Դրա առնչությամբ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունը երիտասարդներին կոչ է արել՝ «համախմբվել հանուն իրենց իրավունքների պաշտպանության»:
Արդեն մի քանի տարի է, ինչ հայաստանյան մամուլը պարբերաբար բարձրաձայնում է հայրենի «իրավապահների», մասնավորապես նաեւ՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքերի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանների ու հաճախ էլ «կարմիրբերետավորների» կողմից իրենց լիազորությունների սահմանն անցնելու արդեն բազմաթիվ փաստերի մասին: Վերջիններս այդ հաստատությունների շենքերի առաջ տնկվում են պաշտոնապես՝ սովորողների եւ դասախոսների անվտանգությունն ու հասարակական կարգն, իբր, պաշտպանելու համար, իսկ այն, ինչ անում են իրականում՝ օրենքի սահմաններում որեւէ կերպ չի տեղավորվում: Բազմաթիվ անգամ ահազանգեր են եղել ոստիկանների ու «կարմիրբերետավորների» կողմից երիտասարդների՝ բարձր ձայնով տարվող խոսակցություններին միջամտելու, երբեմն էլ մի քիչ ակտիվ ուսանողներին «ռազբորկայի» հրավիրելու, սադրելու եւ արդյունքում ծեծի ենթարկելու, երբեմն էլ ոստիկանության բաժիններ բերման ենթարկելու մասին:
Անցած տարիների ընթացքում կրթության եւ գիտության նախարարներ, ՀՀ ոստիկանապետեր են փոխվել, բայց մեկ է՝ ոչ մի կերպ չի հաջողվում սանձել ուսումնական հաստատությունների մոտ պահակ կանգնած «օրենքի պաշտպաններին»: Ո՛չ գործող նախարարի, ո՛չ ոստիկանապետի համար ուսանողների դեմ ոստիկանության աշխատակիցների ու «կարմիրբերետավորների» խուժան պահվածքը՝ երիտասարդներին ստորացնելն ու նրանց արժանապատվությունը վիրավորելը, երեւի առանձնապես խնդիր չէ, որովհետեւ այդպիսի պահվածքը մեր երկրում վաղուց արդեն օրինաչափություն է:
Ահավասիկ մի տհաճ միջադեպ էլ երեկ է եղել՝ Բժշկական համալսարանի բակային մասում: Մի քանի երիտասարդներ, ականատեսների մատուցմամբ, նստած են եղել շենքի մուտքի աստիճանների բազրիքին, երբ մոտեցել են «իրավապահներն» ու պահանջել իրենց կարգին պահել՝ բազրիքից իջնել: Թե բազրիքին նստելն ինչո՞վ է խանգարել հասարակական կարգը, կամ ինչու է «քառակուսիոտ» ոստիկաններին թվացել, թե բազրիքին նստել չի կարելի՝ միանշանակ ասել չի կարելի, բայց ենթադրելի է. թերեւս, սադրելու, որ երիտասարդները բանավեճի մեջ մտնեն ոստիկանների հետ, վերջիններս էլ նրանց զազրախոսելու, կարգուկանոն խախտելու համար գործեր «թխեն» կամ նման իմիտացիա ստեղծեն եւ նրանց ծնողներին «կլպեն»:
Բանավեճ իսկապես ծավալվել է, հետո բանը հասել է քաշքշուկի: Ուսանողներից մեկն անմիջապես ահազանգել է Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ, որտեղից «դեպքի վայր» երիտասարդական թեւի մի քանի ներկայացուցիչներ են ժամանել՝ հետեւելու եւ պարզելու, թե իրավապահների ուզածն ինչ է, եւ որքանով են նրանց գործողություններն օրինականության սահմաններում: Քիչ անց համալսարանի շենքի մոտ մի 3-4 մեքենաներով «օգնական» ուժեր՝ մի քանի տասնյակ «կարմիրբերետավորներ» են եկել եւ սկսել են երիտասարդներին վրա տալ ու քաշքշել: Տեղի ունեցածն, ի դեպ, ՀԱԿ-ի երիտասարդները տեսագրել են: Բարեբախտաբար, ՀՀ քաղաքացիներ-«իրավապահներ» դիմակայությունը կարճ է տեւել, բերման ենթարկվածներ, ծեծվածներ չեն եղել:
Երեկ, օրվա վերջում, տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարություն տարածեց Կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունը: «Ոստիկանապետության գործիքներից մեկը, այսպես կոչված՝ «կարմիրբերետավորների» խմբերը, ընդդիմության խնդիրներից ազատ ժամանակ, իրենց տեր ու տնօրեն են զգում Երեւանի փողոցներում: Նրանք իրենց «իշխանությունն» ու ուժը հատկապես սիրում են ցուցադրել ուսանող երիտասարդության նկատմամբ, այն էլ՝ քիչ թե շատ աչքից հեռու տեղերում: Այսպիսի քաշքշուկի հերթական մի դեպք է գրանցվել սեպտեմբերի 10-ին, Բժշկական համալսարանի բակային մասում, որտեղ ուսանողները հանգիստ կանգնած՝ զրուցել են: Հայ ազգային կոնգրեսի երիտասարդներս, տեղեկանալով այդ մասին, շտապեցինք դեպքի վայր, միջամտեցինք ու պահանջեցինք ոստիկանական ծառայողներից բացատրել իրենց գործողությունների օրինականության հիմքերը: Վերջիններս, ըստ էության չկարողանալով որեւէ բացատրություն տալ, ստիպված եղան հեռանալ՝ այդ ընթացքում հաջողացնելով, իհարկե, գողանալ մեր լուսանկարչական ապարատի հիշողության քարտը»,- ասված է հայտարարությունում: ՀԱԿ երիտասարդական թեւը նաեւ զգուշացրել է, որ ոչ միայն ընդդիմության ակցիաների ժամանակ, այլեւ ցանկացած պահի ու ցանկացած վայրում նման դեպքերում միջամտելու եւ դրանք արձանագրելու են: Նրանք նաեւ կոչ են արել երիտասարդներին՝ «համախմբվել հանուն իրենց իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ բոլոր քաղաքացիներին՝ ոստիկանական այս խմբերի ապօրինի գործողությունների լկտի պահվածքի մասին տեղյակ պահել Հայ ազգային կոնգրեսի գրասենյակին»:
Ի դեպ, «Առավոտի» հարցին, թե՝ պատրաստվո՞ւմ են արդյոք հետամուտ լինել այդ միջադեպին եւ «իրավապահների» ապօրինի գործողությունների առնչությամբ ոստիկանությունում հաղորդում տալ, ՀԱԿ երիտթեւի ներկայացուցիչներից մեկն ասաց, թե իրենց տարածած հայտարարությունը, որը հրապարակվել է մամուլում եւ կայքերում, արդեն իսկ հաղորդում է հանցագործության մասին, եւ իրավապահները դրանով պարտավոր են զբաղվել: