Ըստ ԿԳՆ կրթության պետական տեսչության ստուգումների՝ դրանցից ոչ մեկի տնօրենի հետ Երեւանի քաղաքապետը օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր չի կնքել:
Վերջերս ԿԳՆ կրթության պետական տեսչությունն ուսումնասիրություն իրականացրեց Երեւանի Կենտրոն վարչական շրջանի 21 նախադպրոցական հաստատություններում: Կրթության պետական տեսչության հրապարակած՝ «Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատությունների առկա վիճակի մասին» տեղեկանքից պարզ է դառնում, որ նախադպրոցական այս հաստատություններում պատկերը, մեղմ ասած, գոհացուցիչ չէ: Նշված մանկապարտեզներում տեսչությունը հայտնաբերել է մի շարք խախտումներ. օրինակ՝ ուսումնասիրված 21 մանկապարտեզներում Երեւան քաղաքի ավագանու 09.02.2010 N-63 որոշմամբ իրականացվող անվանափոխության եւ կանոնադրության մեջ կատարվող փոփոխությունների գործընթացն ավարտված չէ, 13 մանկապարտեզ չունի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական, ուսումնասիրված 21 մանկապարտեզների տնօրենների եւ Երեւանի քաղաքապետի միջեւ օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագրեր չեն կնքվել: 19 մանկապարտեզներում առկա հաստիքացուցակը եւ դրույքաչափերը չեն համապատասխանում օրինակելի հաստիքացուցակի պահանջներին, 21 մանկապարտեզների 2010-ի հաստիքացուցակն ու տարիֆիկացիան օրենքով սահմանված կարգով հաստատված չեն եւ այլն:
Այս խախտումները թերեւս տրամաբանական կարելի է համարել, հաշվի առնելով այն, որ ներկայումս մանկապարտեզները դարձել են «լավություն անելու» այն օղակները, որտեղ վարչական շրջանների «համապատասխան» աշխատակիցներն ու պատասխանատուները փորձում են աշխատանքի տեղավորել իրենց ծանոթի կնոջը, քրոջը, քենիին եւ այլ, հիմնականում աշխատանք չունեցող, բայց ժամանցի համար աշխատանք փնտրող իգական սեռի ներկայացուցիչներին: Ինչպես հանրակրթական դպրոցներում, այնպես էլ մանկապարտեզներում, վատ ավանդույթի համաձայն՝ ցուցակներում ընդգրկված են լինում երեխաներ, որոնք իրականում ոչ մի կապ չունեն տվյալ ուսումնական հաստատության հետ: Տեսչության ստուգումների արդյունքում պարզվել է, որ Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզներում, ցուցակային ընդգրկվածության համաձայն՝ իբր հաճախում է 2338 երեխա, սակայն փաստացի հաճախողների թիվը 1933 է: Մտահոգիչ է նաեւ նախադպրոցական հաստատությունների շենքային անբարենպաստ պայմանների հարցը. հրատապ վերանորոգման կարիք ունեն թիվ 96 (վթարային), թիվ 62, 20, 163, 33 մանկապարտեզները: Օրինակ՝ թիվ 62-ի շենքը կառուցվել է 1935-ին, թիվ 66-ը գործում է բնակելի շենքի կիսանկուղային հարկում, թիվ 200 մանկապարտեզն ունի բնակելի տան հարմարեցված շենքային պայմաններ, որոնք չեն համապատասխանում սահմանված նորմերին եւ այլն: Կամ Կենտրոն վարչական շրջանում գործող 21 մանկապարտեզների տնօրեններից բարձրագույն մասնագիտական կրթություն եւ որակավորում ունի ընդամենը 12-ը:
2009թ. հունիսից, օրենքով սահմանված կարգով, Երեւան քաղաքի բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատությունները սեփականության իրավունքով անհատույց փոխանցվել են Երեւան քաղաքին: Ուստի «Առավոտը» Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունից փորձեց ճշտել՝ ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում գրանցված խախտումները վերացնելու ուղղությամբ: Երկու օր շարունակ պարզաբանում ստանալու մեր փորձերը ապարդյուն անցան: Երեկ եւս չկարողացանք կապվել կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի հետ. գործավարուհու փոխանցմամբ, նա դուրս է եկել մանկապարտեզներ՝ շրջայցի: Իսկ Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից խոստացան առաջիկայում գրավոր պատասխանել: