Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Հրազդանի նստավայրում շարունակվեց այս տարվա ապրիլի 13-ին Չարենցավանի ոստիկանության բաժնում մահացած Վահան Խալաֆյանի գործով դատաքննությունը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախորդ դատական նիստը հետաձգվել էր քննչական բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանի առողջության կտրուկ վատթարացման հետ կապված:
Երեկ Ա. Հարությունյանը դատարանում հայտնեց, որ ինքը չի տառապել աղիների դիսբակտերիոզով եւ իր հիվանդությունն էլ խրոնիկական չէ, այլ ձեռք է բերել ՔԿՀ-ում: Դատավորն ասաց, որ նման տեղեկանք դատարանին էր տրամադրել շտապօգնության բժիշկը:
Երեկ մինչ Ա. Հարությունյանի հայտարարությունը՝ ուսումնասիրվեցին եւ հետազոտվեցին գործով առկա ապացույցները՝ դատահոգեբանական, դատահետքաբանական փորձաքննությունների եզրակացությունները, որոնք Ա. Հարությունյանի պաշտպան Սեդա Սաֆարյանի կողմից որակվեցին թերի: Ըստ դատահոգեբանական փորձաքննության եզրակացության, Վահան Խալաֆյանը մինչ Ա. Հարությունյանին հանդիպելը հոգեկան խիստ հուզմունք է ապրել:
Երբ հնչեց հարց, թե, ի վերջո, որտե՞ղ է մահացել Խալաֆյանը՝ հիվանդանոցո՞ւմ, թե՞ բաժնում, Ա. Հարությունյանն ասաց, որ բերման որոշման տակ ինքը չի ստորագրել, քանի որ Խալաֆյանն արդեն մահացած էր:
Տպավորությունն այնպիսին էր, որ դատավորը եւ մեղադրողները չէին թողնում, որ հայտարարություն արվի…
Ա. Հարությունյանն ասաց, որ իր ենթականերից Մորիս Հայրապետյանի ցուցմունքը սուտ է եւ դիմեց դատարանին. «Հարցրեք, թե ո՞վ է իրեն հանձնարարություն տվել եւ ո՞ւմ հետ է հանդիպել»: Իսկ փաստաբան Սեդա Սաֆարյանն ասաց, որ Վահան Խալաֆյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու հիմքը օրինական չի եղել, հետեւաբար, չի կարող արժանահավատ համարվել, քանի որ մահվանից հետո է կազմվել: Դատարանում հրապարակվեց Մորիս Հայրապետյանի դիմումը ուղղված ՀՔԾ քննիչ Կարեն Թորոսյանին. «Հարգելի պարոն Թորոսյան, խնդրում եմ ինձ լրացուցիչ հարցաքննել ոստիկանության Չարենցավանի բաժնում ինքնասպանություն կատարած Վահան Խալաֆյանի գործով»: Սեդա Սաֆարյանը հայտարարեց, որ չի երեւում, թե ինչպես է ԱԱԾ-ից հատուկ քննչական ծառայություն հասել դիմումը, այն էլ նույն օրը, որովհետեւ չկա կից գրություն: Հետազոտված ապացույցներից պարզվում է, որ Մորիս Հայրապետյանը լրացուցիչ հարցաքննվում է, որից հետո փոխվում է նրա խափանման միջոցը՝ կալանքը ստորագրությամբ:
Ս. Սաֆարյանը Աշոտ Հարությունյանին մեղադրանք առաջադրելու որոշման կապակցությամբ հայտարարեց. «Ես գտնում եմ, որ կանխորոշելի մեղադրանք է եղել, որ նախաքննական մարմինը ոչ թե հենվել է ապացույցների վրա, այլ արդեն ինքն ուներ մի որոշում, որը ուղղորդված պիտի համարեր ապացույցները»:
Մեղադրող կողմը սեպտեմբերի 15-ին դատարան կներկայացնի նոր ապացույցներ: