Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԵՐԱԲԵՌՆՈՒՄԸ» ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Սեպտեմբեր 11,2010 00:00

Օբամայի խորհրդականը եւ ռուս իրավապաշտպանի աթոռը

Սեպտեմբերի 8-ին Հիլարի Քլինթոնը, ելույթ ունենալով Վաշինգտոնի միջազգային հարաբերությունների խորհրդում, ասել է, որ ԱՄՆ վարչակազմը գոհ է վերջին երկու տարվա ընթացքում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումից, չնայած վերջին լրտեսական սկանդալին եւ տարաձայնություններին՝ կապված Վրաստանի, ռուսական ԶԼՄ-ների ազատության եւ մարդու իրավունքների վիճակի հետ: Նույն օրը Մոսկվայում ԱՄՆ դեսպանի նստավայր Սպասո-Հաուսում Քլինթոնի տեղակալ Ու. Բերնսը եւ Բ. Օբամայի խորհրդական Մ. ՄըքՖոլը հանդիպում են կազմակերպել ռուս իրավապաշտպանների հետ: Ամերիկացի պաշտոնյաները հավաստիացրել են, որ Ռուսաստանի հետ երկխոսության ընթացքում մարդու իրավունքների հարցերին առաջնահերթ ուշադրություն է դարձվելու:
Ռուսաստանի ոչ մեծաթիվ իրավապաշտպան հանրությունը պուտինյան վարչակարգի տարիներին ենթարկվել է կոշտ բռնաճնշումների: Եվ Մեդվեդեւի երկամյա նախագահությունը որեւէ բան փոխելու միտումներ կարծես թե չի դրսեւորում: Դրա խորհրդանիշը դարձավ պարոն ՄըքՖոլի կողքին դրված դատարկ աթոռը: Այն հատկացված էր հայտնի իրավապաշտպան, Սախարովի զինակից Լեւ Պոնոմարյովին, որը դատապարտվել է 4-օրյա վարչական կալանքի՝ խաղաղ ցույցը բռնի կերպով ցրելուց հետո: 70-ամյա Պոնոմարյովը «դիմադրել» է երկումետրանոց միլիցիոներին, ինչը հիմք է հանդիսացել նրան մեղադրելու համար: Իսկ օգոստոսի 31-ին Մոսկվայում եւ մի շարք այլ քաղաքներում ոչ մեծաթիվ ակցիաները բռնի կերպով ճնշելու կապակցությամբ Սպիտակ տան խոսնակն ասել է, որ ռուսական իշխանությունների վերջին տարիների քաղաքականությունն ուղղված է եղել քաղաքացիական հասարակության ազդեցության նվազեցմանը:
Կարելի է ասել, որ Մոսկվային այդպես էլ չի հաջողվում դեպի լուսանցք մղել մարդու իրավունքների հարցը ռուս-ամերիկյան քաղաքական օրակարգից: Այս շաբաթասկզբին «Վալդայ» միջազգային ֆորումի ժամանակ վարչապետ Պուտինի երկարատեւ մենախոսությունը համոզիչ չգտնվեց: Ավելի համոզիչ եւ պերճախոս էր նրա «ավտո-հարցազրույցի» ժամանակ հնչեցրած սպառնալիքը «Ակցիա-31»-ին պատրաստվող ակտիվիստներին. «…մահակով գլխներիդ կստանաք…»: Ավելի համոզիչ էր թափուր աթոռը ՄըքՖոլի կողքին:
Հետեւաբար, քաղաքացիական հասարակության հայտնի ներկայացուցիչներին անհրաժեշտ էր ցուցաբերել բարոյական աջակցություն, ինչը եւ կատարվեց հենց Մոսկվայի կենտրոնում՝ ամենաբարձր մակարդակով: Վերաբեռնումը վերաբեռնումով, բայց ԱՄՆ-ն ըստ ամենայնի պատրաստ չէ, անտեսելով մարդու իրավունքների խնդիրը՝ Ռուսաստանին որպես յուրային ընդունել, եւ հազիվ թե պատրաստ լինեն ապագայում, որքան էլ կարեւոր լինի, ասենք, Աֆղանստանը: Պետքարտուղար Քլինթոնի ելույթը կարելի է գնահատել նաեւ որպես արագ արձագանք եւ նախազգուշացում: Միեւնույն ժամանակ, ամերիկացիները շարունակում են ներգրավել մի շարք ռուս պաշտոնյաների՝ երկխոսության որոշակի ձեւաչափերի մեջ, որտեղ քննարկման առաջնահերթ առարկան մարդու իրավունքներն են: ՄըքՖոլի հետ այդպիսի մի համատեղ հանձնաժողովում ՌԴ ներկայացուցիչն է Կրեմլի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վ. Սուրկովը, որը հայտնի է որպես պուտինյան «իշխանության ուղղահայացի» գլխավոր գաղափարախոսն ու ճարտարապետը: Նա նաեւ «Նաշի» խիստ իշխանամետ եւ ագրեսիվ երիտասարդական շարժման կնքահայրն է:
Կարելի է փաստել, որ Վաշինգտոնը Ռուսաստանի նկատմամբ շարունակում է օպտիմալ համարել «մեղմ ուժի» համակարգված գործադրման քաղաքականությունը: «Մենք առաջարկել ենք զարգացնել մեր հարաբերությունները (ՌԴ հետ) ոչ միայն փոխադարձ հարգանքի, այլեւ՝ փոխադարձ պատասխանատվության հիման վրա»,- սեպտեմբերի 8-ին ասել է պետքարտուղարը:
Ի դեպ, հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ Հայաստանի իրավապաշտպանները, որոնցից շատերը լավագույնս ներկայացրել են քաղաքացիական հասարակությունը տարբեր հանգամանքներում, չեն փորձում, թեկուզ Հայաստանի համեստ մասշտաբով, նման ձեւաչափերում ներգրավել մեր «ճարտարապետ-գաղափարախոսներին»: Իհարկե, մասշտաբները, անխոս, տարբեր են, բայց կարծես տարբերությունը դրանով ավարտվում է, իսկ մնացածում մենք տեսնում ենք մեր ռազմավարական դաշնակցի միայն մանրակերտ-նմանակը: Գուցե ստացվի՞ հայ իրավապաշտպանների մոտ գայթակղել մեր պաշտոնյաներին՝ դաշնակցի օրինակին հետեւելու ցանկալիությամբ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել