Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԿՈՆՅԱԿԻ ՀՈՒՄՔԸ ԿԼԻՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ

Սեպտեմբեր 11,2010 00:00

Իսկ անվանումը կլինի՞ հայկական. սա դեռ հարց է

Վերջերս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Վիտեբսկի մարզային գործադիր կոմիտեի փոխնախագահ Օլեգ Մացկեւիչի Հայաստան կատարած այցերից հետո բելառուսները մտադրվել են իրենց երկրում հայկական կոնյակի արտադրությամբ զբաղվել: Հավանաբար, համտեսելով մեր կոնյակը, համը մնացել է այս երկու պաշտոնյաների բերանում, եւ որպեսզի իսկական հայկական կոնյակ ձեռք բերելու համար երկար-բարակ ճանապարհ չանցնեն, բելառուսները որոշել են հայկական կոնյակի սեփական արտադրություն ունենալ: Հայ-բելառուսական համագործակցության լավագույն օրինակներից կլինի, ասենք, ինչպես նշել է Օլեգ Մացկեւիչը, Հայաստանից կոնյակի սպիրտ արտահանելը եւ տեղում կոնյակ արտադրելը: Սա թերեւս ուրախալի երեւույթ է առաջին հերթին Բելառուսի համար: Սակայն պարզվում է՝ հենց հայկական կոնյակ արտադրել Հայաստանից դուրս այնքան էլ դյուրին բան չէ: Թեեւ Օ. Մացկեւիչը վստահեցրել է, որ արդեն պատրաստ են սարքավորումները եւ հոսքագծերը՝ արտադրության կազմակերպման համար, սակայն դեռեւս չեն ընտրել այն ընկերությունը, որից կոնյակի սպիրտ կգնեն:
«Առավոտը» կոնյակ արտադրող հայկական 2 խոշոր գործարաններից հետաքրքրվեց՝ պատրաստվո՞ւմ են իրենք համագործակցել Բելառուսի հետ եւ կոնյակի սպիրտ արտահանել այդ երկիր:
Մեզ հետ զրույցում Երեւանի «Արարատ» գինու-օղու-կոնյակի գործարանի կոմերցիոն տնօրեն Արմեն Զաքարյանն ասաց, որ այդ մասին քննարկումներ են կազմակերպում. «Քանի որ դրսում հայկական կոնյակ արտադրելու նախադեպ չենք ունեցել, այս պահին չենք կարող ասել, թե ինչ կլինի, եւ ինչպես կաշխատենք: Կան բազմաթիվ իրավական եւ տեխնիկական խնդիրներ»: Մեր այն դիտարկմանը, որ, ըստ մեր օրենքի, հայկական կոնյակ կարող է կոչվել այն ապրանքը, որը շշալցված է Հայաստանում, արդյոք Բելառուսում արտադրվողը կարո՞ղ է անվանվել հայկական, պարոն Զաքարյանն ասաց. «Խնդիրներից մեկն էլ հենց դա է: Մենք դրա շուրջ մտածում ենք, թե ինչ կարող ենք անել»: Իսկ մեր այն հարցին, թե կոնյակի սպիրտ արտահանելով չի՞ մեծանա հայկական կոնյակը կեղծելու հնարավորությունը արտերկրում, Ա. Զաքարյանը պատասխանեց. «Այդ ամենը պետք է լուրջ վերահսկողության տակ լինի: Եվ այնպես չէ, որ մենք սպիրտը վաճառելու ենք, ձեռքներս լվանանք ու մի կողմ քաշվենք: Իմ կարծիքով, դա առաջին հերթին հենց Բելառուսի խնդիրն է, որ հետեւողական լինեն, որպեսզի հայկական կոնյակը չկեղծվի: Դրանք լուրջ հարցեր են, որոնց շուրջ մենք մտածում ենք»:
Բելառուս՝ կոնյակի սպիրտ արտահանելու պայմանավորվածություն առայժմ չունի նաեւ Երեւանի կոնյակի գործարանը: Համենայնդեպս, դա մեզ վստահեցրին գործարանից: Լրատվական ծառայությունը մեզ նաեւ տեղեկացրեց, որ կոնյակագործության ոլորտում այլ ընկերություններին հումք վաճառելը աշխարհում ընդունված պրակտիկա է: Ինչ վերաբերում է հայկական կոնյակը կեղծելու մտավախությանն ու արտերկրում արտադրված կոնյակի հայկական կոչվելուն, լրատվական ծառայությունը տվեց հետեւյալ պատասխանը. «Այս հարցում կարեւոր է հասկանալ, որ «Հայկական կոնյակը» կատեգորիա է, որը անհրաժեշտ է պահպանել: Ընդ որում, կատեգորիայի պահպանությունը ինչպես պետության, այնպես էլ առաջին հերթին՝ արտադրողների խնդիրն է: Հայաստանի օրենսդրական դաշտը հստակ սահմանում է այն պահանջները, որոնց համապատասխանելու դեպքում արտադրված խմիչքը կարող է անվանվել «Հայկական կոնյակ»: Մասնավորապես՝ հայկական կոնյակը պետք է պատրաստված լինի Հայաստանում աճեցված խաղողի որոշակի սորտերից, հնեցված եւ շշալցված Հայաստանում: Այսպես, նույնիսկ հայկական կոնյակի սպիրտից պատրաստված, բայց արտերկրում շշալցված խմիչքը սկզբունքորեն չի կարող անվանվել «Հայկական կոնյակ»: Կարծում ենք, որ ոլորտի ընկերությունների առաջնահերթություններից է պայքարել հայկական կոնյակի համբավի ամրապնդման եւ հետագա զարգացման համար: Ամբողջ աշխարհում այս հարցի արդյունավետ լուծմանը նպաստում են նաեւ մասնագիտական ասոցիացիաները, որոնք միավորում են ոլորտի արտադրողներին, խաղողագործներին, պետության ներկայացուցիչներին: Այսօր Հայաստանում նույնպես արդիական է դարձել այդպիսի մի կառույցի ստեղծման հարցը, որի առաջնահերթ խնդիրներից կլինի նաեւ «Հայկական կոնյակ» անվանվող խմիչքի արտադրության հետ կապված բոլոր պահանջների պահպանումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել