Հայաստանի «Քավենդիշ» համալսարանի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները նամակ են հղել ՀՀ նախագահին, վարչապետին, Մարդու իրավունքների պաշտպանին եւ ԿԳ նախարարին: Նրանք վրդովմունքով նշում են, որ ԿԳՆ պաշտոնական կայքից են տեղեկացել «Քավենդիշ» համալսարանի լիցենզիայի կասեցման մասին: Ինտերնետային կայքում նշված է, որ ՀՀ ԿԳՆ-ն կապահովի տվյալ կրթական ծրագրերում ընդգրկված բոլոր ուսանողների կրթության իրավունքը եւ ուսանողներին հնարավորություն կտրվի իրենց կրթությունը շարունակելու ոչ պետական հավատարմագրված բուհերի եւ պետական բուհերի նույն կամ հարակից մասնագիտությունների համապատասխան կուրսերում: «Նախեւառաջ նշենք, որ «Քավենդիշ» համալսարանի MBA (Masters of Business Administration) որակավորում ստանալու համար կրթություն ստացող ուսանողները արդեն իսկ ավարտել են ՀՀ պետական բուհերը, որից հետո կատարել են իրենց կշռադատված որոշումը՝ իրենց ուսումը շարունակելու «Քավենդիշ» համալսարանի MBA ծրագրում, եւ այդ որոշման երաշխիք է հանդիսացել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, քանի որ 2007թ.-ին լիցենզավորել է տվյալ հաստատությունը»,- բողոքում են ուսանողները: Նրանք նաեւ նշում են, թե արդեն իսկ առաջին ուստարվա համար վճարել ենք 1.250.000 ՀՀ դրամ: «Մեր խորը համոզմամբ, մենք՝ «Քավենդիշ» համալսարանի ուսանողներս չենք կարողանալու գտնել համարժեք այլընտրանքային կրթության հնարավորություն ՀՀ պետական եւ ոչ պետական այլ բուհերում, որոնք չեն կարողանալու տալ մեզ համապատասխան կրթական որակ: Փաստորեն, մենք վնաս կկրենք կրթական որակի, ֆինանսական եւ նաեւ բարոյական առումներով՝ հայտնվելով նմանօրինակ անորոշ կացության մեջ»,- ասում են առաջին կուրսեցիները: Նրանք նաեւ հետեւյալ հարցերն են ուղղում երկրի եւ ոլորտի առաջին դեմքերին. «Արդյո՞ք «Քավենդիշ» համալսարանը նախապես տեղյակ է եղել լիցենզիայի կասեցման մասին, կարո՞ղ եք առաջարկել մեզ վերը նշված բոլոր կետերին համարժեք այլընտրանք՝ MBA եւ DMS դիպլոմներով, ինչպե՞ս եւ ո՞վ պիտի փոխհատուցի մեր կրած ֆինանսական եւ բարոյական վնասները, ինչպե՞ս կարող է քաղաքացին հարգել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված այն հիմնարար սկզբունքները, եթե կամայականորեն խախտվում են անձամբ իր սահմանադրական իրավունքները»: