Երեկ «Շիրակ կենտրոն» հ/կ-ն հաղորդագրություն էր տարածել Գյումրու Մուշ-2 թաղամասի նորակառույց շինությունների վերաբերյալ: Մասնավորապես, հ/կ-ն անդրադարձել էր քաղաքաշինության նախարարության աշխատակցի՝ Արտաշես Սարգսյանի՝ ԳԱԼԱ հեռուստաընկերությանը տված հարցազրույցին: Պարոն Սարգսյանը վստահեցրել էր, որ նորակառույցներում նկատել են թերություններ, սակայն այդ մասին կառուցապատողին գրավոր նախազգուշացում չի արել, այլ դիմել է ընկերական ձեւերով:
Այս առնչությամբ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի հանրության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից «Առավոտին» վստահեցրին. «Տվյալ պաշտոնյայի ասածների վերաբերյալ որեւէ պատկերացում չունենք, թե ինչի մասին է խոսքը, եւ ԳԱԼԱ հեռուստաընկերությանը տված տվյալ հարցազրույցում նրա բոլոր ասածները անհեթեթություն են»:
«Առավոտը» դիմեց նաեւ քաղաքաշինության նախարարությանը, թե ինչպես կմեկնաբանեն այն հանգամանքը, որ պետական պաշտոնյան՝ ոլորտի պատասխանատուն, խախտումներ արձանագրելու դեպքում գործում է ընկերական մոտեցումներով: Նախարարությունից մեզ վստահեցրին, որ նախարարը Սպիտակում է, եւ այս պահին մեր հարցին չեն կարող պատասխանել. «Երեքշաբթի օրը նախարարն անպայման ձեր հարցին կպատասխանի»: