Կիրակի օրը՝ սեպտեմբերի 12-ին, կապանցիները կնշեն իրենց քաղաքի օրը:
Համայնքի ավագանու որոշմամբ, այսուհետեւ Կապանի օր կնշվի յուրաքանչյուր տարվա սեպտեմբեր ամսվա երկրորդ կիրակին: Կապան նշանակում է լեռներով փակված, ագուցված, անանցանելի երկրամաս: Կապ բառն այսօր էլ կա Կապանի տարածաշրջանի մի շարք տեղանուններում:
Խարխլված պատերով, առանց տանիքների կամ ծռմռված տանիքներով հյուղակներ, ցեխի մեջ թաղված քուչաներ, մի քարվանսարա, որտեղ հույն Կոնդուրովի ձուլարանն էր, Ողջագետի ափով ձգված նրա թթաստանը… Այսպիսին էր Կապանը 19-րդ դարի վերջին՝ կիսանապատ հիշեցնող հսկայական մի ձորում, որի կենտրոնում աչքի էին ընկնում Խդրանց գյուղի բնակիչ Մարկոսի տնկած չորս բարդիները եւ կառուցած ջրաղացը: Ամայություն էր, իսկ հեռուներում տարածվում էին թշվառության եւ անգիտության մեջ խարխափող գյուղերը… Անպակաս էին հիվանդություններն ու համաճարակները: Սոսկալի էր աշխատանքը հանքահորերում: Ողբերգություն էր, երբ հանքահոր էին մտնում երեխաները: Հանքատերերին չէին մտահոգում մարդկանց կյանքի պայմանները: 19-20-րդ դարերի սահմանագծում Ղափանը մի անգամ դատարկվում է, բնակչությունը փախչում է երկրամասից դեպի նավթաշխարհ, փորձում այնտեղ աշխատանք գտնել…
Կապանի պատմության էջերին լավ ծանոթ տեղի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը նշում է, որ Կապանը շունչ քաշեց միայն Խորհրդային միության ժամանակ, երբ վերականգնվեցին հանքերը, կառուցվեցին խճուղիներ, երկաթուղին, բնակելիներ. «Կապան քաղաքը խորհրդային կարգի ծնունդ է. 1938թ. հոկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի հրամանագրով Ղափան բանվորական ավանը փոխակերպվեց քաղաքի: 1963թ. հունվարի 12-ին Ղափանը դասվեց հանրապետական ենթակայության քաղաքների շարքը: 1991թ.-ից Ղափանն արդեն անվանվեց Կապան: Սակայն Կապանի պատմությունն ավելի հեռվից է գալիս: Առաջին գրավոր հիշատակությունը Կապանի մասին պահպանվում է Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմության» մեջ եւ վերաբերում է Ք. ծ. հ. 5-րդ դարի վերջին քառորդին: 10-րդ դարում Կապանը Սյունիքի թագավորության մայրաքաղաքն էր: Հայոց հողի վրա վերջին պետականությունն այստեղ է գոյատեւել, Դավիթ-Բեկն այստեղ է ձեւավորել հայկական իշխանություն, այս հողի վրա 1905-1906-ին իսկական գոյամարտ է եղել, 1918-1921թթ. Ղափանն ազգային շարժման կենտրոն էր: Մարդը Կապանի տարածքում բնակություն է հաստատել վաղնջական ժամանակներից: Հնագիտական տեսակետից Կապանն ուսումնասիրված չէ, կանոնավոր պեղումներ չեն արվել, բայց հայտնաբերված արժեքները վկայում են, որ Կապանը պղնձի արդյունահանման հնագույն կենտրոններից է: Թե գտածոները, թե ժողովրդական ավանդույթները վկայում են, որ տարածքը ծիսականացված էր, եւ մարդիկ ապրել են բնության հետ ներդաշնակ կյանքով, ինչը չի կարելի ասել այսօրվա մասին»:
Պատմության տարբեր ժամանակներում ղափան-կապանցիները հարկադրված են եղել հեռանալ երկրամասից, ավելի շատ հեռացան Դավիթ-Բեկի շարժման պարտությունից հետո, բնակություն հաստատեցին Վենետիկում, Զմյուռնիայում (Իզմիրում), Մերձավոր Արեւելքի երկրներում, շատերը հասան անգամ Անգլիա: Վենետիկում նույնիսկ հայտնի ղափանցիների փողոց կար: 1170թ. Սյունիքի թագավորության հետ միասին անկում ապրեց նաեւ Կապանը եւ վերածվեց սովորական մի բնակավայրի: Բնակչությունն այստեղ սկսեց ավելանալ Թուրքմենչայի պայմանագրից հետո: Այսօրվա քաղաքի հիմքերը դրվեցին 19-րդ դարի կեսերին, երբ սկսեցին գործել պղնձի հանքավայրերը, պղնձաձուլական գործարաններ:
Կապանը նաեւ անվանի մեծերի ծննդավայրն է: Կապանից են Դավիթ-Բեկը, Նուբարյանները, Մովսես Տաթեւացին, Մեսրոպ մագիստրոս Տեր-Մովսիսյանը, Սմբատ Մելիք-Ստեփանյանը, Հմայակ Մելիք-Աղամիրյանը, Լեոնիդ Կոստանդովը, Պողոս Տեր-Դավթյանը, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանը: «Հատկանշական է 408թ.-ին Մեսրոպ Մաշտոցի Կապանում լինելը, 1170թ. աշնանը Բաղաբերդի գրավումն ու Սյունիքի թագավորության անկումը, 1906թ. օգոստոսին հայ-թաթարական բախումների շրջանում հաղթանակի գրանցումը, 1919թ. հունիսին Եղվարդ-Ագարակի ճակատամարտում հաղթանակ տանելը, 1932թ. հոկտեմբերի 12-ին գնացքի մուտքը Կապան եւ 1922թ. դեկտեմբերի 10-ին ադրբեջանական զինված հրոսակների դուրսմղումը քաղաքի մերձակայքից եւ կրակակետերի ոչնչացումը»,- ոչ առանց հպարտության թվարկում է Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը:
Մերօրյա Կապանում ներկայումս 40 հազարից ավելի մարդ է ապրում, որոնցից ամենատարեցն ու ամենահնաբնակը պատերազմի վետերան՝ 97-ամյա Աշոտ Հովհաննիսյանն է: Դեռեւս 1920-ականներին է Արծվանիկ գյուղից տեղափոխվել Կապան, այստեղ է հանդիպել ապագա կնոջը, ամուսնացել, ընտանիք ստեղծել, զավակներին մեծացրել: Այսօրվա պես հիշում է, թե ինչպիսին էր Կապանը այդ թվականներին՝ մեկ-երկհարկանի, խոնավ, մութ, գետաքարերից կառուցված տներով քաղաք էր: Այսինքն՝ քաղաքատիպ մի բնակավայր, որը քաղաքի ոչ մի նշույլ չուներ: Հակասանիտարական վիճակ էր, կոյուղաջրերի հեռացման ոչ մի ներքին ցանց չկար, լուսավորությունն ու ջրամատակարարումն այն տարիների համար չէր: Փոխադրամիջոցը ձիու եւ եզան սայլերն էին, որոնք ծառայեցին 1926-32թթ. հատվածում: 1932թ.-ին Կապան մուտք գործեց երկաթուղին: Ամենատարեց կապանցու խոսքերով, նախկին Կապանից ոչ մի հետք չի մնացել: «1958-62թթ. եղել եմ քաղխորհրդի գործկոմի նախագահ, դրանք Կապանի վերակառուցման տարիներն են: Դժվար տարիներ էին. մարդկանց ժամանակավոր պետք է տարհանեինք, հեշտ չէր մարդկանց համոզել, ի վերջո՝ պատսպարվելու համար ոչ մի տեղ չունեին: Այնուամենայնիվ, հաջողվեց Կապանին նոր տեսք հաղորդել, բնակիչներին նոր, ավելի հարմար տներով ապահովել: Քաղաքում դպրոցներ, այսինքն՝ առանձին մասնաշենքերով կրթօջախներ չկային, երկհարկանի մի շենքի սենյակներում էինք դասերը անցկացնում: Միայն 1936թ. կառուցվեց առաջին դպրոցը, իսկ հետագայում, արդեն քաղաքի վերակառուցման զուգահեռ, կառուցվեցին թիվ 2, 3, 7, 9 եւ մյուս կրթօջախները: Դրանց զուգահեռ հիմնադրվեցին մի շարք արդյունաբերական օբյեկտներ՝ Տրիկոտաժի, Լուսատեխնիկական եւ այլ գործարաններ: Քաղաքն այսպես սկսեց զարգանալ»,- իր հուշերն է պատմում Աշոտ պապը:
Սյունիքի մարզկենտրոն Կապանը թեեւ այդ տարիներից շատ է փոխվել, բայց Կապանի ներկայիս քաղաքապետ Արտուր Աթայանը նշում է, որ դեռեւս շատ անելիքներ կան քաղաքում՝ Կապանը պետք է ավելի գեղեցիկ ու բարեկեցիկ պայմաններ ունեցող քաղաք դառնա: «Երկու տարվա իմ պաշտոնավարման ընթացքում բավականին աշխատանքներ են տարվել քաղաքի բարեկարգման առումով, դեռ շատ անելիքներ կան՝ հօգուտ մեր քաղաքի ու բնակչության: Կապանի ապագան ես ուզում եմ լուսավոր ֆոնի վրա տեսնել»,- նշում է քաղաքի ղեկավարը: Ընդարձակ, մաքուր ու կանաչապատ փողոցներ, լան ճանապարհներ, խաղահրապարակներ, գեղեցիկ բազմաբնակարան շենքեր, լավ հյուրանոցներ ու սպասարկման օբյեկտներ, առողջարաններ, հանգստյան տներ, ուրախ տրամադրություն ունեցող եւ բարեկեցիկ պայմաններում ապրող մարդիկ… Ահա քաղաքապետ Արտուր Աթայանի պատկերացրած ապագա Կապանը:
«Բոլորիս հայտնի է, որ Կապանը հանքարդյունաբերության վրա հիմնված քաղաք է, բայց Կապանը առանձնահատուկ է նաեւ իր գեղեցիկ բնությամբ, պատմամշակութային հարուստ ժառանգությամբ, զբոսաշրջության կենտրոն դառնալու մեծ ներուժ ունի եւ քաղաքի ապագան ես տեսնում եմ նաեւ տուրիզմի մեջ: Կապան այցելած եվրոպացիներից շատերը այն նմանեցնում են Շվեյցարիային եւ հաճույքով են հանգստանում Հայաստանի գողտրիկ այս անկյունում: Հանքագործների քաղաք է Կապանը եւ մեր երկրի բյուջեի հիմնական մասը համալրվում է հենց հանքարդյունաբերության արդյունքում: Մարդիկ, ովքեր աշխատում են, ստեղծում են, արդյունահանում են այդ ընդերքը եւ հարստացնում են մեր պետությունը, իրավունք ունեն լավ ապրելու: Այստեղ պետք է անպայման այդ մարդկանց համար կառուցվեն առողջարաններ: Ժամանակին մեր տարածաշրջանում կային առողջարաններ, հանգստյան տներ, եւ ծանր պայմաններում ապրող մարդիկ հնարավորություն ունեին օգտվելու առողջարաններից: Այսօր դա համարում եմ Կապանի կարեւորագույն խնդիրներից մեկը»,- ասաց քաղաքապետը:
72-ամյա քաղաքի հաջորդ կարեւորագույն հարցը, որից կախված է Կապանի բարեկեցիկ ապագան՝ ճանապարհներն են: «Պետք է անպայման վերագործարկվի քաղաքի օդանավակայանը: Ճանապարհը շատ հոգնեցուցիչ է, մեկ անգամ Կապան այցելողը երկրորդ անգամ հաճույքով չի անցնում այդ ճանապարհով: Սրանք խնդիրներ են, որոնք, համոզված եմ, լուծում կստանան, եւ կգա մի օր, որ մեր քաղաքացիները կապրեն լավ ու բարեկեցիկ պայմաններում: Ուզում եմ շնորհավորել բոլոր կապանցիներին՝ Կապանին քաղաքի կարգավիճակ շնորհելու 72-րդ տարեդարձի կապակցությամբ: Կապանցիները շատ աշխատասեր, հայրենասեր, հպարտ մարդիկ են: Ցանկանում եմ, որ նրանց աչքերը միշտ ուրախ լինեն, բարձր տրամադրություն ունենան, լինեն լավատես, չընկճվեն, միեւնույն է, կգա ժամանակը, եւ մենք էլ «մարդավարի» կապրենք: Ուզում եմ շնորհավորել նաեւ այն կապանցիներին, ովքեր հանրապետությունից դուրս են ապրում եւ չեն մոռանում իրենց ծնողներին ու ծննդավայրը, թող հաճախակի այցելեն իրենց հայրենի քաղաք, աջակցեն իրենց հարազատներին ու քաղաքին: Ուզում եմ մեր կապանցիները շատ-շատ լավ ապրեն, որովհետեւ նրանք դրան արժանի են»,- եզրափակում է Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը:
Կապանը պատրաստվում է քաղաքի կարգավիճակ ստանալու 72-րդ տարեդարձը նշել մեծ շուքով ու բարձր տրամադրությամբ: Օրը հագեցած կլինի տարաբնույթ միջոցառումներով, որոնք կմեկնարկեն վաղ առավոտից: Տոնակատարության սկիզբը կազդարարի փողային նվագախումբը՝ քաղաքապետարանի բակից, որից հետո կլինի պաշտոնական ընդունելություն քաղաքապետի մոտ: Կեսօրին նախատեսվում է պսակադրության արարողություն՝ Բաղաբուրջի հուշահամալիրում, որտեղ հարգանքի տուրք կմատուցվի Մեծ հայրենականում եւ Արցախյան գոյամարտում զոհված կապանցիների հիշատակին: Տոնական միջոցառումներ կլինեն քաղաքի բոլոր 10 թաղամասերում՝ մշակութային, մարզական, ազգային ուտեստների ու ճաշատեսակների բացօթյա հյուրասիրություններ: Կազմակերպվելու են կապանցի անհատ ստեղծագործողների ձեռքի աշխատանքների, գեղանկարչության ցուցահանդեսներ՝ քաղաքապետարանի հարակից այգում եւ Չարենցի փողոցում՝ Վաչագան գետի երկայնքով: Կմեծարվեն ու պատվոգրերով եւ մեդալներով կպարգեւատրվեն քաղաքի կառուցման, կայացման երախտավոր անհատները: Երեկոյան մարզադաշտում կլինի մեծ համերգ, վերջում՝ հրավառություն: Կապանի «ծննդյան օրը» քաղաքի հասարակական տրանսպորտը եւ մանկական զբոսայգու կարուսելները անվճար են լինելու: Տոնական Կապանը կզարդարվի փուչիկներով, ծաղիկներով եւ դրոշներով, կհյուրընկալի հարեւան քաղաքների, մայրաքաղաքի ներկայացուցիչների, բարձրաստիճան պաշտոնյաների: Հրավիրված են բոլոր կապանցի պաշտոնյաները: