորհակալ եմ ՌԴ նախագահին՝ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության՝ որպես սադրանքներ թույլ չտալու եւ ռազմամոլ հավակնությունների զսպման կարեւոր գործոնի նշանակության ըմբռնման համար: Այն ամբողջովին համապատասխանում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում մեր դիրքորոշմանը»:
ՀՀԿ խմբակցության քարտուղար, կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ քաղաքական գործընթացներին քիչ թե շատ ծանոթ մարդիկ կարող են հստակ պատկերացում կազմել այն մասին, որ Երեւանում ձեռք բերված պայմանավորվածությունները, ստորագրված փաստաթղթերը եւ համաձայնագրերն արդեն իսկ սկսել են կյանքի կոչվել. «Եվ շատ կարեւոր է, որ Սերժ Սարգսյանի հետ հեռախոսազրույցում Դմիտրի Մեդվեդեւը խոսում է նաեւ Ադրբեջան կատարած այցի մասին, եւ կողմերը համակարծիք են, որ կոնկրետ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ խաղաղ ճանապարհով: Կարծում եմ՝ դիվանագիտական խողովակներով Մոսկվան արդեն իսկ Բաքվին հասկացրել է, որ խնդրի ռազմական լուծումն անթույլատրելի է եւ գործնականում անհնարին, որ այդ կարգի լուծումը երբեք չի ողջունվի Ռուսաստանի կողմից: Այդ հեռախոսազրույցի մեկ այլ կարեւոր պահն այն է, որ կողմերը միանշանակ որոշել են՝ Հայաստանը եւ Ռուսաստանը պետք է շարունակեն իրենց ռազմավարական գործընկերության խորացումը՝ ի շահ երկու երկրների: Կարծում եմ՝ ՄԱԿ-ում ադրբեջանական բանաձեւի ետկանչումից եւ ադրբեջանական այլ տապալված դիվերսիաներից հետո սա խիստ կարեւոր է: Փաստորեն ՌԴ նախագահը մեկ անգամ եւս վերահաստատում է իր դիրքորոշումը այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այլընտրանք չունի, եւ ղարաբաղյան հարցը պետք է լուծում ստանա միայն այս ձեւաչափում: Իսկ սա, ըստ էության, նշանակում է, որ դատապարտված են Բաքվի բոլոր փորձերը, որոնք ուղղված են հարցի լուծումն այլ ձեւաչափ տեղափոխելուն»:
«Առավոտի» զրուցակիցը վստահ է, որ վերջին շրջանում ադրբեջանական դիվանագիտությունը լրջագույն պարտություններ է կրում, որի արդյունքում այդ երկիրը սխալը սխալի ետեւից է կատարում: Իսկ Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հեռախոսազրույցից պարզ է դառնում, որ տարածաշրջանում Հայաստանի դիրքերը բավական ամուր են. «Մենք հստակ տեսնում ենք, որ Ադրբեջանում կա լուրջ դժգոհություն համանախագահների նկատմամբ, պատահական չէ, որ Մահմեդովը խոսեց այն մասին, որ Հայաստանին պաշտպանում է Արեւմուտքը, պաշտպանում է Ռուսաստանը: Վստահ եմ, այս ամենը խոսում է մեկ բանի մասին՝ մեր երկրի դիվանագիտությունը, ՀՀ նախագահի գլխավորությամբ իրականացվող նախաձեռնող քաղաքականությունը արդարացված են, եւ մենք ընթանում ենք ճիշտ ուղղությամբ»: