Այսօր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կբացվի «Լիբենսկի Բրիխտովա. Քաղաքի ուրվագծերը» ցուցահանդեսը՝ անվանի արվեստագետ Յարոսլավա Բրիխտովայի ներկայությամբ: «Այս ցուցահանդեսը եւս մեկ անգամ վկայում է հանրաճանաչ չեխ արվեստագետներ Ստանիսլավ Լիբենսկու, Յարոսլավա Բրիխտովայի ու Հայաստանի միջեւ գոյություն ունեցող հոգեւոր կապի մասին, եւ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը հպարտ է, որ հնարավորություն ունի ներկայացնել այդ զույգի զարմանալի ստեղծագործությունները հայ հանդիսատեսին»,- ասում է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը: «Լիբենսկի Բրիխտովա. Քաղաքի ուրվագծերը» ցուցահանդեսով ակնառու երեւում է չեխ արվեստագետ զույգի ստեղծագործական մտքի անսահմանությունը եւ նրանց կողմից ապակու կերպափոխումը իրականության ներդաշնակ տարածությունների: Ստանիսլավ Լիբենսկին (1921-2002) եւ Յարոսլավա Բրիխտովան (ծնվ. 1924) վերաիմաստավորեցին ապակու կիրառումը՝ ստեղծագործական նոր հորիզոններ բացահայտելով վերջինիս՝ որպես գեղարվեստական արտահայտչամիջոցի համար: «Լիբենսկի Բրիխտովա. Քաղաքի ուրվագծերը» զույգի 2-րդ ցուցադրությունն է «Գաֆէսճեան» կենտրոնում: