Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀՇ-Ն ՆԱՀԱՆՋԵԼ Է ԱԶԱՏԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՑ

Սեպտեմբեր 11,2010 00:00

ՀՀՇ նախկին նախագահ Ալեքսանդր Արզումանյանը երեկ ափսոսանք է հայտնել, որ ՀՀՇ-ն նահանջել է ազատական արժեքներից: «Հնչեցվել են մեր ընկերների կողմից կասկածներ համագումարի մասին: Փաստը, որ նման ահազանգեր հնչել են, անընդունելի է, որովհետեւ, վերջին հաշվով, ես, լինելով ՀՀՇ անդամ, մշտապես կարծել եմ, որ ՀՀՇ-ն այն լիբերալ ուժն է, որը պետք է իր ներքին հարցերում առաջնորդվի ժողովրդավարական սկզբունքներով: Ցավում եմ, որ այսօր նահանջ է նկատվում: Ընդհանրապես, շատ մեծ ցավ կարող եմ հայտնել, որ լիբերալ դաշտն է այսօր ոչնչացվում Հայաստանում, չգիտես ինչու՝ այդ թեմաներով ոչ ոք չի խոսում»,- ըստ tert.am-ի՝ ասել է նա: Այդուհանդերձ, նա հույսը դեռ չի կորցրել, որ ՀՀՇ-ն կվերականգնի այն արժեքները, որ որդեգրել է. «Հիմա ես ավելի սպասողական եւ հույսով նայում եմ, որ ՀՀՇ-ն իր այս նոր վարչությունով պետք է դառնա լոկոմոտիվը, որի հետեւից պետք է ազատական ուժերը գնան: Կոնգրեսում կան բոլոր ուժերը, եւ այսօր ամենապասիվը ազատականն է, իսկ ես, ազատական լինելով իմ ամբողջ էությամբ, ուզում եմ, որ այդ գաղափարախոսությունը շարունակի ընդլայնվել եւ, ինչու ոչ, դառնա հաղթական Հայաստանում»:
News.am-ի փոխանցմամբ էլ՝ ՀԱԿ-ի հասցեին հնչող քննադատություններին նույն դաշինքի անդամ Ալեքսանդր Արզումանյանը նորմալ է վերաբերվում. «Գիգանտամանիայով, թե պետք է անպայման 500 հազար մարդ լինի հրապարակում, ես չեմ տառապում: Սովետական Միությունը քանդվեց, երբ ընդամենը 7 ազնիվ քաղաքացիներ Կարմիր հրապարակում պաստառ բարձրացրեցին եւ չվախեցան գնալ-դառնալ բռունցքի փայ: Դա ծնեց դիսիդենտական շարժում, եւ մենք բոլորս դրա պտուղները վայելեցինք»: ՀԱԿ-ի կողմից անցկացվող հանրահավաքների արդյունավետության մասին խոսելով էլ՝ նա նշել է, որ դրանք չպետք է լինեն ինքնանպատակ, եւ դրանց նախապես չպետք է որակումներ տրվեն. «Եթե դու մշտապես անում ես հանրահավաք, սա դառնում է գործի գնալ: Ես էդ բառերից էլ եմ հոգնել՝ հաջորդը կլինի հուժկու, մյուսը՝ վճռորոշ: Անելիք պետք է լինի, ծրագիր պետք է լինի, եւ այդ ծրագիրն իրականացնող: Կգտնի՞ իր մեջ ՀԱԿ-ն էդ ծրագիրը ներկայացնելու ուժ եւ ունի՞ արդյոք այդ պոտենցիալն իր թիմի հետ իրականացնելու՝ շատ բարի, չի լինի՝ ձեւեր միշտ էլ կգտնվեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել