Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմադէմ սփիւռքը եւ համասփիւռքեան մարմնի ստեղծումը

Սեպտեմբեր 11,2010 00:00

\"\"Եթէ 21-րդ դարի համազգային տեսլականը ձեւակերպել ենք «մէկ եւ միասնական» ազգակերտումի կարգախօսով, ապա նախ պէտք է սկսել մէկ եւ միասնական սփիւռք ստեղծելուց: Միմեանց նկատմամբ անզիջող, անհաշտ եւ անկախաբար գործող բազմակուսակցական ու բազմահամայնքային սփիւռքեան կառոյցները (անտեսելով անգամ ներկուսակցական հատուածայնութիւնները), նոյնիսկ համազգային համարուող խնդիրների լուծումը փորձելով ներկայացնել որպէս իրենց մենաշնորհը, մասնատում են ոչ միայն ազգային խնդիրների լուծմանն ուղղուած հայ հանրութեան սեփական ճիգերը, այլեւ մասնատում են խնդրոյ առարկայ հարցը լուծելուն պատրաստ օտարների ճիգերը: Մինչդեռ սփիւռքը ներկայացնող միասնական մարմնի ստեղծումով մենք կը միաւորուէինք, իսկ մեզ օգնողներն էլ կը համատեղէին իրենց ջանքերը: Համասփիւռքեան մարմին ստեղծելու ցանկութեան մասին շատերն են գրել, սակայն առանց յուշելու, թէ ինչպէս ստեղծել այդ մարմինը կամ ինչ կառուցուածքով: Թերեւս բացառութիւն է Յարութ Սասունեանի յօդուածը «Ազգ» թերթում, որտեղ առաջարկուած էր համասփիւռքեան մարմնի ստեղծման համար համայնքներում անցկացնել ընտրութիւններ (կարծեմ 30 հազարից մէկ պատգամաւոր):
Մեր համեստ կարծիքով համասփիռքեան մարմին կարելի է ստեղծել դաշնային (federal) հիմունքով (1999-ից ի վեր, սփիւռքի մամուլում արդէն վեց անգամ ներկայացրել եմ այս առաջարկը, ինչը մնացել է անպատասխան): Դաշնային Խորհրդի մէջ ընդգրկուած կը լինեն սփիւռքում գործող աւանդական կուսակցութիւնների եւ նրանց ենթակայ կառոյցների, Հայ Դատի, Հայկական Համագումարի, ազգային միւս հաստատութիւնների, հայրենակցական եւ բարեգործական միութիւնների եւ այլ կազմակերպութիւնների ներկայացուցիչներ՝ հաւասար ձայներով եւ ձայների հաւասարութեան սկզբունքով: Ինչո՞ւ յատկապէս դաշնային կառոյցով մարմին. որովհետեւ մեր կուսակցութիւններն ու միութիւնները գործում են յայտնի առակի մէջ սայլը քաշող կարապի, խեցգետնի եւ շնաձուկի նման, ամէն մէկը քաշելով իր կողմը՝ դէպի վեր, դէպի հողը դէպի ջուրը, եւ սայլը մնում է տեղում: Եվ ամէն մէկը ձգտում է համազգային հարցի լուծման առաջնորդութիւնը սեփականաշնորհել: Այս պայմաններում համասփիւռքեան որեւէ մարմին կռուախնձոր է լինելու եւ ամէն մի կուսակցութիւն կամ կազմակերպութիւն ձգտելու է իր ազդեցութիւնը ապահովելու այդ մարմնի նկատմամբ: Անհաւանական չէ, որ ընտրութիւններ անցկացնելու տարբերակի դէպքում ընտրող ձայներ նուաճելու կամ կեղծիքներ յայտնաբերելու հողի վրայ լինեն միջկուսակցական ընդհարումներ: Չեն բացառւում նաեւ միջհամայնքային տարաձայնութիւնների առաջացումը, եթէ փոքր թուաքանակով մի քանի համայնքներից պիտի ընտրուի մէկ պատգամաւոր: Մինչդեռ, դաշնային խորհրդի տարբերակով ի սկզբանէ օրինական պարտադիր ներկայացուցիչ ունենալու հանգամանքը ապահովութեան մթնոլորտ կը ստեղծի եւ երաշխիք կը լինի բոլոր կողմերին՝ հաւասարութեան սկզբունքի դրսեւորման համար:
Այդպիսի դաշնային մարմինը՝
* Կարող է գործել կա՛մ միակամութեան (consensus) սկզբունքով, կա՛մ ձայների մեծամասնութեան հիմքով:
* Ղեկավարումը կարող է իրագործել կողմերի ներկայացուցիչների հերթագայութեան (rotation) սկզբունքով:
* Պէտք է ներկայացնի սփիւռքահայութիւնը եւ նրա շահերը, Հայ Դատն ու պահանջատիրութիւնը միջազգային կառոյցներում եւ այլ պետութիւններում:
* Պէտք է կազմակերպի ու համակարգի սփիւռքի ներքին կեանքը, հայապահպանական ու լեզուապահպանական խնդիրները, կրթական եւ նոր սերունդի հետ կապուած խնդիրները, նաեւ տւեալ օտար երկրում հայերի ազդեցութեան մեծացման եւ կարեւոր դիրքեր նուաճելու հարցերը:
* Իրաւասու պէտք է լինի համադրելու հայրենիք-սփիւռք մերձեցումներն ու փոխադարձ համագործակցութիւնը, համազգային միջոցառումներում կամ խնդիրներում լուծելու սփիւռքի մասնակցութեան հարցերը կամ ներկայացնելու սփիւռքի հաւաքական կարծիքը, ինչպէս նաեւ համադրելու հայութեան շահերը տւեալ գաղութի իշխանութիւնների հետ:
Բազմադէմ սփիւռքի ու բազմակարծութեան դժուարին պայմաններում անգամ հնարաւոր է ստեղծել դաշնային կառոյցով մի մարմին, հիմք ունենալով ընդհանուր՝ համազգային, բոլորին մտահոգող խնդիրների լուծման ցանկութիւնը՝ ուծացման, արտագաղթի, հայեցի կրթութեան, ազգային մշակոյթի աւանդապահութեան, ցեղասպանութեան եւ այլ հարցերում:
Համասփիւռքեան այդ մարմնի ճանաչումը միջազգային հանրութեան կողմից՝ կասկած չի յարուցում: Յիշենք, որ նախքան Պաղեստինի պետութեան ստեղծուելը, Արաֆաթի գլխաւորած պաղեստինեան շարժումը փաստօրէն ճանաչուել էր եւ նոյնիսկ բանակցում էին նրա հետ:
Դաշնային խորհուրդ ստեղծելու գործընթացը պէտք է սկսել՝ նախ լուծելով նախաձեռնող(ներ)ի եւ կողմերի միջեւ բանակցող(ներ)ի հարցը, ով(քեր) համարւում են հանրաճանաչ, անկողմնակալ ազգային մտաւորական գործիչ(ներ): Դա կարող է լինել նաեւ տարբեր հոսանքների անուանի ներկայացուցիչներից կազմուած խումբ: Հետեւաբար մամուլում հանդէս գալու եւ սփիւռքի մարմին ստեղծելու պահանջի փոխարէն՝ եկէք մամուլում եւ սփիւռքեան կառոյցներում քննարկենք ա՛յս հարցը եւ գտնենք նախաձեռնող-բանակցող հեղինակաւոր անհատ(ներ)ին:
 Սփիւռքը կա՛մ կը կազմակերպուի եւ կը շարունակի գոյատեւել, կա՛մ պառակտուած գործելակերպով կը դադարի գոյութիւն ունենալ որպէս հայ հանրութիւն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել