Թիվ 16 դպրոցի տարօրինակ աշխատաոճը
Երեկ խմբագրություն եկավ զայրացած քաղաքացի Շահեն Սարդարյանը եւ հայտարարեց, որ իր հղի կնոջ իրավունքները ոտնահարվել են Ավ. Իսահակյանի անվան՝ արդեն ավագ համարվող թիվ 16 դպրոցում: Շահենի կինը՝ Անուշ Օհանջանյանը, ամուսնու պատմելով, նախ մեկ տարի աշխատել է որպես փոխարինող ուսուցչուհի այդ դպրոցում, ապա ընդունվել հիմնական աշխատանքի: Նրա հետ աշխատանքային պայմանագիրը կնքվել է մեկ տարով, մեր զրուցակցի ասելով՝ «պատճառաբանում էին, թե դպրոցը փակման եզրին է, դրա համար»: Շ. Սարդարյանի խոսքով, դպրոցի տնօրեն Անահիտ Կիրակոսյանին ամենեւին դուր չի եկել, որ երիտասարդ ուսուցչուհին ամուսնացել է աշխատանքի ընդունվելուց երկու ամիս անց. «Նա մի քանի անգամ դժգոհել էր, թե կինս իրեն «քաշել» է, իրենք նման պայմանավորվածություն չունեին եւ այլն: Նույնիսկ բանը հասավ նրան, որ գնացի ու ասացի՝ ի՞նչ է, ձեզ պիտի հարցներ, նո՞ր ամուսնանար, չե՞ք խրախուսում ընտանեկան երջանկությունը»:
Շ. Սարդարյանը պատմում է, որ մի քանի օր առաջ էլ դպրոցից զանգահարել ու ասել են, թե ֆիզարձակուրդում գտնվող կինը պետք է վճարվի ոչ թե 140, այլ 11 օրվա համար, որովհետեւ հարկային տեսչությունից եկել-ստուգումներ են անցկացրել ու սխալ հաշվարկներ հայտնաբերել: Տնօրենն ասել է, որ Անուշի պայմանագիրն ավարտվում է սեպտեմբերին՝ առանց հաշվի առնելու նրա հղի լինելը:
Փաստենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114 հոդվածի համաձայն, աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է մի շարք դեպքերում, օրինակ՝ աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում, հղի կանանց հետ՝ հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչեւ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը:
Շահեն Սարդարյանը խոսել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի հետ, որը նույնպես հայտնել է, թե ֆիզարձակուրդում գտնվող ուսուցչուհուն օրենքով ոչ ոք աշխատանքից ազատելու իրավունք չունի: Հարկայինից էլ Անուշի ամուսնուն տեղեկացրել են, որ տնօրենը պարտավոր էր համաձայնագիր կնքել ուսուցչուհու հետ, ինչը չի արել, արդյունքն էլ՝ սխալ հաշվարկները: «Հղի կինս այս պատմության պատճառով այժմ սթրեսային վիճակում է, պատրաստվում ենք հիվանդանոց պառկեցնել: Դիմելու եմ դատարան եւ հնարավոր բոլոր ատյաններին»,- ապագա երեխայի ճակատագրով եւ կնոջ առողջությամբ մտահոգ՝ հայտարարում է Շ. Սարդարյանը:
Հ. Գ. Բողոքը ստացանք, երբ արդեն աշխատանքային օրն ավարտված էր, դպրոցի տնօրենի հետ կապվել չհաջողվեց: «Առավոտը» պատրաստ է տպագրել մյուս կողմի տեսակետը նույնպես: