Նրանք վրեժ են լուծում իրենց կորցրած ջահել տարիների համար
Հռոմում պեղումները կանգ չեն առնում: Հնագետները վստահեցնում են, որ շուտով Հռոմի պատմության մեջ նոր բացահայտումներ կլինեն:
Ս. Մարիայում ամուսնանալու ցանկություն ունեն շատերը, իսկ հնարավորություն՝ եզակի զույգերը:
Հռոմում անգամ աղբամաններն էին համահունչ քաղաքի ճարտարապետությանը:
Հյուրանոցի նախասրահում հայկական գորգեր
ու կարպետներ էին փռված:
Հռոմում կողմնորոշվելու եւ Ռումինիայից Իտալիա ներգաղթած գնչուների ավազակային հարձակմանը չենթարկվելու առաջին «դասերս» ստացա մեր երկրի օդանավակայանում, երբ օգոստոսի 20-ին Երեւան-Հռոմ չվերթն իր նախատեսված ժամից մոտ 2 ժամ ուշացավ: Հռոմ-Երեւան ուղիղ չվերթի մենաշնորհը ստանձնած «Արմավիա» ընկերությունը, բնականաբար, ուղեւորներիս որեւէ բացատրություն չտվեց թռիչքի ուշանալու հետ կապված, ուստի հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններից քիչ թե շատ տեղյակ որոշ ուղեւորներ շտապեցին մյուսներին էլ լուսավորել՝ թռիչքի ուշացումը պայմանավորելով այդ օրերին Հայաստանում տեղի ունեցող ՀԱՊԿ գագաթաժողովի մասնակից երկրների պատվիրակությունների այցերով: «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքադաշտում տեղ-տեղ կարմիր գորգեր էին փռված եւ սպասարկող անձնակազմը զբաղված էր այդ երկրների ղեկավարներին ընդունելով: Այդ օրը այլ ուղղություններով թռիչքներ եւս ուշացան: Եվ քանի որ, այսպես ասած, նեղ ու տխուր պահերին հայերը միավորվում են եւ սկսում են միմյանց մխիթարել, Հռոմ մեկնողները հավաքվեցին մի տեղ եւ յուրաքանչյուրն իր պարտքը համարեց այլոց փոխանցել այն ամենը, ինչ լսել էր ծանոթ-բարեկամներից, թե ինչպես անել, որպեսզի Իտալիայում հնարավորինս անվտանգ ու հետաքրքիր հանգիստ անցկացնել: Մի քանի ժամվա ծանոթ հայերով նույնիսկ պայմանավորվեցին Իտալիա հասնելուն պես էլ հանդիպել ու միասին գնալ զբոսնելու, սուրճ խմելու: Հանգստի նպատակով Հռոմ մեկնողիս մեջ որեւէ ցանկություն չառաջացավ Իտալիայում էլ հայերի հետ շփվելու: Չնայած դրան, Հռոմի ծայրամասում գտնվող այն հյուրանոցում, որտեղ պատրաստվում էի մի քանի օր ապրել, ոտք դնելուն պես առաջին տպավորությունը եղավ այն, որ տերը հայ է. ողջ նախասրահով մեկ հայկական գորգեր էին փռված՝ հայկական հին ու նոր կարպետներ, անգամ բոլորիս հայտնի ԽՍՀՄ տարիներին արտադրվող «Էրեբունի» գորգ կար: Ավելի ուշ պարզեցի, որ այս հյուրանոցում անգամ Հայաստանի տեղը չգիտեն քարտեզի վրա, միայն լսել են, որ հայ ազգություն էլ կա: Իսկ խանութից ձեռք բերած գորգերը նրանց ուշադրությունը գրավել էին՝ որպես գեղեցիկ դեկորացիա:
Գովազդի կարիք եւ առհասարակ զբոսաշրջիկի պակաս չունեցող այս երկրում յուրաքանչյուր իտալացի իր պարտքն է համարում քեզ այնքան ջերմ ու հյուրընկալ ընդունել, որ պարզապես սիրահարվես այդ երկրին: Հյուրանոցի աշխատակիցը, որից փորձել էի գնացքի կայարանի, մետրոյի վերաբերյալ որոշ տեղեկություններ ճշտել, երբ իմացավ, որ գնում եմ քաղաքում զբոսնելու, խիստ պատվիրեց, որպեսզի կորչելու կամ մոլորվելու դեպքում անմիջապես զանգեմ իրենց, եւ հյուրանոցն անպայման իմ հետեւից մեքենա կուղարկի:
Բախտի բերմամբ, թե պարզապես գողության մասին լուրերն էին չափազանցված, բայց որեւէ գողության դեպքի ոչ ինձ, ոչ էլ այլ զբոսաշրջիկների հետ կապված՝ ականատես չեղա: Բայց գրեթե բոլոր խանութներում տեղադրված տեսախցիկներն ու գողություններից ապահովագրող սարքերը վկայում էին, որ, այնուամենայնիվ, Իտալիայում գողեր շատ կան: Նույնիսկ պատմում էին, որ իրենց գործում վարպետացած ավազակները վայրկյանների ընթացքում մոտոցիկլետով անցնում են ու պայուսակդ խլելով անհետանում: Չնայած սրան, փողոցներում գրեթե ամեն քայլափոխի ոստիկաններ էին շրջում եւ մոլորված տուրիստներին շատ բարեհամբույր ցույց տալիս նրանց փնտրած փողոցը կամ տեսարժան վայրը: Իսկ մշակութային օջախներ ու ճարտարապետական գլուխգործոցներ այս երկրում՝ ինչքան ուզես. չորս տասնյակից ավելի՝ միայն մայրաքաղաք Հռոմում են տեղակայված:
Եթե մեր նման փոքրիկ երկրի համար 10-15 եկեղեցի վերականգնելը, ինչպես ՀՀ իշխանություններն են վստահեցնում, բյուջեից հսկայական ծախսեր է պահանջում, ապա Հռոմի պարագայում մի քանի հարյուր միլիարդ դոլար է պետք՝ անտիկ ժամանակաշրջաններից մեզ հասած այդ հուշարձանների, քանդակների ու ամրոցների սպասարկման ծախսերը հոգալու եւ պահպանելու համար: Միայն աշխարհի ամենահայտնի ավերակի՝ Կոլիզեյի վերականգնման համար պահանջվել է 18 միլիարդ եվրո: Հռոմի քաղաքապետի ջանքերով, մշակույթի այս նմուշը վերջերս ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող պատմամշակութային հուշարձանների ցանկում, եւ հռոմեացիները հույս ունեն, որ այն գոնե այս տարի կվերականգնվի: Տեղացիները պատմում են, որ Կոլիզեյի ամֆիթատրոնի այժմյան տեսքը ճարտարապետական մինիմալիզմի օրինակ է, ինչը, սակայն, երկրաշարժերի, գողությունների հետեւանք է. ի սկզբանե սյուների միջեւ եղել են մարմարե արձանիկներ, որոնք հետագայում թալանվել եւ մաս-մաս վաճառվել են:
Ընդհանրապես Հռոմի հատակագիծն այնպես է կազմված, որ քաղաքի բոլոր գլխավոր փողոցները, որտեղ տեղակայված են արվեստի գործերը, տանում են դեպի կենտրոնական հրապարակ եւ մեծ ցանկության դեպքում էլ Հռոմում կորչել հնարավոր չէ: 1-2 օրից ցանկացած զբոսաշրջիկ արդեն ընտելանում է եւ քարտեզի օգնությամբ ինքնուրույն շրջում է: Ասում են, ճարտարապետ Թամանյանն էլ ժամանակին նման մտահղացում է ունեցել, որպեսզի Երեւանի բոլոր գլխավոր փողոցները տանեն Հանրապետության հրապարակ:
Դատելով եկեղեցիների առատությունից եւ դրանց նկատմամբ հոգատար վերաբերմունքից, իտալացիները հավատացյալ ժողովուրդ են: Բոլոր իտալացի զույգերի երազանքն է պսակադրվել 13-րդ դարում կառուցված Սուրբ Մարիա եկեղեցում: Սակայն այստեղ այդ արարողությունը շատ թանկ արժե. տեղացիների պատմելով՝ այդ հաճույքի համար իրենք պետք է վճարեն մի քանի հազար եվրո, քանի որ այստեղ պսակվելը մի ամբողջ արարողակարգ է ենթադրում. եկեղեցին ամբողջությամբ զարդարվում է սպիտակ թանկարժեք ծաղիկներով, ժապավեններով, մոմերով եւ այլն: Ավանդության համաձայն, առաջինը եկեղեցի է մտնում փեսացուն՝ մոր ուղեկցությամբ, ապա հարսը՝ հոր: Հարսի հարազատները երբ հուզմունքից լաց են լինում, իտալացիների համար միանգամայն հասկանալի է՝ ուրախությունից է, այսինքն՝ որ վերջապես կայացավ այդ բաղձալի պահը: Բայց եթե օտարներիս համար անհասկանալի է, թե փեսացուի հարազատներն ինչո՞ւ են լաց լինում, իտալացիները սրա բացատրությունն էլ ունեն. բանն այն է, որ եթե Աստված չանի՝ զույգը բաժանվի՝ տղան, մեղմ ասած, կհայտնվի «բոմժի» կարգավիճակում: Իտալիայում օրենքներն այս առումով իսլամական երկրներից էլ խիստ են. ամուսնական պայմանագիրը խզվելու դեպքում, տղամարդը մնում է «ծակ գրպանով», քանի որ, ըստ օրենքի, տղամարդուն պատկանող ունեցվածքի ամենավերջին կոպեկը հասնում է կնոջը: Այդ պատճառով էլ, ըստ վիճակագրության, աշխարհում ամենա-«տՏՊՍՈոսցփվՌՍ» (կրնկի տակի) տղամարդիկ համարվում են իտալացիները: Իսկ աշխարհում ամուսիններին ամենաշատը դավաճանողները իտալուհի կանայք են: Քանի որ ինչ էլ անեն՝ ամուսինները նրանց ներում են եւ միայն ծայրահեղ դեպքերում են բաժանվում: Իտալիան օրինական ամուսնությունների թվով զիջում է մյուս երկրներին: Իտալացի տղամարդիկ խուսափում են օրինական ամուսնությունից եւ սիրած կնոջ հետ գերադասում են ապրել քաղաքացիական ամուսնությամբ: Բայց ոչ միշտ է, որ իտալուհիները հեշտությամբ մարսում են այդ հանգամանքը, եւ եթե 15-20 տարի իրար հետ ապրելուց հետո տղամարդը վերջապես որոշում է կայացնում օրինականացնել իրենց հարաբերությունները, ապա հաճախ են լինում դեպքեր, երբ ընդամենը մեկ շաբաթ անց կինը բաժանվում է՝ այդկերպ վրեժ լուծելով իր կորցրած ջահել տարիների համար: Իտալիայում ամենատարածված մաղթանքներից է՝ «կարեւորը հաջողակ ամուսնանաս»:
Իտալացի տղամարդկանց մտքով անգամ չի անցնում, ասենք, սեփական տունը, ավտոմեքենան կամ ամառանոցը գրանցել ուրիշի անունով: Թերեւս արժե, որպեսզի ՀՀ պաշտոնյաները իտալացի տղամարդկանց համար՝ ունեցվածքը փրկելու թեմայով թրեյնինգներ կազմակերպեն ու գլխի գցեն, թե ինչը որից հետո է:
Չնայած Իտալիան աշխարհի ամենազարգացած տնտեսություն ունեցող երկրներից է եւ հետեւաբար այնտեղ կենսամակարդակն էլ շատ բարձր է, իտալացիները համեստ կենցաղ են վարում: Կին թե տղամարդ նախընտրում են փոքրիկ ավտոմեքենաներով երթեւեկել: Շքեղ մեքենաներն այստեղ հիմնականում օգտագործվում են ինչ-որ սերվիսի շրջանակներում, ասենք՝ երբ ինչ-որ տեղ գնալու համար տաքսի ես պատվիրում: Բարձրակարգ այդ մեքենաները, որպես կանոն, առանց տաքսու նշանի են երթեւեկում, իսկ դրանց վարորդները հագնված են խիստ ճաշակով եւ կոկիկ:
Ուղիղ 28 դար առաջ նման համեստ կենցաղով է ապրել նաեւ Հռոմի կայսր Օգոստոսը: Պատմում են, որ նա տիկնոջ հետ բնակվելիս է եղել իր հսկայական ապարանքի մի հատվածում կառուցված փոքրիկ երկհարկանի տնակում, որի ննջարանն ընդամենը 10 քմ է եղել: Պալատում ապրել են նրա ազգականները, կայսրի ընտանիքին սպասարկող անձնակազմը, բարձրաստիճան պալատականներ եւ այլք: Օգոստոս կայսեր նստավայրը կրում է Մասիմուսի կրկես անվանումը, այսօր այն հռոմեացիների ամենասիրված վայրերից է. պալատի առջեւ փռված հսկայական ազատ տարածությունը միջոցառումներին տեղավորել է 300 հազարից ավելի մարդ: Այնտեղ կազմակերպվել են գլադիատորների մենամարտեր, գինուն նվիրված տոներ եւ այլն:
Օրինակ, հենց այս մարզադաշտում է տեղի ունեցել իտալացի ֆուտբոլիստների մեծարման արարողությունը, երբ նրանք աշխարհի նախորդ խաղերի ժամանակ չեմպիոնի տիտղոսը նվաճեցին:
Ընդհանրապես մշակութային դաստիարակությունը Իտալիայում սկսվում է շատ վաղ հասակից. իտալացի երեխան կարող է չիմանալ մաթեմատիկական աղյուսակը, բայց պարտավոր է Կոլիզեյը տարբերել Մասիմուսի կրկեսից: Այս կրկեսի դիմաց է գտնվում Հռոմի հայտնի «ռոզարիոն» (վարդերի այգին): Այստեղ աճում են աշխարհի ամենագեղեցիկ եւ յուրատեսակ վարդերը: Պատմում են, որ մայիսին վարդերի բույրն այստեղ այնքան ուժեղ է լինում, որ սուր հոտից անգամ ուշագնացության դեպքեր են լինում: Տարին մեկ անգամ՝ մայիսին, վարդերի այգու դռները բացվում են եւ իտալացիներն ու զբոսաշրջիկները հնարավորություն են ունենում այստեղ զբոսնելու: