Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԵՏ, ՀԵՏՈ՝ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ

Սեպտեմբեր 11,2010 00:00

\"\"«Ընտրական օրենսգրքի» նախագծի վերաբերյալ քննարկումների այս հերթականությունն է ընտրել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Սեպտեմբերի 9-ին Փարիզում գումարվել է ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի նիստը, որի օրակարգում էին Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին, Ռուսաստանին եւ այլ երկրների վերաբերող հարցեր, եւ չկար Հայաստանը: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, որը մասնակցում էր այդ նիստին՝ «Առավոտին» հեռախոսով հայտնեց պատճառը. «Նախ՝ բացակայում էր Հայաստանի հարցով համազեկուցող Գորան Լինդբլադը, որը զբաղված է Շվեդիայի խորհրդարանական ընտրություններով: Եվ բնականաբար՝ ճիշտ կլիներ, որ բոլորը մասնակցեին: Նաեւ հաշվի առնելով, որ ընդդիմության հետ լսումներ են լինելու՝ անիմաստ կլիներ մի քննարկում հիմա անել, մեկն էլ՝ հետո»:
Ի դեպ, նկատի առնելով այն քննադատությունը, որով ուղեկցվեց Լինդբլադի նշանակումը՝ հետաքրքրվեցինք, թե ինչպես է ընթանում այդ համազեկուցողի հետ աշխատանքը: Պատասխանը լակոնիկ էր. «Մինչ այս պահը մենք որեւէ կոնտակտ չենք ունեցել համազեկուցողի հետ»:
Հարցին, թե ինչ օրակարգ է նախատեսվում ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում հոկտեմբերի 5-ին կայանալիք լսումների համար՝ պրն Հարությունյանը պատասխանեց. «Կարծում եմ, լսումների ժամանակ հիմնական անդրադարձը լինելու է այն բարեփոխումներին, որոնք իրականացվում են տարբեր ոլորտներում՝ ոստիկանություն, զանգվածային լրատվություն, ընտրական օրենսդրություն եւ այլն»:
Վերջինիս առնչությամբ ե՛ւ ԵԽԽՎ համազեկուցողները՝ իրենց հունիսի 24-ի հայտարարությամբ, ե՛ւ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները դժգոհել էին, որ «Ընտրական օրենսգրքի» աշխատանքային նախագիծը մինչեւ Վենետիկի հանձնաժողով փորձաքննության ուղարկվելը չի քննարկվել ընդդիմության հետ: Մեր հարցին, թե ինչո՞ւ են ընտրել առանց նախնական քաղաքական խորհրդատվությունների այդ նախագիծն ուղարկելու ճանապարհը՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Նախագիծը Վենետիկի հանձնաժողով չի ուղարկվել պաշտոնական կարծիքի համար: Այն ուղարկվել է մասնագիտական խորհրդատվության համար: Խնդիրն այն է, որ մենք մի շարք նոր մոտեցումներ ենք փորձում ամրագրել «Ընտրական օրենսգրքում» եւ այս պահին դեռ պատրաստ չենք դրանք ներկայացնել ավելի լայն դատի: Մեզ հետաքրքրում է զուտ մասնագիտական կարծիքը նախագծի վերաբերյալ: Եվ հենց այն պահից, երբ ստանանք այդ մասնագիտական կարծիքը եւ համոզվենք, թե ո՛ր մոտեցումներն են առավել պատշաճ եւ ընդունված ժամանակակից ժողովրդավարական երկրներում՝ կլրամշակենք մեր նախագիծը ու կներկայացնենք ավելի լայն քննարկման»:
Մեր զրուցակիցը հայտնեց, թե հիմնականում ինքն է մշակել այդ նախագիծը. «Փորձել եմ անդրադառնալ այն հարցերին, որոնք ներկայացված են եղել մասնավորապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ԵԽԽՎ-ի ընտրական նախորդ զեկույցներում: Փորձել եմ նրանց դիտողությունները հաշվի առնել այդ նախագծում»: Սակայն հարցադրումներին ի պատասխան, թե ինչ նոր մոտեցումներ են ամրագրվել օրենսգրքում, կամ իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, թե երկու նախագիծ է ուղարկվել Վենետիկ՝ պատասխանեց. «Այս պահին, կարծում եմ, վաղ է մանրամասնելը: Հենց դրանով է պայմանավորված, որ նախագիծը դեռեւս քննարկվում է փորձագիտական մակարդակով: Ինչ վերաբերում է երկու նախագծերին՝ դրանք միմյանցից տարբերվում են ընտրական հանձնաժողովների ձեւավորման մոդելներով: Բայց էլի եմ կրկնում՝ մանրամասներ հայտնելու պատշաճ պահը չէ»:
Մի մանրամասն բացահայտել էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը. «Որոշակի դրական փոփոխություն կարող է լինել այն, որ քաղծառայողներով են ուզում ընտրական հանձնաժողովները համալրել, բայց հաշվի առնելով, թե ինչպիսին է մեր քաղծառայության վիճակը, կարծում եմ՝ բոլորին պարզ է, որ դա կլինի 100 տոկոսանոց իշխանական հանձնաժողով»: Այս կապակցությամբ պրն Հարությունյանն ասաց. «Թերեւս միակ հարցը, որին արժե անդրադարձ կատարել՝ հանձնաժողովների ձեւավորման երկու մոդելների տարբերությունն է: Մի մոդելով հանձնաժողովները ձեւավորվում են քաղաքական սկզբունքով՝ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը եւ ՀՀ նախագահը: Երկրորդ տարբերակը սկզբունքորեն այլ մոտեցում է: Հանձնաժողովում լինելու են երկու տիպի ներկայացուցիչներ: Առաջին ներկայացուցիչները լինելու են քաղծառայողներ, որոնք պատասխանատու են լինելու ընտրությունների կազմակերպման համար: Սա նշանակում է ավելի մեծ հնարավորություն նրանց նախապատրաստելու, սովորեցնելու «Ընտրական օրենսգրքով» նախատեսված տարբեր իրավիճակներ, եւ թե ինչպես է պետք արձագանքել այդ իրավիճակներին: Մյուս կողմից՝ այս երկրորդ մոդելը նախատեսում է, որ ընտրությունների իրականացման բուն գործընթացում ներգրավվելու են քաղաքական այն բոլոր ուժերը, որոնք մասնակցելու են ընտրություններին: Հանձնաժողովների կազմում լինելու են այդ բոլոր ուժերի ներկայացուցիչները, եւ նրանք պատասխանատու են լինելու ընտրողների գրանցման, քվեաթերթիկների հատկացման համար, ունենալու են վերահսկողական մեխանիզմներ: Սա նշանակում է, որ մենք հրաժարվում ենք վստահված անձի ինստիտուտից: Համարում ենք, որ մասնակիցները ոչ թե պետք է լինեն վստահված անձինք, որոնք որոշակի իրավունքներ ունեն, այլ նրանք անմիջականորեն պետք է իրականացնեն ընտրական գործընթացը: Երկու մոդելներն էլ ունեն դրական ու բացասական կողմեր, եւ փորձագետների հետ քննարկման ժամանակ կփորձենք վեր հանել, թե որ մեկն է առավել հարմար Հայաստանին՝ զարգացման այս փուլում»:
Հարցին, թե ծանո՞թ է արդյոք «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի 11 կետանոց համատեղ նախագծին, որն ամռանը ներկայացվել է Վենետիկի հանձնաժողովին՝ Դավիթ Հարությունյանն այսպես արձագանքեց. «Որքան հասկացա՝ դա նախագիծ չէր, այլ հարցադրումներ էին, որոնց հարկ են համարում ուշադրություն դարձնել: Կարծում եմ, որ դրանք, իհարկե, ենթակա են քննարկման»: Այսինքն՝ հնարավոր համարո՞ւմ է, որ իր եւ ընդդիմության նախագծերը կարող են միավորվել, թե՞ անհնար է այս հարցում լայն փոխհամաձայնությունը՝ հարցին էլ պատասխանեց. «Ես ոչ միայն հնարավոր եմ համարում, այլեւ անհրաժե՛շտ եմ համարում այդ փոխհամաձայնությունը: «Ընտրական օրենսգիրքն» այն օրենքն է, որը միայն կոալիցիայի աշխատանքի արգասիքը չպետք է լինի, այլ պետք է ձեռք բերվի հնարավորինս լայն կոնսենսուս: Դրանով է պայմանավորված աշխատանքի բաժանումը երկու փուլերի՝ մենք նախ փորձագետների հետ կաշխատենք, որից հետո անպայմա՛ն աշխատելու ենք քաղաքական բոլոր ուժերի հետ, որոնք պատրաստակամ են կառուցողական քննարկել այդ նախագիծը»:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ին Հայաստանի իշխանությունների ներկայացրած ժամանակացույցի համաձայն՝ նախատեսվում է «Ընտրական օրենսգրքի» վերջնական նախագիծն ԱԺ մշտական հանձնաժողովին ներկայացնել 2010 թվականի հոկտեմբերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել