Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Զանգակատան» զորամասում «բո՞ւնտ» է եղել

Սեպտեմբեր 11,2010 00:00

Պայմանագրային հիմունքներով մի քանի զինծառայողների պատժել են պատժախուց տանելով

\"\"

Երեկ, կեսօրին մոտ, Արարատի մարզում գտնվող թիվ 58837 զորամասում, որը հայտնի է ավելի շատ «Զանգակատան զորամաս» անունով, եւ որտեղ ծառայում են պայմանագրային հիմունքներով զինծառայողները, դժգոհության ալիք էր բարձրացել: Զորամասի հարեւանությամբ ապրող տների բնակիչները, ովքեր միրգ ու բանջարեղեն են վաճառում, «Առավոտի» ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանին հայտնել էին, թե զինվորների բողոքի պատճառն այն է, որ եթե մինչ օրս իրենց թույլ էին տալիս տնից սնունդ, ծխախոտ ու հագուստ բերել, ապա հիմա զորամասի ղեկավարությունն արգելել է դա՝ հայտարարելով, թե զինվորները պետք է օգտվեն զինվորական ճաշարանից ու հանդերձանքից: Ըմբոստության ակցիան ստիպել է ՀՀ պաշտպանության նախարարության եւ կորպուսի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մեկնել զորամաս: Պայմանագրային զինծառայողները տեղի ունեցածի մասին տեղյակ են պահել նաեւ Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցին: Նրան հասած տեղեկություններով, գնդի հրամանատարի եւ հրամանատարի տեղակալի միջեւ ինչ-որ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո նման պահանջ է առաջադրվել զինծառայողներին: «Եթե մինչեւ այժմ զինծառայողները իրենց համար սնունդ, հագուստ ու ծխախոտ են գնել սեփական միջոցներով, դա նշանակում է, որ նրանց, ըստ կարգի, հատկացվող սնունդն ու մնացած պարագաները ինչ-որ տեղ են գնացել, յուրացվել են: Թե ում կողմից՝ դեռ պարզ չէ»,- news.am-ին ասել է իրավապաշտպանը՝ չբացառելով, թե հենց դա է եղել զինծառայողների դժգոհության պատճառը:
ՊՆ-ն, իհարկե, կնախընտրեր լռել այդ միջադեպի մասին, եթե դա հանրության սեփականությունը դարձած չլիներ: ՀՀ պաշտպանական գերատեսչության լրատվական ծառայությունը նախ փորձել է հավաստիացնել, թե իրենք միջադեպի մասին տեղյակ չեն, բայց երբ էլեկտրոնային ԶԼՄ-ները հեռուն գնացող տեղեկություններ են տարածել, թե՝ զինվորները վայր են դրել իրենց զենքն ու հրաժարվում են ծառայություն իրականացնել, ՊՆ-ն հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասված է. «Մի շարք լրատվամիջոցներ սեպտեմբերի 10-ին տեղեկատվություն են տարածել, թե Արարատի մարզում տեղակայված N զորամասում պայմանագրային հիմունքներով ծառայություն անցկացնող զինծառայողները «դժգոհություն են բարձրացրել, գցել են իրենց զենքերը եւ հրաժարվում են կատարել հրամանատարության հրամանները»:
Այս կապակցությամբ ՊՆ տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչությունը պարզաբանում է. «Սեպտեմբերի 10-ին նշված զորամասից մարտական հերթապահության հերթափոխի մեկնող զինծառայողները ցանկացել են իրենց հետ մարտական հենակետ տանել սնունդ պատրաստելու համար նախատեսված շարժական գազօջախներ, ինչը արգելված է մարտական հերթապահության կրման եւ հենակետում հակահրդեհային անվտանգության պահպանման կանոններով: Գումարտակի հրամանատարը, ելնելով անվտանգության նկատառումներից, արգելել է պայմանագրային զինծառայողներին մարտական հենակետ տանել գազօջախները, ինչը առաջացրել է վերջիններիս դժգոհությունը եւ տարաձայնության պատճառ է հանդիսացել զորամասի հրամանատարության եւ պայմանագրային զինծառայողների միջեւ:
Միջադեպի կապակցությամբ զորամաս են այցելել բանակային զորամիավորման հրամանատարության ներկայացուցիչները: Զորամասի անձնակազմի հետ զրույցից հետո միջադեպը հարթվել է: N զորամասի պայմանագրային զինծառայողները շարունակում են իրականացնել մարտական հերթապահությունը: Կոչ ենք անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշտված, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց»:
ՊՆ-ն, սակայն, ինչպես միշտ, մինչեւ վերջ անկեղծ չէ: Բանն այն է, որ միջադեպը հենց այնպես չի հարթվել. «Առավոտի» տեղեկություններով, ըմբոստ զինծառայողներից մի քանիսը Արարատի մարզի ռազմական ոստիկանություն են տարվել՝ ուղիղ պատժախուց: «Առավոտի» հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցը հաստատեց մեր այս տեղեկությունը, բայց միջադեպի մասին այլ նոր մանրամասների նա էլ չէր տիրապետում, թեեւ մտադիր է հետամուտ լինել այդ միջադեպին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել