«Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 6-ին կալանավորվել է ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Արտավազդ Ղուկասյանը: Հատուկ քննչական ծառայությունը նրան մեղադրում է խոշոր չափերով կաշառք պահանջելու եւ ստանալու մեջ:
Սակայն մեզ հաջողվեց պարզել որոշ մանրամասներ, որոնց համաձայն՝ քրեական գործի հիմք հանդիսացած նյութերը հատուկ քննչական ծառայությունը ստացել է Ազգային անվտանգության ծառայությունից, եւ, ըստ այդմ, պարզվել է, որ ոստիկանության Էրեբունու բաժնում գլխիվայր շուռ է տրվել խուլիգանության մի դեպք՝ ընդդեմ անչափահասի: Այսպես. պետի տեղակալը, համաձայնության գալով ավագ հետաքննիչ Սիմոն Ներսիսյանի հետ, թաքցրել է Երեւանի բնակիչ Ռազմիկ Ավոյանի եւ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, անչափահասներ Գրիգորի Ինջյանին, Արտաշես Մկրտչյանին ե այլոց ծեծելու դեպքը: Փոխարենը՝ խեղաթյուրել են Գրիգորի Ինջյանի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, թե, իբր, Ա. Մկրտչյանն է Ինջյանին մարմնական վնասվածքներ պատճառել: Եվ որպեսզի գործ չհարուցեն Մկրտչյանի դեմ՝ վերջինիս հորից պահանջել են կաշառք: Պահանջված գումարը՝ $1500-ը Ղուկասյանը ստացել է իր աշխատասենյակում՝ սեպտեմբերի 2-ին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ի սկզբանե պետի տեղակալը շատ ավելի մեծ գումարի ակնկալիք է ունեցել եւ նախ պահանջել էր $3000, ապա սակարկությունների արդյունքում համաձայնել է տղայի նկատմամբ ստեղծված կեղծ ապացույցներով հետապնդում չիրականացնել՝ 1500 դոլարի դիմաց: Իսկ բանակցությունները տեղի են ունեցել ոստիկանության Սեւանի քննչական բաժանմունքի պետ Արմեն Մկրտչյանի եւ Արսեն Ղարիբյանի միջնորդությամբ: