Թբիլիսի՝ Խոջիվանք ուխտագնացությունից հետո արդեն Հայաստանում գտնվող Թումանյանի ժառանգները հյուրընկալվեցին Հյուսիսային համալսարանում: 2-րդ տարին է՝ բուհում գործում է թումանյանական Վերնատունը՝ մեծ բանաստեղծի կյանքի եւ գրական ժառանգության ուսումնասիրության կենտրոնը: Այստեղ հյուրերին ներկայացրեց համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը՝ առանձնահատուկ կարեւորելով Թումանյանի խոհափիլիսոփայական դասերը ուսանողների կրթության եւ դաստիարակության գործում: Համալսարանի ուսանողները Թումանյանի ժառանգներին ներկայացրին հատվածներ իրենց բեմադրություններից, բանաստեղծի պոեզիայից: Թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանը Թումանյանի ժառանգների հայաստանյան այս այցը պատմական համարեց՝ կարեւորելով այն շփումները, որոնք կլինեն այս օրերին, քանի որ Հայաստան են եկել բոլորը՝ ահել թե ջահել, 80-ամյա Սուրմա Թումանյանից մինչեւ մի քանի տարեկան երեխաները:
Շատ հուզված թոռնուհին՝ Սուրմա Թումանյանը, որը մասնագիտությամբ բժիշկ է եւ ապրում է Սանկտ Պետերբուրգում, նշեց, որ ինքը փառավորվում է այն համաժողովրդական հարգանքով, որ ունի պապը Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս: «Հիմա էլ գիտեմ՝ գրքեր են հրատարակվում, ուսումնասիրություններ կատարվում, շատ հետաքրքիր է Իրմա Սաֆրազբեկյանի նոր գիրքը՝ «Թումանյանի ընտանիքի կյանքի էջերից»,- ասաց նա,- թումանյանական փառատոներ կան, վերադարձ է կատարվում թումանյանական ավանդույթներին: Սա ցույց է տալիս, որ Թումանյանը բոլոր ժամանակներինն է»: Ներկաներին դիմեց նաեւ «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Սերգո Երիցյանը՝ ընդգծելով, որ նման հանդիպումները շատ կարեւոր են հենց երիտասարդների, տվյալ դեպքում՝ ուսանողների համար, գնահատելի է այն ոգեւորությունը, որ ունեն համալսարանի ուսանողները:
Այս օրերին Թումանյանի ժառանգներին հետաքրքիր հանդիպումներ են սպասվում, իսկ վաղը՝ սեպտեմբերի 11-ին, սկիզբը՝ ժամը 12-ին, տեղի կունենա «Թումանյանի օրը» ժողովրդական տոնախմբությունը Դսեղում, իսկ հաջորդ օրերին նրանք կլինեն Լոռվա թումանյանական վայրերում եւ պատմաճարտարապետական հուշարձաններում: