Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպասեք դատարանի որոշմանը»

Սեպտեմբեր 11,2010 00:00

Ֆրանսիական համալսարանը պատասխանում է նախկին դասախոսներին

«Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամը (ՀՖՀՀ) արձագանքել է «Առավոտի» սեպտեմբերի 3-ի համարում լույս տեսած «Գաղութատիրական մեթոդնե՞ր» հոդվածին: «Ելնելով բարեկրթության եւ մասնագիտական էթիկայի կանոններից՝ ՀՖՀՀ ռեկտոր տիկին Ժոել լը Մորզելեկը օգոստոսի 31-ին հրավիրած ասուլիսում չցանկացավ հրապարակել իրենց մասնագիտական պարտականությունների մեջ թերացած դասախոսների անունները, որոնց հետ համալսարանը ժամկետը լրանալու հիմքով չի երկարաձգել աշխատանքային պայմանագրերը, այդպիսով նրանց՝ այլ հաստատություններում աշխատանքի ընդունվելու հնարավորություն տալով: Սակայն ականատես լինելով համալսարանի նախկին դասախոսներից մեկի՝ տիկին Գայանե Հակոբյանի՝ փաստերը շարունակաբար խեղաթյուրելու փորձերին, իրեն իրավունք է վերապահում տալ համալսարանում նրա մասնագիտական գործունեության հետ կապված պարզաբանումներ: Նախ, Գայանե Հակոբյանը անգլերեն լեզվի ամբիոնի վարիչի պաշտոնից ազատվել է դեռեւս 2009 թվականի հուլիսին, համալսարանի Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ ամբիոնի վերակազմավորման եւ օտար լեզուների ամբիոնի ձեւավորման, այլ  ոչ թե այս տարի նրա աշխատանքային պայմանագրի դադարեցման արդյունքում: Հետեւապես, այս տարի դադարեցվել է որպես դասախոս՝ նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը միայն:
2009-2010 ուսումնական տարվա սկզբից ի վեր Գայանե Հակոբյանը համալսարանում որեւէ վարչական պաշտոն չի զբաղեցրել: Ուստի մեզ համար անհասկանալի է, թե ինչու է նա մամուլում ներկայանում որպես անգլերեն լեզվի ամբիոնի նախկին վարիչ, ամբիոն, որը առնվազն վերջին մեկ տարում գոյություն չի ունեցել:
Երկրորդ, տիկին Գայանե Հակոբյանը «Առավոտին» ասել էր. «Ռեկտորի արտահայտությունը, թե անգլերենի ամբիոնի ազատված դասախոսները չունեն անհրաժեշտ որակավորման մակարդակ՝ համալսարանի կողմից վերապատրաստման դասընթացի ավարտին Բրիտանական խորհրդի կողմից անցկացված քննության արդյունքում, մեղմ ասած՝ անհեթեթ եւ անգամ ծիծաղելի է, քանի որ ավելի լավ է ներկայացնել հավաստագրերը»: Ի պատասխան Բրիտանական խորհրդին ուղղված հարցմանը՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը այս տարվա սեպտեմբերի 6-ին ստացել է հավաստագրի պատճենը, համաձայն որի՝ տիկին Գայանե Հակոբյանի անգլերեն կարդալու, գրելու, բանավոր խոսքն ընկալելու հմտությունները գնահատվել են «թույլ», հետեւաբար՝ անգլերենի իմացության ընդհանուր մակարդակը գնահատվել է ամենացածր՝ «D» մակարդակով, ինչը նշանակում է, որ նա կտրվել է քննությունից: Քեմբրիջի համալսարանի կողմից իրականացվող եւ մասնագիտական ու ակադեմիական շրջանակներին հայտնի այս քննության «D» մակարդակ ստացած մասնագետը, այսպիսով, նախահարձակ լինելու եւ փաստերը խեղաթյուրված ներկայացնելու փոխարեն, թերեւս ավելի լավ կաներ իր ժամանակը օգտագործեր մասնագիտական որակավորումը բարձրացնելու համար:
Դրա փոխարեն մենք ականատես ենք լինում փաստերի նոր խեղաթյուրումների: Վերոնշյալ հրապարակման մեջ տալով իր իսկ «որակների» փառաբանումը՝ տիկին Գայանե Հակոբյանը որպես ապացույց ներկայացրել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ֆրանկոֆոն կենտրոնի կողմից ֆրանսերեն լեզվի վերապատրաստման առաջին փուլին մասնակցելու հավաստագրեր, որոնք պարզապես վկայում են, որ ֆրանսերեն լեզվի 2 դասախոսներ մասնակցել են այդ դասընթացին: Հարկ ենք համարում նշել, որ դրանք մասնակցության հավաստագրեր են, ոչ թե որակավորման, այդ դասընթացը շարունակական է՝ բաղկացած երկու փուլից, եւ մասնագետների վերջնական որակավորումը տրվում է դրանց ավարտին: Ուստի լավ կլիներ, որ տիկին Գայանե Հակոբյանը խուսափեր երրորդ անձանց վերաբերող տվյալներն ու փաստաթղթերը իր օգտին ծառայեցնելուց: Ինչպես հայտնի է, պայմանագրերի դադարեցման արդյունքում աշխատանքից ազատված դասախոսներից մի քանիսը դիմել են դատարան: Հարգելով այդ դասախոսների իրավունքը՝ կոչ ենք անում տիկին Գայանե Հակոբյանին՝ զանազան գերատեսչությունների, լրատվամիջոցների եւ նրանց ընթերցողների ժամանակը եւ համբերությունը փորձարկելու փոխարեն սպասել դատարանի որոշմանը»,- ասվում է Ֆրանսիական համալսարանի՝ «Առավոտին» ուղարկված նամակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել