Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի գնի շուրջ բանակցում են

Սեպտեմբեր 11,2010 00:00

Բայց մինչ այդ՝ ներկրում են սերմեր եւ բացում լաբորատորիաներ

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երեւանի Էրեբունի համայնքում գտնվող կենտրոնական անասնաբուժական լաբորատորիայի բացմանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:
Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային եւ ախտորոշիչ կենտրոնը վերակառուցվել է «Թռչնագրիպի դեմ պայքարի» ծրագրի շրջանակներում՝ իրականացված Համաշխարհային բանկի, Ճապոնիայի տեխնիկական աջակցության PHRD եւ Թռչնագրիպի ու մարդու գրիպի կազմակերպության Բազմադոնորային հիմնադրամի դրամաշնորհների ֆինանսավորմամբ ($1,5 միլիոն): Հիմնանորոգված եւ արդիականացված կենտրոնը նախկին 700 քմ տարածքի փոխարեն այժմ զբաղեցնում է մոտ 3200 քմ տարածք, եւ յուրաքանչյուր բաժանմունք ունի իր առանձին լաբորատորիան: Լաբորատորիայի գործունեության երկակի ուղղվածությունը՝ սննդի անվտանգության եւ անասնաբուժական հիվանդությունների ախտորոշում, հնարավորություն է տալիս անհրաժեշտ թեստերի միջոցով հայտնաբերել կենդանիների եւ սննդի մեջ առկա ամենավտանգավոր ախտածին նյութերը: Համաձայն հավատարմագրման պահանջների՝ ներդրվել է որակի վերահսկողության համակարգը: Լաբորատորիայի բացումից հետո վարչապետը պատասխանել է լրագրողների հարցերին: Մասնավորապես խոսել է գյուղատնտեսության վիճակի մասին. «Բնակլիմայական պայմաններն այս տարի այնպիսի տատանումներ տվեցին, որ մենք լուրջ կորուստներ ունեցանք պտուղ-բանջարեղենի արտադրության ոլորտում: Գյուղատնտեսության անկումն ահռելի էր, հետեւաբար այդ ոլորտի պատճառով Հայաստանի ընդհանուր մակրոտնտեսական ցուցանիշները նվազեցին: Շատ դժվար է կանխատեսումներ անել, թե ինչպիսին կլինեն բնակլիմայական պայմաններն աշնանացանի, գարնանացանի ժամանակ, բայց մենք լրջագույն ռեֆորմներ ենք իրականացնում գյուղատնտեսության ոլորտում: Վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ հաստատել ենք սերմնաբուծության ծրագիր, իսկ մոտակա շաբաթվա ընթացքում կներմուծենք 1000 տոննա բարձր որակի սերմ»: Կառավարությունը հաստատել է նաեւ օրգանիկ պարարտանյութերի արտադրության ծրագիր. «Հայկական պարարտանյութը երկու անգամ էժան է լինելու ներմուծվող պարարտանյութի համեմատությամբ: Իրականացվում է նաեւ անասնագլխաքանակն ավելացնելու մշտական գործընթաց: Արտասահմանից ներմուծվում են երինջներ, ինչի նպատակը արտադրողականության բարձրացումն է»:
 Վարչապետն անդրադարձել է նաեւ գազի գնի հնարավոր բարձրացմանը: Նա ասել է, որ Հայաստանին վաճառվող ռուսական գազի թանկացման հարցը քննարկվել է դեռ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ օգոստոսի կեսին Հայաստան կատարած այցի ժամանակ: Ըստ վարչապետի, «ՀայՌուսգազարդին» հանձնարարվել է ռուս գործընկերների հետ շարունակել բանակցությունները, որպեսզի գազի գնային քաղաքականությունը, մեթոդաբանությունը Հայաստանի համար լինի կանխատեսելի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել