Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհամեստությունն անխելքության նշան է»

Սեպտեմբեր 11,2010 00:00

\"\"Անգլիական այս ասացվածքը Ազգային օպերային թատրոնի գլխավոր խմբավար Կարեն Սարգսյանի աշխատաոճի առանցքում է:

Մշակութային ոլորտում, մասնավորաբար՝ թատրոններում, կան մարդիկ, որոնց աշխատանքն ունի մեծ նշանակություն, սակայն իրենք ստվերում են՝ հանդիսատեսի կողմից աննկատ: Ազգային օպերային թատրոնի գլխավոր խմբավարի պաշտոնը դրանցից է, մինչդեռ անհնար է պատկերացնել օպերային ցանկացած ներկայացում՝ առանց երգչախմբի մասնակցության, ինչն էլ ենթադրում է խմբավարի ստեղծագործական համառ ու տքնաջան աշխատանք:
Այս տարին հոբելյանական է օպերային թատրոնի գլխավոր խմբավար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյանի համար. լրանում է նրա ստեղծագործական գործունեության 35-ամյակը: Արվեստագետն իր կարիերայի սկզբում ղեկավարել է Հայաստանի պետական համալսարանի, Սուրբ Գայանե եւ Հռիփսիմե վանքերի երգչախմբերը, 1980-ականների վերջերին հիմնել է տղամարդկանց երգչախումբ, որը ծրագրում ունենալով հայ միջնադարյան հոգեւոր երաժշտությունից մինչեւ դասական երգարվեստի լավագույն նմուշներ, հաճախակի հանդես է եկել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, Գերմանիայում, Լեհաստանում եւ այլուր: Կ. Սարգսյանը ավանդ ունի նաեւ սփյուռքահայ գաղթօջախներում երգչախմբերի ստեղծման եւ դրանց միջոցով տեղի ունկնդրին հայ երգի հետ ծանոթացնելու գործում: Խմբավարը տարբեր տարիների հանդիսացել է Սիդնեյի եւ Հալեպի երգչախմբերի ղեկավարը: Նա 1994թ.-ից Երեւանի օպերային թատրոնում է եւ, բնականաբար, իր ղեկավարած երգչախմբի հետ մասնակից է խաղացանկային օպերային բոլոր ներկայացումների:
«Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում տարիներ շարունակ ստվերում մնալուն, Կ. Սարգսյանն ասաց. «Անգլիացիները մի ասացվածք ունեն, որն ինձ ուղեկցում է արդեն երեք տասնամյակից ավելի, այն է՝ անհամեստությունը անխելքության նշան է: Համակարծիք չեմ ձեզ հետ, որ ստվերում եմ: Շուրջ 80 հոգանոց երգչախմբի արտիստների հետ հաճույքով եմ աշխատում: Կուզեի ունենալ երգչախումբ, որն իր երկացանկով չէր սահմանափակվի միայն օպերային գրականությամբ…»:
Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ այս օրերին պարզապես մեղվի նման են աշխատում: Ինչպես տեղեկացրել էինք, թատրոնում զուգահեռ ընթանում են երկու օպերային ներկայացումների բեմադրական աշխատանքները: Ճանաչված բեմադրիչներ Գիզո Ջորդանիայի ռեժիսուրայով հոկտեմբերին կկայանա «Սայաթ-Նովա», իսկ Մարիո Կորրադին էլ դեկտեմբերին կներկայացնի «Աիդան»: Արվեստագետը նշեց, որ թատրոնի ողջ ստեղծագործական կոլեկտիվը հաճույքով է աշխատում. «Չմոռանանք, որ Արամ Խաչատրյանի նման մեծությունը «Սայաթ-Նովայի» հեղինակին՝ Ալեքսանդր Հարությունյանին ասել է՝ հիացած եմ քո օպերայով, դու Սայաթ-Նովայի երգարվեստը մեյդանից բարձրացրիր բեմ»: (Խաչատրյանը ժամանակին մտածել է օպերաներ գրել Սայաթ-Նովայի եւ Մուսա լեռան հերոսամարտի մասին- Ս. Դ.):
Խոսք գնաց նաեւ երգչախմբում սերնդափոխության մասին: «Անհրաժեշտ է մշտապես աչքի առաջ ունենալ սերնդափոխությունը: Թատրոնն այն օրգանիզմն է, որտեղ անհրաժեշտ է դա իրականացնել աստիճանաբար եւ զգուշորեն: Ցանկացած օպերային ներկայացում հարազատ է երգչախմբի յուրաքանչյուր արտիստին, չէ՞ որ նրանք սովորել են այդ նյութը, խաղը, էլ չխոսեմ՝ բեմական զգեստին են ընտելացել… Ի դեպ, երիտասարդ արտիստները մեծ թիվ են կազմում թատրոնում, որոնք հաստատ սովորելու բան ունեն իրենց ավագ գործընկերներից»,- ասում է Կ. Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել