Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՉՎԵՐԱՑԸ ՈՒՐԱԽ ՏՈՆ Է

Սեպտեմբեր 11,2010 00:00

Մեկնաբանում է Արաբկիր համայնքի հոգեւոր սպասավոր տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը

Այս կիրակի կնշվի հայկական 5 տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը, որը մեր ժողովրդի շրջանում, չգիտես ինչու, ընկալվում է որպես տխուր տոն եւ ասոցացվում հանգուցյալների գերեզմաններ այցելելու օրվա հետ: Երեկ հրավիրված ասուլիսում Արաբկիր համայնքի հոգեւոր սպասավոր տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը հիշեցրեց, որ խաչի հետ շեշտվում է հարությունն ու կյանքը, այդ խորհուրդը գալիս է դեռեւս հնագույն ժամանակներից. «Խաչը սկզբնական շրջանում՝ մինչեւ Քրիստոս, եղել է դաժան մահվան գործիք: Բայց Քրիստոսի այն արյունը, որով սրբվեց խաչը, դարձավ կյանքի, փրկության, ուրախության ու ցնծության նշան եւ այդ նշանը մենք մեզ համար անվանում ենք քրիստոնեական գերագույն նշան, խաչով տրվեց փրկության ճանապարհը: Ժողովուրդը, դարեր շարունակ կտրված լինելով պետականությունից, հետ է վարժվել, ինքնամեկնաբանությամբ զբաղվել ու խաչը սկսել ընկալել որպես մահվան նշան»: Քահանան նշում է, որ հայերը, չնայած ճակատագրի բերումով խաչվածի դերում են եղել, բայց հարություն առնող ազգ են եւ իր խորհուրդը, խնդրանքն ու հորդորն է, որպեսզի Խաչվերացի տոնը դիմավորենք մեծագույն ցնծությամբ եւ այդ օրը չգնանք գերեզմաններ:
Խաչվերացի տոնի հետ կապված կա ավանդություն, որի համաձայն ժողովուրդը գորովի (թոնրում խորոված ամբողջական ուլ) կերակրատեսակն է պատրաստում: «Երբ Հայաստան աշխարհ բերեցին խաչը, պատմում են, որ ամբողջ ժողովուրդը ցնծում էր, անգամ այծերը, ուլերը թռչկոտում էին»,- ասում է հոգեւորականը:
Կիրակի օրը՝ երեկոյան ժամերգության ժամանակ, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում դուրս կբերվի ճաճանչավոր խաչը, որի վրա կլինի Քրիստոսի խաչափայտի նմուշը: Շաբաթ օրը նախատոնական է, հաջորդ օրը՝ պատարագ: Ժողովրդի մեջ տարածված է նաեւ, որ շաբաթ օրը հիշեն նոր մահացածներին, իսկ կիրակի՝ հներին: Քահանան ասաց, որ մեր ժողովուրդը, իր մոտեցմամբ, ժողովրդական լեզվով արդեն այս հարցի պատասխանը տվել է. «Ասում են՝ գնաց, հասավ հազար տարվա մեռելներին, այսինքն, մենք հին եւ նոր՝ տարբերություն չենք դնում: Ննջեցյալներին մեր կյանքով ու առաքինություններով պիտի հիշենք»:
Դիտարկմանը, թե եկեղեցու եւ եկեղեցականների նկատմամբ երբեմն թյուր, բացասական կարծիքներ են հնչում, տեր Բաբկենը չհամաձայնեց՝ ասելով. «Թյուր կարծիք է, երբ չես մոտենում եւ հեռվից սկսում ես դատապարտել, վատաբանել: Ի վերջո, ամեն տեղ կարելի է վատը գտնել: Մեր եկեղեցին այսօր պայծառանում է, իհարկե, մեծ ճանապարհ կա մաքրելու, զտելու, որ հասնենք մեր պապերի մակարդակին: Խաչի տոնը այդ ամբողջը մաքրելու, փրկելու համար է, եթե խաչակիր չես, ուրեմն քո տեղում չես»: Քահանան գտնում է, որ այսօր հոգեւորականները մարդկանց հետ անհատական աշխատանք պետք է տանեն, իսկ քահանան էլ՝ ծխատեր պիտի լինի, իմանա, թե իր ծխում ինչ կատարվեց, ով ծնվեց, որտեղ է ուրախություն կամ տխրություն, եւ որտեղ անհատն ունի հոգեւորականի խորհրդի կարիք:
Տեր Բաբկենի խոսքով՝ Մայր աթոռի Քրիստոնեական դաստիարակչական կենտրոնն այդ ճյուղերը օրեցօր բազմացնում է. «Որտեղ կա եկեղեցի, այնտեղ կա քարոզչություն, եթե եկեղեցական չկա, տեղը լրացնում են տարբեր կրոնական կազմակերպությունները, որովհետեւ մարդիկ դա լսելու կարոտ ունեն»:
Ինչ վերաբերում է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին, քահանան չասաց, թե ինքն անձամբ ինչ է մտածում եւ միայն շեշտեց, որ Մայր աթոռը հարցն առկախել է: Գնալ-չգնալու մասին կարծում է, թե դա համայնքային խնդիր է, եւ յուրաքանչյուրն իրավունք ունի իր կարծիքը հայտնել: Նա գտնում է. «Պոլսում ունենք շուրջ 30 եկեղեցի, ավելի շատ՝ քան Երեւանում: Այս հարցը խորն է: Եթե թուրքերն ուզում են մարդ դառնալ, պետք է ապաշխարեն, վերակառուցեն բոլոր ավերած, կործանած եկեղեցիները, ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, խաչերը տեղադրեն եկեղեցիների վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930