Ի պատասխան սեպտեմբերի 9-ին հրապարակված ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդների խմբի հրատապ հաշվետվության, երեկ ստացվել են արդարադատության նախարարության մեկնաբանությունները, որոնք կապված են ՀՀ քաղաքացի Սարգիս Պողոսյանին առանց դատարանի որոշման 28 օր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահելու հետ:
Արդարադատության նախարար Գ.Դանիելյանը հայտնում է, որ դիտորդների գրությամբ բարձրացված հարցի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Սարգիս Մանուկի Պողոսյանը գտնվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից «diffusion» տեսքով միջազգային հետախուզման մեջ ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի արեւելյան տարածքի դատարանի որոշման հիման վրա՝ բանկային խարդախության փորձի մեղադրանքով: Որոնողական աշխատանքների իրականացման արդյունքում վերջինս հայտնաբերվել է, ձերբակալվել, այնուհետեւ պահվել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ինչի համար հիմք են հանդիսացել կալանքի որոշման մասին պաշտոնական գրագրությունները: Ըստ նախարարի, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ ԱՄՆ-ի իրավասու մարմիններից պահանջվող փաստաթղթերի բնօրինակները ստանալու ուղղությամբ: Այդ փաստաթղթերը չեն տրամադրվել, ուստի Սարգիս Պողոսյանը ազատ է արձակվել: Ըստ գլխավոր դատախազության տեղեկատվության, ներկայումս ստացվել է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշման բնօրինակը: