ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի տեղամասային տեսուչ Ակսել Բակունցը: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի տեղամասային տեսուչը, համաձայնության գալով քաղաքացուհի Ա. Մանուկյանի հետ, վերջինիս ծանոթ Ա. Գեւորգյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար ստեղծել է կեղծ ապացույցներ՝ արհեստածին հանցանքի կատարման մեջ նրա մեղավորության մասին: Մասնավորապես, նախաքննության տվյալներով, Ա. Բակունցը անձամբ ձեռք բերելով խոշոր չափի՝ 9.55 գրամ չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց, այն տեղափոխել է Ա. Մանուկյանի բնակարան եւ վերջինիս միջոցով ձեւակերպել, իբր, մարիխուանան պատկանում է Ա. Գեւորգյանին, իսկ Ա. Մանուկյանի բնակարանից վերցված սառը զենք հանդիսացող դանակը ձեւակերպվել է, թե այն հայտնաբերվել է Ա. Գեւորգյանի տաբատի գրպանից:
«Առավոտի» տեղեկություններով՝ 53-ամյա տեսուչը Մանուկյանին օգնել է նեղ անձնական, ավելի ճիշտ՝ անձամբ վերջինիս հետ մտերմիկ հարաբերություններ հաստատելու շահագրգռությունից ելնելով:
Մերօրյա Ակսել Բակունցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորվել է: