Հինգշաբթի օրվանից ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը էկոլոգ Հակոբ Սանասարյանի հետ Սյունիքի մարզում ծանոթանում է մարզի բնապահպանական խնդիրներին, լուսանկարում պոչամբարները եւ եկել է այն եզրահանգման, որ նման էկոլոգիական խնդիրներ ունեցող մարզի բնակչությունն ապրում է վտանգավոր գոտում, իսկ ուրանի հանքավայրերի շահագործման դեպքում Սյունիքի մարզի բնակիչները կդառնան էկոլոգիական էմիգրանտներ եւ ստիպված կլինեն լքել տարածաշրջանը: Պատգամավորն այցելել է Լեռնաձոր, զրուցել բնակիչների հետ, իսկ Կապանում կայացած հանդիպման ժամանակ նա նշեց, որ ուրանի հանքավայրի շահագործումն ուղղակի հակապետական ծրագիր է: «Սյունիքի մարզը մեր երկու պետականությունների՝ Հայաստանի եւ ԼՂՀ-ի հանրապետությունների համար շատ մեծ ռազմավարական նշանակություն ունեցող տարածություն է: Մենք վտանգի տակ ենք դնում Սյունիքի մարզը: Եթե շատ խորն ուսումնասիրվի, կհասկանանք, որ հենց այնպես չէ, որ 2008թ.-ին կառավարությունը որոշում կայացրեց սկսել ուրանի պաշարների հետախուզական աշխատանքներ: Դա տեղի է ունենում ռուսական կազմակերպության հետ մեկտեղ: Եթե 1988թ.-ից դեռ խոսվում էր, թե կարելի է Մեղրին փոխանակել Ղարաբաղի որոշ տարածքների հետ, հիմա կարելի է ասել, որ հստակ երեւում է՝ եթե այդ ծրագիրն իրականացվեր, տարածաշրջանի բնակչությանը դատարկելու-հեռացնելու խնդիր կլիներ: Իսկ եթե տարածքը դատարկվում է, ապա պաշտպանված չի, եւ այն կորցնելն անխուսափելի է, առավել եւս, երբ հյուսիսային եւ հարավային Ադրբեջան հասկացողությունը բոլոր ատյաններում հնչեցնում են Ադրբեջանի պատվիրակության անդամները: Հյուսիսային եւ հարավային Ադրբեջանին միացում պետք է տեղի ունենա: Իսկ ով է կանգնած այդ հյուսիսային եւ հարավային Ադրբեջանի միջնագծում՝ հայ ժողովուրդը: Եթե այն ժամանակ ադրբեջանցիները, ագրեսիայի ենթարկելով ԼՂՀ-ն, հայկական բնակչությանը, չկարողացան այդ միջոցով մեզ վտարել մեր հայրենիքից, հիմա մտածում են այլ տարբերակների մասին, ըստ էության կարելի է ասել՝ սա նաեւ այս ծրագրի մեջ է մտնում: Եթե այլ երկրներում նման ծրագիր իրականացվեր, նույն օրն իսկ քրեական հետապնդում կսկսվեր նման կառավարության նկատմամբ: Սա հակապետական ծրագիր է, որը վտանգում է իր երկրի եւ բնակչության անվտանգությունը: Մենք պետք է սկսենք ընդվզման մեծածավալ գործընթաց, քանի որ Սյունիքը հարվածի տակ է: Սա միայն Սյունիքի հարցը չէ, ամբողջ հանրապետության խնդիրն է»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: Պատգամավորը նշեց, որ տեղացիների հետ անհրաժեշտ է մշակել ճկուն ռազմավարություն եւ դրա ներքո արդյունավետ գործել, իսկ ուրանի հարցը տիկին Փոստանջյանը խոստացավ բարձրացնել ԱԺ-ում, ինչպես նաեւ օգտագործել ԵԽԽՎ ամբիոնը, չեն բացառվում նաեւ դատական հայցերը:
Հանդիպման ժամանակ խոսվեց նաեւ տուրիզմի եւ էկոլոգիական խնդիրների անհամատեղելիության մասին: «Մենք պետք է քաջ գիտակցենք, որ հնարավոր չէ տուրիզմի հետ մեկտեղ հանքավայրի շահագործումը՝ Արծվանիկի պոչամբարն ու Տաթեւի ճոպանուղին այս փոքր տարածքում այնքան մոտ են: Հնարավոր չէ տուրիզմ զարգացնել, որ լինի միջազգային, եւ մարդիկ գան հանգստանալու, բայց նաեւ՝ ուրանի հանքավայր շահագործել: Տաթեւի ճոպանուղու բացման օրը մենք մեր բողոքի ձայնը պետք է բարձրացնենք, հանդիսությանը հետեւող համաշխարհային ԶԼՄ-ները կիմանան այդ մասին: Չպետք է սահմանափակվենք էպիկենտրոն Լեռնաձորով, կդիմենք Սյունիքի մարզի բոլոր համայնքների ավագանիներին: Սա յուրաքանչյուր հայ մարդու խնդիրն է: Կառավարության որոշումն ընդունվել է ծածուկ, նրանց գործունեությունն անօրինական է, որը չի բխում ո՛չ մեր պետականության, ո՛չ մեր ազգի շահերից: Ես ԱԺ բնապահպանական հանձնաժողովի անդամ եմ, պահանջելու եմ, որ հանձնաժողովում նույնպես անցկացվեն լսումներ»,- ավելացրեց Զարուհի Փոստանջյանը, նկատելով, որ այսօր Ազգային ժողովում աշխատում են մուտանտներ, գազաններ, որոնց հնարավոր չէ փոխել: