Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի քննարկումն ընդամենը հետաձգվել է, եւ նախկին պաշտոնյաները ՀՀ ԱԳՆ-ին խորհուրդ են տալիս աշխատել 365 օր:
«Այսպիսով, մենք ժամանակ ենք շահում՝ հասկանալու համար, թե հետագայում ինչ պետք է անենք: Մենք ընդամենը «թայմ-աուտ» ենք ստացել եւ ոչ ավելին: Փաստորեն, Ադրբեջանը ոչ թե հանեց հարցը ՄԱԿ-ի օրակարգից, այլ ընդամենը տեղափոխեց հաջորդ նստաշրջան: Դա նշանակում է, որ հարցը դամոկլյան սրի պես կախված է Արցախի եւ Հայաստանի գլխին՝ քանի դեռ Երեւանն ու Ստեփանակերտը Սփյուռքի լոբբիստական կազմակերպությունների, ավանդական կուսակցությունների եւ մեզ բարեկամ երկրների օգնությամբ գործնական դաշտ չեն տեղափոխել Արցախի միջազգային ճանաչման գործընթացին ուղղված քայլերը»,- «Առավոտի» հետ զրույցում երեկ ասաց ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի քննարկմանն Ադրբեջանի կողմից ներկայացված՝ «Ադրբեջանի գրավյալ տարածքներում մարդու իրավունքների ոլորտում միջազգային հումանիտար իրավունքի եւ միջազգային ստանդարտների նորմերի պահպանումը» բանաձեւի հետկանչմանը: Այդ առիթով ՀՀ արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության տարածած հայտարարությունում էլ ասված է. «Շնորհակալ ենք ՄԱԿ-ի անդամ բոլոր այն երկրներին եւ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին, որոնք իրենց դիրքորոշմամբ կանխեցին Ադրբեջանի փորձերը՝ շեղել եւ վնաս հասցնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին՝ թույլ չտալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի կողմից ներկայացված ապակառուցողական բանաձեւի ընդունումը»: ՀՀ ԱԳՆ-ն նաեւ ընդգծում է, որ «Ադրբեջանը պետք է զերծ մնա Մինսկի խմբի շրջանակներում ընթացող կարգավորման գործընթացը այլ հարթակներ տեղափոխելու շարունակական փորձերից, սադրիչ ու ռազմատենչ հայտարարություններից եւ գործողություններից, որպեսզի բանակցային գործընթացը առավել կառուցողական եւ արդյունավետ ընթացք ունենա»: Իսկ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն «Առավոտի» հետ զրույցում նկատեց, որ «սա հաջողություն էր նախեւառաջ բանակցային գործընթացի համար, քանի որ բանաձեւի ընդունումը կվնասեր գործընթացին: Ճիշտ է, չէր ազդի Հայաստանի, Արցախի, նաեւ համանախագահների դիրքորոշման վրա, բայց բանակցային գործընթացին վնաս կհասցներ»: Արտգործնախարարությունը բացառում է նաեւ Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի եւ համանախագահների դաշտային առաքելության կապը: Մինչդեռ փորձագետները հակառակն են պնդում: Մասնավորապես, ՀՀ նախկին արտգործնախարար, ՄԱԿ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ բանաձեւի քննարկումը հետաձգելու եւ տարածաշրջան փաստահավաք խումբ ուղարկելու ԵԱՀԿ-ի նախաձեռնության միջեւ կապ տեսնում է: Ավելին, նա ընդգծել է, որ դա բանաձեւի կարեւոր տարրերից մեկն էր:
ՀՀ արտաքին գերատեսչությունում ոչ հրապարակավ խոսում են այն մասին, որ սա «փայլուն հաղթանակ էր», որ «բանաձեւն այսպիսով մեռավ» եւ համանման բաներ: Նկատենք, սակայն, որ փայլուն հաղթանակ տոնելը դեռ վաղ է: 2004 թվականին ՄԱԿ-ի օրակարգ ընդգրկվեց «Իրադրությունը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» հարցը, որի շուրջ առաջացած աժիոտաժի կոմպրոմիսային տարբերակ ընտրվեց 2005-ին Փաստահավաք խմբի առաքելությունը: Այսինքն՝ այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանը պաշտոնապես իր հավակնությունները սկսեց ցուցաբերել հենց այդ պահից սկսած, եւ միջազգային տվյալ կառույցում, ըստ էության, ցանկացած պահի կարող է որեւէ համանման բանաձեւ դնել շրջանառության մեջ: Եվ մինչ հայկական դիվանագիտական միտքը դատարկ տեղը «փայլուն հաղթանակներ» է տոնում՝ միջազգային տարբեր կառույցներում, իշխանական քաղաքական գործիչների որակմամբ՝ «թղթի կտոր», բանաձեւեր են ընդունվում, որոնք, ըստ էության, թուլացնում են Հայաստանի դիրքերը: Փոքր հաղթանակ, թերեւս, կարելի էր որակել այն, որ Ադրբեջանն այդ բանաձեւը հանեց օրակարգից, բայց այն ընդամենը տեղափոխվել է հաջորդ նստաշրջանի քննարկմանը:
Այս առիթով, ըստ tert.am-ի, Ալեքսանդր Արզումանյանը երեկ ասել է. «Երբ ՄԱԿ-ում Ադրբեջանի պատվիրակությունը 2008թ. սկզբին ակտիվորեն առաջ էր քաշում այս բանաձեւը, Հայաստանում ընտրությունների կեղծիք էր իրականացվում, սպանդ ժողովրդի նկատմամբ, եւ արտգործնախարարության միակ գործառույթն այդ օրերին PR ապահովելն էր ապօրինի իշխանություններին, դրա համար էլ աչքաթող են արել: Հիմա՝ երկու տարի անց, ասում ենք՝ ինչպե՞ս եղավ, որ եղավ»: Նախկին նախարարին զարմացրել է նաեւ «հաղթանակ» որակումը. «Ընթանում է ՄԱԿ-ի ԳԱ 64-րդ նստաշրջանը, որն այսօր երեկոյան կփակվի, կսպառի օրակարգը, իսկ երեքշաբթի կբացվի հերթական՝ 65-րդ նստաշրջանը: ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը երեկ ընդամենը հայտարարել է, որ առաջարկում է տեղափոխել քննարկումը ՄԱԿ-ի 65-րդ նստաշրջան: Այսինքն՝ հարցն օրակարգում է հաջորդ երեքշաբթի օրվանից, եւ մինչեւ հաջորդ սեպտեմբերի երկրորդ երեքշաբթին այդ հարցը նորից դամոկլյան սրի պես կախված է լինելու մեզ վրա»: Իսկ այս տեղափոխությունն, ըստ նրա, մի բան է նշանակում՝ Ադրբեջանը հարցի քննարկումը ցանկանում է իրականացնել ավելի նպաստավոր ժամանակաշրջանում, քանի որ այն, ինչ ուզում էր հիմա, այս պահին ստացել է: