Թողնել ծխելն ու լցնել բյուջեն
Հայաստանում ծխախոտի դեմ պայքարում են բազմաթիվ հ/կ-ներ, պարբերաբար ակցիաներ, միջոցառումներ կազմակերպում, բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ առողջությունը քայքայող այդ չարիքի դեմ պայքարողները լավ չեն աշխատում: Օրինակ, վերջերս Մաշտոցի պողոտայի մի թեւում՝ «ծխելը վնասակար է առողջությանը» գրությամբ պաստառներով երիտասարդներ ծխելու դեմ պայքարի ակցիա էին անցկացնում, մյուս թեւին՝ գեղեցիկ, բարձրահասակ, կարճ շրջազգեստներով աղջիկներ ծխախոտի տուփերը ձեռքներին մտնում էին սրճարաններ ու հաճախորդներին իրենց ֆիրմայի ծխախոտներից նվիրում: Այս դեպքում անգամ չծխողը կսկսի ծխել, քանի որ գեղեցիկ ու սեքսուալ աղջիկ է իրեն ծխախոտ առաջարկել. էլ ինչպե՞ս կպակասի ծխողների թիվը: Տպավորությունն այնպիսին էր, որ անգամ չծխող հայերը իրենց բնորոշ չտեսությամբ՝ ծխելուց բացի ամեն ինչ կանեն, ինչ է թե՝ կարճ շրջազգեստով աղջկա հետ մի երկու բառ փոխանակեն: Սրճարանում նստած չծխող երիտասարդներից մի քանիսն ամոթից ծխախոտը վառեց ու սկսեց ծխել, որովհետեւ սեղանակիցները սկսեցին ձեռք առնել ասելով, «արա, հո դուք ղզիկ չեք, աղջիկը առաջարկում ա, ծխեք»: «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրենքն արգելում է ծխել հասարակական տրանսպորտում, անչափահասներին ծխախոտ վաճառել, սակայն այսօր ամեն տեղ անչափահասներն առանց արգելքի կարող են ծխախոտ գնել, ծխել:
Անգամ սրճարաններում, որտեղ անչափահասները եւս հաճախ են լինում, հնարավորություն ունեն ծխախոտ «ըմբոշխնել», այն էլ գեղեցկուհիների հյուրասիրած: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ տարբեր ֆիրմաների ծխախոտ գովազդող այդ աղջիկները սրճարաններում երբեք անգամ ծխող կանանց չեն մոտենում, նրանց թիրախը միայն տղամարդիկ են՝ այն էլ երիտասարդ:
Ըստ վիճակագրության, 2004 թվականին 18 տարեկանից բարձր տղամարդկանց 65-67%-ն էր ծխում, 2007-ի տվյալներով՝ 57%-ը: Հարցումները ցույց են տվել, որ ծխախոտով հրապուրվում են 17-23 (ուսանողուհիները), 35-45 տարեկան կանայք (հիմնականում՝ չամուսնացածները) եւ 13-16 տարեկան տղաները: Չնայած Հայաստանում կանայք ավելի քիչ են ծխում, քան տղամարդիկ, սակայն կանայք ավելի շատ են անհանգստանում իրենց տղամարդկանց համար, գիտակցելով ծխախոտի առաջացրած վտանգները:
Ըստ գերմանական «SPIEGEL ONLINE» գործակալության՝ հետազոտողներին հաջողվել է հայտնաբերել ծխելու եւ գենոմային փոփոխության միջեւ ուղղակի կապը: Պարզվում է՝ ծխելը պատճառում է ավելի քան 300 գեների խանգարումներ: Այսպիսով, այս մեկը եւս համալրում է ծխախոտի պատճառած վնասների մեծ շարքը՝ շնչառական համակարգի, սրտի, իմունիտետի խնդիրներ, քաղցկեղ:
Ըստ ԱՀԿ-ի՝ յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ աշխարհում ծխելուց մահանում է մեկ մարդ, իսկ Հայաստանում գայթակղիչ, «ճռճռան» գովազդների պատճառով անընդհատ ավելանում է ծխողների թիվը:
Ինչ վերաբերում է ռեստորանները, սրճարանները վերահսկելուն, ապա այս հաստատությունները վերահսկող կառույցը միայն շենքային պայմաններն է ստուգում, իսկ առավելագույնը, որ անում է, զվարճանքի օբյեկտներում ծխելն արգելող հայտարարության փակցված լինել-չլինելն է ստուգում:
Հայաստանում նույնիսկ այն սրճարաններում, ռեստորաններում, որտեղ իբր թե ծխողների ու չծխողների սրահ է առանձնացված, այդքան էլ այդպես չէ. չծխողների սրահ կարող են գալ, օրինակ, տվյալ ռեստորանատիրոջ բարձրաստիճան պատգամավոր ընկերներն ու սկսել ազատ ծխել, իսկ նրանց, բնականաբար, ոչ ոք նկատողություն չի անի:
ԱՊՀ երկրներում ծխախոտամոլության մակարդակները գրեթե չեն տարբերվում: Օրինակ, Ուկրաինայում եւ Ռուսաստանում կամաց-կամաց հավասարվում են ծխող կանանց ու տղամարդկանց ցուցանիշները:
Ծխախոտը առաջին հերթին հարվածում է թոքերին: Թոքերի քաղցկեղը զարգանում է հենց ծխախոտի օգտագործումից: Նշեմ, որ Հայաստանում ամեն տարի գրանցվում է տղամարդկանց թոքի քաղցկեղի 1000 դեպք: Ծխախոտը մահաբեր է, ոչ միայն անկախ իր գնից, այլեւ մարդու ակտիվ կամ պասիվ ծխող լինելուց. այսինքն, ի՞նքն է ծխում, թե՝ հարկադրաբար է շնչում կողքի ծխողի արձակած թույնը: Ներկայումս հայ բնակչության 30%-ը ծխում է, իսկ մնացածը՝ շնչում:
Վերջերս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարգեւատրվել է ԱՀԿ-ի պատվավոր դիպլոմով՝ ծխելու դեմ պայքարին ակտիվորեն մասնակցելու համար: Հուսանք, որ Հայաստանում էլ, եթե անգամ դիպլոմ չստանան, ապա մեր պաշտոնյաները կուժեղացնեն ծխելու դեմ պայքարը՝ գիտակցելով, որ այդ մահացու սովորությունը վնասում է ինչպես պետության տնտեսությանը, այնպես էլ յուրաքանչյուր ընտանիքի բյուջեին: Ի դեպ, Թուրքիայում հասարակական վայրերում ծխելու արգելք մտցնելուց ի վեր՝ քաղաքացիները ակամայից տնտեսել են 1,5 մլրդ լիրա: